Բաքուի դատարանում հրապարակուած «դատաւճիռը» արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի ոչնչացման վերջին հարուածն էր. Վազգէն Մանուկեան

Բաքուի դատարանում հրապարակուած «դատաւճիռը» արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի ոչնչացման վերջին հարուածն էր. Վազգէն Մանուկեան


ԱԺՄ նախագահ Վազգէն Մանուկեանը նոր որակի համախմբման կոչով է հանդէս եկել՝ պայքարելու Բաքուի դատարանի կողմից հայ գերիների «դատաւճռի» դէմ.

«Աւարտուեց Բաքուի շինծու «դատավարութիւնը»՝ «խաղաղութեան» ու «եղբայրութեան» զաւեշտալի մրցանակաբաշխութեան ֆոնին։

2020 թ․ նոյեմբերի 9-ի պայմանագրի կնքումից յետոյ Ադրբեջանի ղեկավարութեան պահուածքը Արցախի բնիկ հայ ժողովրդի նկատմամբ (խոշտանգումներ, շրջափակում, ռազմական գործողութիւններ, հայաթափում, գերեվարութիւններ) ցոյց են տալիս, որ 1988 թ․, Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի կողմից օրինական ձեւով իր ինքնորոշման իրաւունքի հաստատումը լիովին արդարացուած էր, քանի որ դա ոչ միայն ազատութեան ձգտում էր, այլեւ միջոց չենթարկուելու կանխատեսուող ցեղասպանութեան ու հայաթափութեան, ինչը տեղի ունեցաւ այժմ։

Ինքնորոշման իրաւունքի իրացման ողջ ճանապարհին ԼՂ ժողովուրդն առաջնորդւում էր Խորհրդային Միութեան եւ միջազգային օրէնքներով։ Մինչդեռ Ադրբեջանը պատասխանում էր ջարդերով, ռազմական գործողութիւններով ու ագրեսիայով, որը Ադրբեջանին բերեց խայտառակ պարտութեան։

Բաքուի դատարանում ս․թ․ փետրուարի 5-ին հրապարակուած «դատաւճիռը» արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի ոչնչացման վերջին հարուածն էր, որը հարուած էր նաեւ Հայաստանի Հանրապետութեանը, ինչպէս նաեւ իրաւական ու մարդասիրական բոլոր միջազգային նորմերին։ Սա հարուած է նաեւ ողջ հայ ժողովրդին եւ ազատում է Ադրբեջանի ձեռքերը հայութեան դէմ յետագայ ագրեսիայի համար։

Եթէ Հայաստանի Հանրապետութիւնն ունի գոնէ նուազագոյն ինքնիշխանութիւն ու արժանապատուութիւն, ապա պարտաւոր է բողոքարկել այդ վճիռը։ Բայց մենք հասկանում ենք, որ այս իշխանութիւնների օրօք դա տեղի չի ունենայ։

Հետեւաբար սա նոր խնդիր է դնում աշխարհով մէկ սփռուած հայութեան առջեւ՝ համախմբուել եւ պայքարել այս անարդարութեան դէմ, որը կործանարար է մեր ժողովրդի համար։

Ես կոչ եմ անում համաշխարհային հայութեանը կազմակերպուել եւ սկսել համախմբուած պայքար Բաքուի այս դատաւճռի դէմ թէ՛ մեր երկրում եւ թէ՛ այն բոլոր երկրներում, որտեղ կայ հայութիւն՝ այդ պայքարի մէջ ներգրաւելով բոլոր հայկական կառոյցները եւ յատուկ կարեւորելով Հայ Առաքելական Եկեղեցու դերը, որը մեծ հեղինակութիւն ունի աշխարհում։

Մենք պարտաւոր ենք ցուցաբերել նոր որակի համախմբում եւ բողոքարկել այդ որոշումը՝ վերահաստատելով Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքը։ Այդ համախմբումն ու պայքարը կը դառնան նաեւ իրական խաղաղութեան հասնելու երաշխիքներից մէկը»։

Share