Հայաստան է ժամանել Սի.Այ.Էյի ղեկավարի տեղակալը

Հայաստան է ժամանել Սի.Այ.Էյի ղեկավարի տեղակալը

Հայաստանի Հանրապետութեան վարչապետն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչութեան ղեկավարի տեղակալ Դեյուիդ Քոհենի գլխաւորած պատուիրակութեանը:

Ինչպէս «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրութիւնից, քննարկուել են ինչպէս Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպէս էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:

Գրասենեակը չի հրապարակել հանդիպման որեւէ լուսանկար՝ ի տարբերութիւն օտարերկրեայ պաշտօնեաների հետ Փաշինեանի դէմ առ դէմ զրոյցների վերաբերեալ իր սովորական մամուլի հրապարակումների:

CIAի տնօրէն Ուիլեամ Բըրնսը 2022 թուականի յուլիսին անակնկալ այցով եղել է Հայաստան։ Նա բանակցութիւններ է վարել Փաշինեանի եւ Հայաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ։ Երկու ամիս անց Գրիգորեանն այցելեց կենտրոնական հետախուզական վարչութեան կենտրոնակայան Լանգլիում, Վիրջինիայ՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ։ Այդ բանակցութիւնների մանրամասները չէն հրապարակուել։

2022 թուականի դեկտեմբերին Գրիգորեանը Լոնդոնում հանդիպել է Բրիտանիայի արտաքին հետախուզական գործակալութեան ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ Մի քանի օր անց Մուրը թռաւ Երեւան՝ Փաշինեանի հետ բանակցութիւնների։ Նոյն երկուսը կրկին հանդիպել են այս տարուայ փետրուարին Միւնխենում անվտանգութեան միջազգային համաժողովի շրջանակներում:

Հայաստանի յարաբերութիւնները Ռուսաստանի հետ զգալիօրէն վատթարացել են վերջին տարիներին, երբ Փաշինեանի կառավարութիւնն ասում է, որ Մոսկուան չի յարգում իր անվտանգութեան պարտաւորութիւնները Երեւանի նկատմամբ եւ ձգտում է աւելի սերտ կապեր ունենալ Արեւմուտքի հետ՝ Հայաստանի արտաքին քաղաքականութեան «դիւերսիֆիկացիայ» անուանմամբ:

Անցեալ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերագրաւումը միայն աւելացրեց լարուածութիւնը երկու վաղեմի դաշնակիցների միջեւ:

Share