Արցախից յայտնում են՝ Ադրբեջանը ինտեգրացիայ է պահանջում

Արցախից յայտնում են՝ Ադրբեջանը ինտեգրացիայ է պահանջում

Բաքու-Ստեփանակերտ երկխօսության շուրջ համաձայնութիւն չկայ

Վաշինգտոնում այս շաբաթ տեղի ունեցած հայ — ադրբեջանական եռօրեայ բանակցութիւնների աւարտին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարութիւնները առանց յստակ մանրամասների յայտարարեցին, որ Երեւանի եւ Բաքուի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են յետագայ աշխատանք:

Աւելի ուշ Հայաստանի արտգործնախարարութեան խօսնակն «Ազատութեանը» փոխանցեց՝ յետագայ աշխատանքը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատմանը, զօրքերի հետքաշմանը եւ Բաքու- Ստեփանակերտ երկխօսութեան միջազգային մեխանիզմի ստեղծմանը։

Միաժամանակ, կողմերը տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյեանն ու Ջեյհուն Բայրամովը շարունակել են առաջընթացը «Խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ուղղութեամբ՝ համաձայնութեան հասնելով եւս մի քանի դրոյթների շուրջ եւ գրանցել փոխըմբռնման առաջընթաց։ Թէ որ հարցերի շուրջ են կողմերը համաձայնութեան հասել, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը դեռ չի մանրամասնում։

Միրզոյեան-Բայրամով բանակցութիւններին մասնակցած ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնն էլ, իր հերթին, առանց մանրամասնելու յայտարարել է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւններում առաջընթաց կայ, բայց վերջնական համաձայնութեան հասնելու համար դեռ շատ աշխատանք կայ կատարելու:

«Կարծում եմ՝ նաեւ յստակ ըմբռնում կայ բոլոր կողմերի մօտ, որ որքան մենք մօտենում ենք համաձայնութեան հասնելուն, որոշ դէպքերում այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնուած են վերջում», — ասել է Բլինքէնը:

Բաքուն մէզ հետ մի թեմայ է քննարկում այսօր՝ ինտեգրացիայի թեման. Արայիկ Յարութիւնեան

Վաշինգտոնում ընթացող բանակցութիւններին զուգահեռ, Արցախի նախագահը երէկ խորհրդարանում պատգամաւորների հետ հանդիպմանն անդրադրաձել է Բաքուից Ստեփանակերտին ներկայացուող պահանջներին։ Մասնաւորապէս, Արայիկ Յարութիւնեանմ ասել է, որ Ադրբեջանը նախապայմաններ է առաջ քաշում՝ պահանջելով լուծարել Պաշտպանութեան բանակը, ապա եւ պետական կառավարման համակարգը, որից յետոյ արդէն գազն ու հոսանքը կը տան, Լաչինի ճանապարհով էլ կը թողնէն գնալ-գալ, բայց որպէս Ադրբեջանի քաղաքացի։ Իր պահանջները պարտադրելու նպատակով, Արայիկ Յարութիւնեանի խօսքով, Բաքուն անընդհատ մեծացնում է ճնշումները։

«Պատճառն արցախեան դելեգացիայի Բաքու այցելելն է, ամէն ինչ անում են դրա համար։ Բաքուն մէզ հետ մի թեմայ է քննարկում այսօր՝ ինտեգրացիայի թեման, երկրորդ թեման չի քննարկում», — ասել է նա։

Արայիկ Յարութիւնեանը եւս մէկ անգամ ընդգծել է՝ Արցախն ունի ինորոշման իրաւունքը իրացնելու հնարաւորութիւն, եւ որեւէ քաղաքական ուժ կամ կառոյց չի կարող այն կասկածի տակ դնել. — «Մեր միջազգային իրաւունքի նորմը ինքնորոշման ոչ մէկը չի կարող մէզ զրկել»։

azatutyun.am

Share