Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դէմ պետական մակարդակի այլատեացութեան դրսեւորում է․ Եւրոպայի Հայ դատի գրասենեակ

Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դէմ պետական մակարդակի այլատեացութեան դրսեւորում է․ Եւրոպայի Հայ դատի գրասենեակ

ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակը կոչ արել Եւրամիութեան ղեկավարութեանը Հայաստանի դէմ Ադրբեջանի յարձակումը յստակ դատապարտող դիրքորոշում դրսեւորել։

«Մենք ակնկալում ենք, որ դուք անեք ձեր ուժերի ներածին չափով հնարաւոր ամէն բան դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան, որը Հայաստանի դէմ պետական մակարդակի այլատեացութեան եւ Ադրբեջանի ծաւալապաշտական քաղաքականութեան յստակ ցուցադրութիւն է։ Մարդկային կեանքն անգնահատելի է՝ լինի դա Ուկրաինայում, թէ Հայաստանում։ Որպէս ԵՄ քաղաքացիներ՝ մենք հաւատացած ենք, որ Ալիեւի նման բռնապետը չի կարող գնել լռութիւնը կամ արժանապատուութիւնը՝ ԵՄ-ին շատ փոքր ծաւալով գազի պոտենցիալ մատակարարման դիմաց»,- այդ մասին ասւում է ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի յայտարարութեան մէջ։

Գրասենեակից կոչ են արել Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգութեան քաղաքականութեան հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, Եւրայանձնաժողովի նախագահ Ուրսուլայ Ֆոն դեր Լայենին, Հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյուոյ Կլաարին կանգնել մարդկային կեանքի, արժանապատուութեան կողքին՝ ընդդէմ Ալիեւի աւտօրիտար ռեժիմի, որը ռիսկի է ենթարկում ապակայունացնելու ողջ տարածաշրջանը։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի եւ Ջերմուկի ուղղութեամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիւ կրակ վարել հայկական դիրքերի ուղղութեամբ, կիրառուել են նաեւ ԱԹՍ-ներ:

ՊՆ հաստատուած տուեալներով՝ հայկական կողմն ունի 49 զոհ:

ժամը 14։00-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատուածներում շարունակում է ծայրահեղ լարուած մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնաւորապէս՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղութեամբ։

Share