Եւրոպական խորհրդարանն Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ գերիներին

Եւրոպական խորհրդարանն Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ գերիներին

Եւրոպական խորհրդարանն Ադրբեջանին վերաբերող բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումները եւ պահանջում անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարութեանը։

«Եւրոպական խորհրդարանը կրկին իր խոր մտահոգութիւնն է յայտնում Ադրբեջանում հայ քաղբանտարկեալների եւ ռազմագերիների, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակուող կալանաւորման կապակցութեամբ, կոչ է անում անհապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակել նրանց եւ յարգել նրանց հիմնարար իրաւունքները»,– ասուած է բանաձեւում։

Բանաձեւն ընդունուել է 492 կողմ եւ 23 դէմ ձայներով։ Հայ գերիների վերաբերեալ դրոյթները վերջնական տեքստում ներառուել են բանաձեւի համահեղինակ, Եւրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամաւոր Մարինա Մեզիւրի ջանքերի շնորհիւ։

Քուէարկութիւնից յետոյ Մեզիւրը խիստ քննադատել է Եւրամիութեանը՝ Ադրբեջանին ուղղուած իր բազմակի դատապարտումները կոնկրետ գործողութիւններով չամրապնդելու համար։ Նա զգուշացրել է, որ վտանգուած է ԵՄ-ի վստահելիութիւնը, եւ կոչ արել Եւրամիութեան ղեկավարութեանը Բաքուի հետ բոլոր յարաբերութիւնները խստօրէն պայմանաւորել մարդու իրաւունքների պահպանմամբ։

Նշւում է, որ Եւրոպական խորհրդարանը ցաւում է ԵՄ ներկայացուցիչների կողմից Ադրբեջան կատարած վերջին բարձր մակարդակի այցելութիւնների ժամանակ քաղբանտարկեալների հարցերը հրապարակայնօրէն չբարձրաձայնելու եւ նրանց ազատ արձակումը չպահանջելու համար։ Զգուշացնում է, որ նման լռութիւնը կարող է խաթարել ԵՄ մարդու իրաւունքների քաղաքականութեան հեղինակութիւնը։

Պնդում է, որ ԵՄ-Ադրբեջան յարաբերութիւնների հետագայ խորացումը պայմանաւորուած լինի քաղաքական դրդապատճառներով ձերբակալուած անձանց անհապաղ ազատ արձակմամբ եւ անկախ լրատուամիջոցների, քաղաքացիական հասարակութեան եւ քաղաքական ընդդիմութեան նկատմամբ ճնշումների դադարեցմամբ։

Կոչ է անում Ադրբեջանին լիովին կատարել ՄԻԵԴ-ի որոշումները քաղաքական դրդապատճառներով հետապնդումների վերաբերեալ։

Share