«Վերադարձ»-ի հովանու ներքոյ կարող են Հայաստանի Հանրապետութեան տարածք մուտք գործել ադրբեջանցիներ. Սիրանուշ Սահակեան

«Վերադարձ»-ի հովանու ներքոյ կարող են Հայաստանի Հանրապետութեան տարածք մուտք գործել ադրբեջանցիներ. Սիրանուշ Սահակեան

«Առաւոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակեանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է «հայելային» մօտեցում իրականացնել արցախցիների վերադարձի իրաւունքի առնչութեամբ. «Չնայած խնդիրն այս պահին իրականում ունի միակողմանի բնոյթ։ Ինչպէս գիտեք, Եւրոպական դատարանում մենք ունէինք Շահումեանից բռնի տեղահանուած հայի իրաւունքի վերականգնման վճիռ, որն առ այսօր կատարուած չէ, եւ ունէինք Հայաստանի դէմ՝ Լաչինի հետ կապուած վճիռ»:

Նշէնք, որ խօսքը մի դէպքում «Չիրագովը եւ այլք ընդդէմ Հայաստանի» գործի մասին է, որը վերաբերում է Ադրբեջանի վեց քաղաքացիների սեփականութեան իրաւունքներին, որոնք Արցախեան առաջին պատերազմի ընթացքում փախել են Լաչինի շրջանի իրենց տներից: Իսկ միւսը «Սարգսեանն ընդդէմ Ադրբեջանի» գործն է, որը վերաբերում էր հայ փախստականի բողոքին առ այն, որ 1992թ. Շահումեանը հարկադիր կերպով լքելուց յետոյ այնտեղ կորցրել է իր գոյքն ու ունեցուածքը:

«Երկար ժամանակ Ադրբեջանն այս վճռի կատարումը կախուածութեան մէջ էր դնում Չիրագովի վճռի կատարուածութիւնից, ասելով, որ խնդիրը հայելային է, երկկողմանի, եւ երկկողմանի լուծումներ պիտի ստանայ:

Հիմա խնդիրը դարձել է միակողմանի, «Չիրագովը եւ այլք ընդդէմ Հայաստանի» գործով իրաւունքի վերականգնումը կախուած չէ Հայաստանի իշխանութիւններից: Բայց խնդիրն իր լուծումը չի ստանում, եւ «հայելային» պատկեր ստանալու համար Ադրբեջանն արդէն Հայաստանի Հանրապետութիւնից ինչ-որ խմբերի վերադարձի հարցն է առաջ քաշում»,- ասաց Սիրանուշ Սահակեանը:

Համաձայնութիւն յայտնելով իր զրուցակցի պնդմանը, որ Ադրբեջանի քաղաքականութիւնը զաւթողականութիւնն է՝ «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի» ղեկավարն ասաց. «Վերադարձի իրաւունքին «հայելային» պատկեր տալը կանխում է արցախցիների վերադարձի իրաւունքի հնարաւորութիւնները եւ փորձում է միջազգային օրակարգն այլ հունով շեղել, ինչն այս իրաւունքը կը դարձնի պատրանքային, ոչ թէ գործնական։

Կարծում եմ, այդ զաւթողականութեան տարրերից մէկն է, երբ «վերադարձ»-ի հովանու ներքոյ կարող են Հայաստանի Հանրապետութեան տարածք մուտք գործել ադրբեջանցիներ, ովքեր կարող են անգամ ինքնորոշման իրաւունք իրացնել Հայաստանի Հանրապետութիւնում։ Չմոռանանք, որ այստեղ մի քանի հայեցակարգեր են համադրւում, որոնց վերջնարդիւնքն, այո, Հայաստանի Հանրապետութիւնում իրենց այդ զաւթողական քաղաքականութեան իրացնելն է»:

aravot.am

Share