ԵԽ-ն Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը եւ յարգել հայկական ժառանգութիւնը պաշտպանելու յանձնառութիւնը

ԵԽ-ն Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը եւ յարգել հայկական ժառանգութիւնը պաշտպանելու յանձնառութիւնը

Եւրոպական խորհրդարանը յունիսի 7-ին Թուրքիայի վերաբերեալ զեկոյց է ընդունել, որում յորդորել է այդ երկրին ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, յարգել հայկական մշակութային ժառանգութիւնը պաշտպանելու իր յանձնառութիւնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, զեկոյցում, որն ընդունուել է 448 կողմ, 67 դէմ եւ 107 ձեռնպահ ձայներով, անդրադարձ է կատարուել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած վերջին ջանքերին: Մասնաւորապէս, նշուել է, որ ԵԽ-ն «ողջունում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ  վերջին մերձեցման գործընթացը՝ կապուած երկկողմ շփումներ սկսելու որոշման, յատուկ ներկայացուցիչներ նշանակելու, երկու երկրների միջեւ թռիչքները վերսկսելու հետ: «ԵԽ-ն այս փորձը համարում է խիստ դրական զարգացում, որը դրական ազդեցութիւն կ’ունենայ տարածաշրջանի բարեկեցութեան ու անվտանգութեան վրայ, ԵԽ-ն յորդորում է կողմերին առաջ տանել այս ջանքերը՝ հանուն իրենց յարաբերութիւնների լիակատար կարգաւորման ու կոչ է անում ԵՄ-ին ակտիւօրէն աջակցել այս գործընթացին»,- ասւում է զեկոյցում:

Եւրապատգամաւորները յորդորել են Թուրքիային «ճանապարհ հարթել թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ իրական հաշտեցման համար՝ ներառեալ Հայոց ցեղասպանութեան հարցի կարգաւորումը, եւ լիարժէքօրէն յարգել հայկական եւ այլ մշակութային ժառանգութիւնը պաշտպանելու իր պարտաւորութիւնները»: Զեկոյցի հեղինակները յոյս են յայտնել, որ դա կարող է դառնալ ուղի՝ Հարաւային Կովկասում յարաբերութիւնների կարգաւորման համար: ԵԽ-ն, յղում անելով Հայոց ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցին՝ 2015 թուականի ապրիլի 15-ին կառոյցի կողմից ընդունուած բանաձեւին, հերթական անգամ յորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը:

Զեկոյցում նշուել է նաեւ, որ թէպէտ Թուրքիան բազմիցս յայտարարել է ԵՄ անդամ դառնալու նպատակի մասին, այդուհանդերձ, վերջին երկու տարիների ընթացքում երկիրը հետեւողականօրէն հետ է կանգնել անդամակցութեան գործընթացի հետ կապուած իր պարտաւորութիւններից: Զեկոյցում ընդգծուել է նաեւ Թուրքիայում մարդու իրաւունքների շարունակական ոտնահարումների փաստը:

ԵԽ պատգամաւորները նաեւ յորդորել են պաշտօնական Անկարային բարեխղճօրէն մօտենալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շուեդիայի դիմումներին՝ կոչ անելով զերծ մնալ այս գործընթացում անհարկի ճնշում գործադրելուց:

https://armenpress.am

Share