Թալինի ղեկավարը մօտ 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերութեան հետ

Թալինի ղեկավարը մօտ 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերութեան հետ

Թալին համայնքի ղեկավար Տաւրոս Սափեյեանն այս տարի երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ։ «Սափեյեան եղբայրներ» ՍՊԸ-ն այս տարի երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ եւ սեղմուած բնական գազ ձեռք բերելու նպատակով յայտարարուած գնումներին, որից երկուսում յաղթող է ճանաչուել։ Ընդ որում, այդ երկու մրցոյթների ժամանակ նա միակ յայտատուն է եղել։ 

Տաւրոս Սափեյեանը հօրեղբօր՝ «Սափեյեան եղբայրներ» ՍՊԸ–ի գործադիր տնօրէն Ժորայ Սափեյեանի հետ պայմանագրերից մէկը կնքել է 2023թ․ յունուարի 3-ին, միւսը՝ այս տարուայ ապրիլի 5–ին։ 

«Սափեյեան եղբայրներ» ՍՊԸ–ն պետական ռեգիստրում գրանցուել է 1999թ․–ին։ Ընկերութիւնում հաւասար բաժեմասէր ունեն Թալին համայնքի ղեկավար Տաւրոս Սափեյեանի հայրը՝ Էդիկ Սափեյեանը եւ հօրեղբայրը՝ Ժորայ Սափեյեանը։  

Տաւրոս Սափեյեանը Թալին համայնքի ղեկավարի պաշտօնը ստանձնել է 2022թ․ հոկտեմբերի 17–ին։ Նա եւ հայրը՝ Էդիկ Սափեյեանը, յայտարարագիր են ներկայացրել 2022թ․–ի համար, որտեղ յիշատակում չկայ ընկերութիւնում հոր ունեցած  50% մասնակցութեան մասին։ Թալինի համայնքապետարանի գնման ընթացակարգը գնահատող յանձնաժողովի նախագահն ու 5 անդամները յայտարարութիւն են ստորագրել, որ իրենք շահերի բախում չունեն այս գնման առնչութեամբ։ Բայց անտեսել են շահերի բախման իրական փաստը՝ համայնքի ղեկավարի ընտանիքին պատկանող ընկերութեանը մրցոյթի յաղթող ճանաչելու հանգամանքը։

Հայաստանում տեղական ինքնակառավարման մակարդակում շահերի բախումը դրսեւորւում է, հիմնականում, ձեռնարկատիրական ոլորտում: Համայնքներում, որպէս կանոն, խանութը, բենզալցակայնը, գազալցակայանը եւ այլ կարեւոր ձեռնարկատիրական օբյեկտներ համայնքի ղեկավարի, նաեւ՝ աւագանու անդամների սեփականութիւնն են:

Լուսանկարը՝ Տաւրոս Սափեյեանի ֆեյսբուքեան էջից

hetq.am

Share