Կարինէ Բախշիեան
«Կարօտիս դէմ ոչինչ չեմ կարողանում անել։ Օրէցօր այն աւելի է ահագնանում, կարծես որոշել է մի վայրկեան անգամ հանգիստ չթողնել ինձ։ Ճիշտ է՝ յիշողութիւններով ապրելն ինձ ապրեցնում է, սակայն միաժամանակ կեղեքում սիրտս։ Երբ մտածում եմ, որ հնարաւոր է՝ այլեւս երբեք չտեսնեմ իմ ծննդավայրը, քանի որ տարիքս արդէն մեծ է, կարօտս հայրենի հողի հանդէպ աւելի է խորանում»,– ասում է զրուցակիցս՝ Արցախի Ասկերանի շրջանից տեղահանուած տիկին Անահիտը։
Համատարած այս կարօտը միահիւսուել է արցախցիների բազմաթիւ հոգսերին ու խնդիրներին՝ աւելի ծանրացնելով առանց այդ էլ դժուար առօրեան։
Անահիտը երկար տարիներ աշխատել է Արցախում՝ դպրոցում։ Այսօր նրա առօրեան լցուած է յիշողութիւններով։ Վաթսունհինգն անց կինը մտաբերում է իր աշակերտներին, յիշում նրանց իւրաքանչիւր քայլը, յաջողութիւններն ու երազանքները։ Ցաւով է խօսում այն տղաների մասին, որոնք զոհուեցին պատերազմներում՝ այդպէս էլ չհասցնելով ապրել։
2020 թուականի 44-օրեայ պատերազմը նրա յիշողութիւններում առանձնայատուկ ցաւով է դրոշմուած։ Այդ օրերին զոհւում էին նաեւ տիկին Անահիտի նախկին սաները։ Իւրաքանչիւր կորուստ նրա համար անձնական ողբերգութիւն էր։
Բազմավաստակ մանկավարժը մինչ օրս չի կարողանում հաշտուել իր հոգում կուտակուած ցաւի հետ։ Սեփական երեխաներ չի ունեցել․ նրա համար աշակերտներն էին զաւակները, նրանց յաջողութիւններն ու երջանկութիւնն էր համարում իր կեանքի կարեւոր ձեռքբերումներից մէկը։
«Ինձ համար Արցախից հեռու ապրելը հաւասար է չապրելուն։ Պարզապէս գոյատեւում եմ։ Եւ հարցը միայն սոցիալական խնդիրները չեն։ Ես արդէն հաշտուել եմ այն մտքի հետ, որ գուցէ երբեք սեփական տանիք էլ չունենամ։ Միայնակ եմ ապրում, երեւի դա է իմ ճակատագիրը։ Բայց սարսափում եմ այն մտքից, թէ ինչ են զգում զոհուած տղաների ծնողները, ինչ ապրումների մէջ են նրանց կանայք ու երեխաները, որոնք մնացել են առանց տուն, անորոշութեան մէջ։
2020 թուականի 44-օրեայ պատերազմի ժամանակ մէկ օր անգամ չեմ լքել Արցախը։ Թիկունքում միւսների հետ աշխատանքներ էինք իրականացնում, հաց էինք թխում, որ հասցնենք զինուորներին։ Երազում էինք յաղթանակի մասին։ Վեց տարի առաջ՝ այս օրերին, ցաւօք, արդէն շատ բան պարզ էր մեզ համար։ Գիտակցում էինք, թէ ինչ աղէտալի աւարտ կարող է լինել։ Եղաւ այն, ինչ եղաւ։
Պատերազմից յետոյ կրկին փորձում էինք ոտքի կանգնել, շտկել մեր կորացած մէջքը… Ու ի՞նչ․․․ Երեք տարի յետոյ ամէն ինչ կորցրինք ու հիմա ապրում ենք այնպէս, կարծես կատարուածն իրականում մեզ հետ չի եղել։ Կարծես մղձաւանջի մէջ լինենք։ Ցաւն ու կարօտը մեզ բաց չեն թողնում»։
Տիկին Անահիտի պատմութիւնը միայնակ ապրող մի կնոջ պատմութիւն է, բայց նրա խօսքերի մէջ հազարաւոր արցախցիների ապրումներն են։ Նրա համար ամենածանրը ոչ միայն սեփական տունն ու հայրենի հողը կորցնելն է, այլեւ այն գիտակցումը, որ գուցէ այլեւս երբեք չկարողանայ վերադառնալ այնտեղ, որտեղ անցել են իր կեանքի ամենակարեւոր տարիները։
Նա ցաւում է զոհուածների, նրանց ծնողների, այրիների ու որբացած երեխաների համար։ Իր մասին խօսելիս կարծես փորձում է փոքրացնել սեփական հոգսերը։ Միայնակ կին է, ասում է՝ կը դիմանայ։ Բայց ի՞նչ ասեն այն հազարաւոր արցախցի ընտանիքները, որոնք հայրենիքը կորցնելուց յետոյ կանգնել են սոցիալական ծանր պայմանների, բնակարանային անապահովութեան, աշխատանքի ու ապագայի անորոշութեան առաջ։
Տիկին Անահիտը դեռ չի ուզում կորցնել յոյսը․ գուցէ մի հրաշք լինի․․․ Արցախը սրտում՝ նա շարունակում է ապրել իր աշակերտներով, յիշողութիւններով, կորուստներով ու վերադարձի յոյսով։
ԱՊԱՌԱԺ
