Գերագոյն հոգեւոր խորհուրդը հրատապ է համարել մօտ ապագայում Եպիսկոպոսաց ժողովի գումարումը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 19-ին կայացած Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովի մասին հաղորդագրութեան մէջ, մասնաւորապէս, ասւում է.
Քննարկման առարկայ դարձան հոգեւորականների ու Եկեղեցու հաւատաւոր զաւակների նկատմամբ իրականացուող ապօրինի հետապնդումները եւ քրէական վարոյթներով իրաւական գործընթացները։ Գերագոյն հոգեւոր խորհուրդը վերահաստատեց իր պահանջը ՀՀ իրաւապահ եւ դատական մարմիններից, որ արդարադատութիւն, օրինականութիւն ապահւուի շինծու մեղադրանքներով ազատազրկուած հոգեւորականների, ազգային բարերարի եւ այլ նուիրեալ հաեորդիների նկատմամբ։ Շեշտուեց, որ Մայր Աթոռը բոլոր հասանելի օրինական միջոցներով պէտք է հետամուտ լինի Եկեղեցու եւ եկեղեցականների իրաւունքների պաշտպանութեանը, եկեղեցապատկան բռնազաւթուած սրբավայրերի վերադարձմանը։
Գերագոյն հոգեւոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանութիւնների, անձամբ վարչապետի միջամտութիւնները Հայոց Եկեղեցու ներքին կեանքին, կանոնական դրոյթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին, վիրաւորում մեր ժողովրդի կրօնական ապրումները եւ ոտնահարում Հայոց Եկեղեցու իրաւունքներն ու դարերով նուիրագործուած աւանդոյթները։
Մասնաւորաբար քննութեան առնուեց նաեւ վարչապետի ներկայութեամբ մատուցուող պատարագներին հարկադրաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների զեղչման հարցը։ Ընդգծուեց, որ սոյն երեւոյթը նոյեմբերի 26-ի եպիսկոպոսաց ժողւում միաձայն դատապարտուել էր որպէս եկեղեցաբանական տեսանկիւնից հակականոնական, որ կարող է յանգեցնել հերձուածի։ ԳՀԽ անդամները տարակուսելի նկատեցին, որ ժողովական որոշմանը կողմ հանդէս եկած որոշ եպիսկոպոսներ յետագայում մասնակից դարձան իշխանութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած աղճատուած արարողութիւններին։
Անդրադառնալով տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին, միաբանութիւնից ինքնամեկուսացմանը եւ ԳՀԽ անդամ եպիսկոպոսների բացակայութեանը ժողովներից՝ ԳՀԽ-ն իր մտահոգութիւնն արտայայտեց վերջիններիս որդեգրած պառակտիչ կեցուածքի առնչութեամբ՝ այն դիտարկելով իբրեւ խախտում նրանց հոգեւոր ուխտի եւ հարուած Եկեղեցու միասնականութեանը։ Գերագոյն հոգեւոր խորհուրդն անընդունելի նկատեց նաեւ եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները եւ դրանց արծարծման կերպերը՝ կարեւորելով, որ նրանք հրաժարուէն պարտադրուած, հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր Եկեղեցու գիրկը՝ առաջնորդուելով բացառապէս եկեղեցական կանոնական ընթացակարգերով։
Ստեղծուած մտահոգիչ, Եկեղեցու եւ նրա աշխարհասփիւռ հօտի համար անցանկալի այս իրավիճակի յաղթայարման հրամայականից ելնելով՝ Գերագոյն հոգեւոր խորհուրդը հրատապ համարեց Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մօտ ապագայում։
Ժողովին առաջարկ ներկայացուեց համապատասխան քայլեր ձեռնարկելու միջազգային կազմակերպութիւնների եւ իրաւապաշտպան կառոյցների հետ գործակցութեան ուղղութեամբ՝ կասեցնելու պետական քարոզչամեքենայի կողմից Եկեղեցու շուրջ առկայ իրավիճակի վերաբերեալ տարածուող թիւր ընկալումները»։
