Բալթիմորի կամրջի փլուզումից յետոյ որոնողական աշխատանքները շարունակւում են, 2 մարդ փրկուել է

Բալթիմորի կամրջի փլուզումից յետոյ որոնողական աշխատանքները շարունակւում են, 2 մարդ փրկուել է

ԱՄՆ Մերիլենդի նահանգի Բալթիմոր քաղաքում բեռնանաւի հարուածի հետեւանքով կամրջի փլուզումից յետոյ մարդիկ ու մեքենաները յայտնուել են գէտում։ Փրկարարները ջրից դուրս են բերել երկու հոգու, որոնցից մէկի վիճակը ծայրահեղ ծանր է։

2,57 կմ ձգուող «Ֆրենսիս Սկոթ Քի» կամուրջը փլուզուել է գիշերը։ Փլուզումը տեղի է ունեցել, երբ բեռնատար մի նաւ կորցրել է ելեկտրականութիւնը և բախուել է կամրջին։  Բալթիմորի իշխանութիւնները հաղորդում են, որ գէտն է ընկել առնուազն 7 մեքենայ, սակայն նրանց յստակ թիւն առայժմ հնարաւոր չէ ասել։

Աւելի վաղ Բալթիմորի հրշէջ ծառայութիւնից Reuters-ին յայտնել էին, որ գէտում կարող է լինել 20 մարդ եւ բազմաթիւ մեքենաներ, իսկ որոնողական գործողութիւնը կարող է տեւել մի քանի օր։

Մերիլենդի նահանգապետն արտակարգ դրութեան ռեժիմ է յայտարարել՝ դաշնային ռեսուրսներն աւելի արագ մոբիլիզացնելու համար։

Բալթիմորի ոստիկանութիւնից յայտնել են, որ միջադէպն ահաբեկչութեան նշաններ չի պարունակում։

Կամրջի փլուզման մասին ահազանգեր են ստացուել տեղի ժամանակով 1։30-ի սահմաններում։ Կամրջին հարուածել է Սինգապուրի դրօշի ներքոյ նաւարկող «Դալի» բեռնանաւը։ «Ֆրենսիս Սկոթ Քի» կամուրջը կրում է ԱՄՆ օրհներգի տեքստի հեղինակի անունը։ Կամուրջը բացուել էր 1977 թուականին։

Share