Ամրոցի դարպասները բաց են, եւ սա ֆիլմ չէ

Ամրոցի դարպասները բաց են, եւ սա ֆիլմ չէ

Երեկուանից Հայաստանում լրիւ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը չէ, ոստիկանական վայրագութիւնները չէն, նոյնիսկ հայկական դպրոցի դիմաց տնկուելիք ծառերը չէն, որոնք մեր երեխաներին պէտք է պաշտպանէն ադրբեջանցիներից (կեանքը ցոյց տուեց, որ քաղաքական կոպիտ սխալների պարագայում նոյնիսկ Մռով լեռն ու Շուշիի անհաս բարձունքը չէն կարողանում պաշտպանել)։
Հարցը Հայաստանի, մեր բոլորի յետագայ կեանքն է, մեր քաղաքների ու գիւղերի, մեր ընտանիքների ապագան։ ՄԵԿ հոգին որոշել է, որ ինքը եթէ շրջապատուի ոստիկանական զօրքերով, ունի իրաւունք որոշելու բոլորի ճակատագիրը։ Սա է հարցը։
Նոր իրավիճակում շատ շատերի ուշադրութիւնը կամ յոյսը Բագրատ Սրբազանն է, եւ նա իհարկէ, հոգեւորականին վայել իր խաղաղութեամբ ու կամքով վաստակել է այդ իրաւունքը։ Բայց դա չի նշանակում, որ մենք մեր կեանքերին պէտք է որպէս ֆիլմ նայենք՝ սպասելով, թէ ինչ կ’անի գլխաւոր հերոսը, ինչ կը լինի յաջորդ սէրիայում։ Եթէ այդպէս վերաբերուեցինք, միանգամից ասեմ. կը լինի այն, ինչը եղաւ Արցախում։ Յուսադրող պատասխան մի սպասեք։ Եթէ որեւէ քաղաքացի կամ միաւոր ցանկանում է իրեն պահել, որպէս դիտորդ-հեռուստադիտող, ապա այս ընթացքը թող իր մտքում ունենայ։ Սա ֆիլմ չէ, սա մեր կեանքն է։
Նոր ստեղծուած իրականութեան մէջ Բագրատ Սրբազանի առաջնահերթ գործը պէտք է լինի իր խաղաղ հանդիպումները տարբեր մարդկանց հետ։ Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, նա կարող է գնալ բուհեր, ստեղծագործական միութիւններ, ԱԺ, կուսակցութիւններ, խմբակցութիւններ, հեռուստաընկերութիւններ, համերգասրահներ, սրճարաններ, քայլել մեր քաղաքների փողոցներով։ Այդ ամէնը՝ խաղաղ ու հանդարտ՝ ճշմարտութեան եւ ներքին հաշտութեան՝ թափ առնող կարգախօսով։

Մեր անելիքը

Մեր անելիքը պէտք է լինի այդ հանդիպումները կազմակերպելը, այդ դռները ներսից բացելը։ Կրկնում եմ՝ Սրբազանի առաջ Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել։ Իսկ Եթէ տեխնիկապէս ինչ-որ մէկը կողպի ինչ-որ դուռ, ապա մենք բորենու նման ռադիօտան յայտնի դռան պէս չպիտի այն ջարդէնք, այլ հանգիստ, խաղաղ խօսքով բացենք դրանք, որովհետեւ նպատակները այլն էին՝ այն ժամանակ՝ իշխանութիւն, հիմա՝ փրկութիւն։ Բանական խօսքի համար ներքին բոլոր դռները պէտք բաց լինէն, որովհետեւ ՄԵԿ հոգին մեր երկրի բոլոր դռները բացել է թշնամու առաջ։ Ամրոցի դարպասները բացել է։
Հասարակութեան հետ բաց խօսակցութեան թեման պէտք է լինի վաղուայ նկարագրութիւնը, թէ ինչպե՞ս ենք պատկերացնում ամենամօտ վաղը։ Այդ թեմաներից են.

1. Մոտ ապագայում ձեւաւորել նոր՝ «բոլոր ունակների» իշխանութիւն։ Մարդիկ, ովքեր ունեն ունակութիւն, կամք՝ աշխատելու եւ վերցնելու պատասխանատուութիւն, պէտք է ստանան այդ հնարաւորութիւնը՝ անկախ կուսակցական կամ այլ պատկանելութիւնից։
2. Երկրում գերիշխելու է ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնուած արդարութեան սկզբունքի վրայ։
3. Պետական կառավարման համակարգը, քաղծառայողների համակարգը շարունակելու են իրենց կայուն աշխատանքը։
4. Հայաստանը յանձնառու է շարունակել խաղաղ բանակցութիւնները Ադրբեջանի, Թուրքիայի հետ՝ կայուն եւ իրական խաղաղութիւն հաստատելու համար։
5. Հայաստանը յայտարարում է դէ-էսկալացիայի քաղաքականութիւն՝ երկրի սահմաններին եւ երկրի ներսում։ Հայաստանը մտնում է հետպատերազմեան զարգացման փուլ, որը ենթադրում է նոր արդար բարքեր, նոր ժամանակակից պետութեան կազմաւորման հայեցակարգ։

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Share