Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը France 24-ին տուած հարցազրոյցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւնները, որը Արցախի առաջնորդներին համեմատել էր նացիստական յանցագործների հետ։
«Նացիստական առաջնորդ հէնց Ալիեւն է։ Նա եւ նրա ռեժիմը գործել են յանցագործութիւններ մարդկութեան դէմ եւ իրագործել են մեր ժողովրդի ցեղասպանութիւնը», — ասել է Բեգլարեանը։
2025 թուականի փետրուարին France 24-ին տուած հարցազրոյցում Իլհամ Ալիեւը, պատասխանելով Արցախի առաջնորդներին ներում շնորհելու հնարաւորութեան մասին հարցին, ասել էր.
«Գիտեք, այդ մարդիկ լուրջ յանցագործութիւններ են գործել մարդկութեան դէմ: Պատկերացրեք Նիւրնբերգեան դատավարութիւնը Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, եւ դրա աւարտից երկու ամիս անց, երբ նացիստական բոլոր ղեկավարներին մահապատժի են դատապարտում, ինչ-որ մէկը գալիս եւ խնդրում է ազատ արձակել նրանց»։
Արտակ Բեգլարեանը նշել է, որ 2025 թուականի օգոստոսին ԱՄՆ միջնորդութեամբ ձեռք բերուած պայմանաւորուածութիւններում «ոչինչ չի ասւում Լեռնային Ղարաբաղի 150 000 բնակիչների իրաւունքների, անվտանգութեան կամ կարգավիճակի մասին»։
«Հայաստանի վարչապետը յայտարարում է, որ մենք պէտք է մոռանանք մեր վերադարձի մասին։ Դա աբսուրդ է», — ընդգծել է Արտակ Բեգլարեանը։
