Արցախի Հանրապետութեան Շուշիի շրջանի Քարի տակ գիւղը Ադրբեջանը լիովին ջնջել է գէտնի վրայից, յայտնել է պատմաբան Տարոն Յակոբեանը։
Գիւղը հիմնադրուել է 1700 թուականների առաջին քառորդում: Այստեղ են տեղափոխուել Բերդաձորի գաւառի Խծաբերդ եւ Դիզակի գաւառի Թաղլար գիւղերից մի շարք գերդաստաններ:
![](https://www.oragark.com/wp-content/uploads/2024/04/Քարին_տակ_-_Qarin_tak-1.jpg)
1992 թուականի յունուարի 26-ին ադրբեջանցիները գիշերը գրոհել էին գիւղը։ Հայերի կողմից Քարինտակի ինքնապաշտպանութիւնը գրագէտ կազմակերպելու շնորհիւ նրանք պարտութեան մատնեցին ադրբեջանական զօրամիաւորումներին եւ ստիպեցին նահանջել՝ թողնելով զէնքը, կրելով 90-ից աւելի կորուստ։ Այդ օրը նշւում է որպէս Քարին տակի ճակատամարտի օր։ Ադրբեջանցիները անուանեցին գիւղը «Արիւնոտ ձոր»։
![](https://www.oragark.com/wp-content/uploads/2024/04/Karintak_NKR_June_2015-2-1024x768.jpg)
2020 թուականի պատերազմի հետեւանքով գիւղը հայաթափուել եւ անցել է Ադրբեջանի զինուած ուժերի վերահսկողութեան ներքոյ։
Իր գրառման վերջում պատմաբանն աւելացրել է՝ Յիշեցի Հիւգոյի յայտնի խօսքերը. «Այստեղով թուրքերն են անցել, քանզի չորս կողմը սուգ է ու աւեր, ամէն ինչ պղծուած է եւ աւերուած, այստեղով թուրքն է անցել»: