Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածութեան առաջադրումը ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնում

Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածութեան առաջադրումը ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնում

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամներին եւ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետութիւնների կառավարութիւններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածութեան առաջադրումը ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնում։

Գլխաւոր քարտուղարը պէտք է լինի ՄԱԿ-ի կանոնադրութեան անաչառ պահապանը եւ զանգուածային վայրագութիւնների դէմ առաջին ձայնն աշխարհում։ Պարոն Սինիրլիօղլուի գործունէութիւնը վկայում է հակառակի մասին. տասնամեակներ շարունակ նա առաջ է մղել թուրքական կառավարութեան քաղաքական օրակարգերը, այդ թւում՝ Հայոց ցեղասպանութեան ժխտումը հէնց ՄԱԿ-ում շրջանառուող փաստաթղթերում։

2020 թ. հոկտեմբերի 16-ին, լինելով ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, պարոն Սինիրլիօղլուն ստորագրել է գլխաւոր քարտուղարին ուղղուած նամակ (ՄԱԿ-ի փաստաթուղթ A/75/525–S/2020/1024)։ Դրանում նա պնդում էր, թէ 1915 թ. իրադարձութիւնները ցեղասպանութիւն չեն եղել եւ շարունակում են մնալ «օրինական բանավէճի» առարկայ։ Նա այդ նամակն ուղարկել էր Արցախի դէմ Ադրբեջանի յարձակման երրորդ շաբաթում։ Դրանում նա «անհիմն» էր որակել հակամարտութեան գօտում օտարերկրեայ մարտիկների առկայութեան մասին տեղեկութիւնները, թէեւ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացեալ Նահանգներն արդէն հաստատել էին, որ այնտեղ սիրիացի վարձկաններ են տեղակայւում։ Նամակում նաեւ առանց որեւէ ապացոյցի մեղադրւում էին հայկական Սփիւռքի կազմակերպութիւնները՝ «բարեգործութեան քողի ներքոյ» մարտիկներին ռազմաճակատ տեղափոխելու մէջ։ Երեք տարի անց աւելի քան 100 000 հայ բռնի տեղահանուեց Արցախից։

Սա միակ դէպքը չէր։ 2010 թ., լինելով Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար, պարոն Սինիրլիօղլուն մեկնել է Վաշինգտոն՝ աշխատելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանութիւնը վերահաստատող բանաձեւի դէմ։ Այնուհետեւ նրա նախարարութիւնը Հայաստանի Սահմանադրական դատարանին մեղադրեց հայ-թուրքական արձանագրութիւնների նկատմամբ «նախապայմաններ» առաջադրելու մէջ, ինչը պատրուակ դարձաւ Անկարայի համար՝ կասեցնելու դրանց վաւերացումը։

2026 թ. յուլիսին, լինելով ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար, պարոն Սինիրլիօղլուն զրոյցի ընթացքում, համոզուած լինելով, որ խօսում է ՀՀ վարչապետի հետ, ասել է, որ «կ՚ուսումնասիրի», թէ ինչպէս կարող է ԵԱՀԿ-ն աջակցել Ամենայն Հայոց Կաթողիկոսին պաշտօնանկ անելուն։ Մարդու իրաւունքների եւ կրօնական ազատութեան չորս միջազգային կազմակերպութիւններ դատապարտել են այդ խօսքերը՝ որակելով դրանք նրա պաշտօնի հետ անհամատեղելի, եւ կոչ են արել նրան յետ վերցնել դրանք։

Պարոն Սինիրլիօղլուն ի վիճակի չէ նաեւ ապահովել քաղաքական այն չէզոքութիւնը, որ պահանջում է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնը։ Նա լայնօրէն յայտնի է որպէս նախագահ Էրդողանի մտերիմ վստահելի անձ՝ առաջադրուած անձամբ նրա կողմից։ ՄԱԿ-ի կանոնադրութեան 100-րդ յօդուածն արգելում է գլխաւոր քարտուղարին որեւէ կառավարութիւնից ցուցումներ խնդրել կամ ստանալ։ Մինչդեռ գրեթէ իւրաքանչիւր ճգնաժամում, որով պէտք է զբաղուի յաջորդ գլխաւոր քարտուղարը, նրա սեփական կառավարութիւնը հակամարտութեան կողմ է կամ գլխաւոր դերակատար՝ Կիպրոս, Հարաւային Կովկաս, Սիրիա, Ուկրաինա։ Թուրքիան շարունակում է բռնագրաւուած պահել ՄԱԿ-ի անդամ պետութեան՝ Կիպրոսի տարածքի աւելի քան մէկ երրորդը՝ ի հեճուկս Անվտանգութեան խորհրդի բանաձեւերի։ Միեւնոյն ժամանակ, հէնց գլխաւոր քարտուղարն է, որ պէտք է առաջնորդի այդ հակամարտութիւնների խաղաղ կարգաւորումը։

Ցեղասպանութեան կոնվենցիայի հարցում գլխաւոր քարտուղարը խօսում է ամբողջ աշխարհի անունից։ ՄԱԿ-ը չի կարող ղեկավարուել մի մարդու կողմից, ով ՄԱԿ-ում շրջանառուած պաշտօնական գրութեամբ ժխտել է ցեղասպանութիւնը եւ իր ողջ գործունէութիւնը նուիրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան մասին ճշմարտութիւնը լռեցնելուն։ Նրան ՄԱԿ-ի բարձրագոյն պաշտօնը վստահելը կործանարար ուղերձ կը յղի զանգուածային վայրագութիւններից վերապրածներին ամենուր։

Ուստի մենք կոչ ենք անում՝

1. Անվտանգութեան խորհրդի անդամներին, յատկապէս մշտական անդամներին, չաջակցել պարոն Սինիրլիօղլուի թեկնածութեանը ո՛չ ոչ պաշտօնական քուէարկութիւններում, ո՛չ էլ խորհրդում պաշտօնական առաջադրման ընթացքում։

2. ՄԱԿ-ի բոլոր անդամ պետութիւններին պնդել, որ յաջորդ գլխաւոր քարտուղարն ունենայ ցեղասպանութիւնների կանխարգելման եւ 100-րդ յօդուածով պահանջուող անկախութեան նկատմամբ անվերապահ նուիրուածութեան ապացուցուած անցեալ։

3. Պարոն Սինիրլիօղլուին հրապարակաւ յայտարարել, թէ արդեօք նա շարունակում է պաշտպանել իր 2020 թ. նամակում տեղ գտած՝ Հայոց ցեղասպանութեան ժխտումը, եւ արդեօք յետ է վերցրել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին պաշտօնանկ անելուն աջակցելու իր առաջարկը։

Մենք համերաշխ ենք այն կառավարութիւնների, համայնքների եւ քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների հետ, որոնք մտահոգութիւն են յայտնել այս թեկնածութեան կապակցութեամբ։ Աշխարհասփիւռ հայութեանն ու հայ ժողովրդի բարեկամներին կոչ ենք անում դիմել իրենց երկրների կառավարութիւններին եւ ընտրուած ներկայացուցիչներին։

Հայ դատի կենտրոնական խորհուրդ
Երեւան, 6 նոյեմբերի, 2026 թ.

Share