Մշակութաժամանցային միջոցառում Արցախի երեխաների համար

Մշակութաժամանցային միջոցառում Արցախի երեխաների համար

«Արարիչ» բարեգործական հիմնադրամն Արցախի երեխաների համար մշակութաժամանցային միջոցառում է կազմակերպել


Յունիսի 9-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» յուշակոթողի հարակից տարածքում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի երեխաների համար կազմակերպուել է մշակութաժամանցային միջոցառում, որը կրում էր «Փօքրիկ արարողը» խորագիրը։

«Արարիչ» բարեգործական հիմնադրամն Արցախի երեխաների համար մշակութաժամանցային միջոցառում է կազմակերպել (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 յունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանն օրհնանքի խօսք է ասել Տեր Ներսես քահանայ Ասրեանը։

Մեզ հետ զրոյցում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Հունան Թադեւոսեանն ասել է, որ ծրագրի նպատակը շրջափակուած Արցախի փոքրիկներին խինդ ու ժպիտ պարգեւելն է՝ մի պահ շեղելով երկրի շուրջ ծաւալուող իրադարձութիւններից:

«Միջոցառումը պէտք է իրականացնէինք յունիսի 1-ին, սակայն անբարէնպաստ եղանակի պատճառով այն կայացաւ այսօր։ Սա մեր փոքրիկների բերանով Արցախի ձայնն աշխարհին լսելի դարձնելու մի տարբերակ է, կոչ միջազգային հանրութեանը, որպէսզի ապաշրջափակէն կեանքի ճանապարհը, որ աշխարհում այլեւս պատերազմներ չլինէն, մի օր դադարեցուի զէնքի արտադրութիւնը, եւ բոլորն ապրէն համերաշխ։ Արցախցի երեխաների ծնողներն իրենց փոքրիկների օրն այս գորշ իրականութիւնից փոքր-ինչ տարբերուող դարձնելու համար ջանք չէն խնայում: Այսօր այդ բեռն իր վրայ է վերցրել «Արարիչ»-ը եւ հետաքրքիր նուէրներով, տօնական ծրագրով փորձել երեխաներին տօն պարգեւել»,-մանրամասնել է Հ. Թադեւոսեանը։

Նա ընդգծել է, որ յունիսի 1-ին «Արարիչ» բարեգործական հիմնադրամը դիմել է միջազգային բոլոր կազմակերպութիւններին, այդ թւում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի բոլոր դեսպաններին, եւ սպասում են նրանց արձագանքին։

Փոքրիկ Ռուդոլֆ Օհանեանը մէզ հետ կիսուել է միջոցառումից ստացած իր տպաւորութիւններով. գոհ է, ուզում է, որ Արցախում յաճախակի իրականացուէն նման ծրագրեր։
«Ես սիրում եմ իմ հայրենիքը։ Երազանքս է ապրել խաղաղ Արցախում։ Թող բացուի Մայր Հայաստանին կապող կեանքի ճանապարհը, եւ մենք կարողանանք գնալ Երեւան, որովհետեւ այնտեղ են մեր հարազատներն ու բարեկամները»,-յաւելել է Ռ. Օհանեանը։

Շուշան Սարգսեանը` որպէս երկու երեխաների մայր, շրջափակուած Արցախից իր կոչն է յղում համայն աշխարհին՝ չանտեսել ծանրագոյն օրեր ապրող Արցախն ու նրա ժողովրդին։

«Աշխարհից պահանջում եմ խաղաղութիւն, որպէսզի մեր երեխաները խաղաղ երկնքի տակ վայելէն իրենց մանկութիւնը։ Մեր իրաւունքն է ապրել մեր տանը, մեր հողում, մեր Արցախում»,-նշել է Շ. Սարգսեանը՝ ընդգծելով նախաձեռնութեան կարեւորութիւնը։ Միջոցառման բոլոր մասնակիցները վեր են բարձրացրել բռունցքները եւ հնչեցրել «Ասենք ոչ պատերազմին», «Ասենք ոչ Արցախի շրջափակմանը», «Ասենք ոչ խախտուած իրաւունքներին» կոչերը։

Արցախի փոքրիկներն իրենց իրաւունքների պաշտպանութեան օրուայ շրջանակներում շրջափակուած հայրենիքից ուղերձ էին պատրաստել` ուղղուած ամբողջ աշխարհին, աւելի հասցէական՝ Միաւորուած ազգերի միջազգային մանկական ճգնաժամային հիմնադրամին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին: Կոչը մէկն էր՝ «Ապաշրջափակել կեանքի ճանապարհը, ապահովել արցախցիների անվտանգութիւնը, սեփական հայրենիքում ազատ ապրելու իրաւունքը»: Եռալեզու կոչը ներկայացրել են Ստեփանակերտի Խաչատուր Աբովեանի անուան համար 1 հիմնական դպրոցի աշակերտներ Անի Պետրոսեանը, Վեաչեսլաւ Համբարձումեանը եւ Անանիայ Շիրակացու անուան ճեմարանի սան Արփի Ասմարեանը։

Այնուհետեւ մեկնարկել է ծրագրի ժամանցային հատուածը: Տարբեր տաղաւարներում ներկայացուել են Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շնորհաշատ սաների աշխատանքները։ Ներկաները շրջել են տաղաւարներով եւ ծանօթացել ցուցադրուած նմուշներին։ Երեխաների ուրախ ժամանցն ապահովելու համար ներգրաւուած էին նաեւ մուլտհերոսներ։ Կազմակերպուել է հիւրասիրութիւն, իսկ ծրագրի աւարտին երեխաներին տրուել են նուէրներ։

artsakhpress.am

Share