Երեսփոխան Հարապետեան հիմնադրում է Քալիֆորնիայի Նահանգային ժողովի առաջին Ընտրովի յանձնախումբը՝ նուիրուած Քալիֆորնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրի, արուեստի եւ մշակութային փոխանակման զարգացմանը
(ՍԱՔՐԱՄԵՆԹՕ, ՔԱԼԻՖՈՐՆԻԱ) – Քալիֆորնիան Միացեալ Նահանգներում բնակուող ամենամեծ ամերիկահայ համայնքի հայրենիքն է։ Այսօր նահանգային պատգամաւոր Ջոն Հարապետեանը (Դեմոկրատ, Փասատինա) յայտարարեց նոր նախաձեռնութեան մասին, որի նպատակն է այդ խոր մշակութային կապերը վերածել գործարար, կրթական եւ արուեստի ոլորտներում նոր հնարաւորութիւնների։
Հարապետեանը, որը ներկայումս Քալիֆորնիայի օրէնսդիր մարմնում ծառայող միակ ամերիկահայ պատգամաւորն է, հիմնադրել է Քալիֆորնիայի Նահանգային ժողովի պատմութեան մէջ առաջին Քալիֆորնիայի եւ Հայաստանի միջեւ փոխադարձ առեւտրի, արուեստի եւ մշակութային փոխանակման Ընտրովի յանձնախումբը։ Յանձնախումբն այսօր անցկացրել է իր անդրանիկ նիստը, որի ընթացքում ելոյթ է ունեցել Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Աննա Աւետիսեանը՝ ընդգծելով Քալիֆորնիայի եւ Հայաստանի միջեւ գործընկերութեան ամրապնդման կարեւորութիւնը եւ այն նոր հնարաւորութիւնները, որոնց ստեղծմանը կարող է նպաստել այս յանձնախումբը։
Յանձնախումբը մէկտեղելու է գործարարների, կրթական ոլորտի ներկայացուցիչների, արուեստագէտների, համայնքային կազմակերպութիւնների եւ քաղաքական որոշումներ կայացնողների՝ բացայայտելու այն ուղիները, որոնց միջոցով Քալիֆորնիան եւ Հայաստանը կարող են աւելի սերտ համագործակցել։ Առեւտրի եւ ներդրումների ընդլայնումից մինչեւ կրթական գործընկերութեան ամրապնդում եւ հայկական արուեստի ու մշակոյթի տարածում՝ յանձնախումբը ծառայելու է որպէս գաղափարները գործնական քայլերի վերածելու հարթակ։
«Այս յանձնախումբը ստեղծուելուց շատ առաջ Քալիֆորնիան եւ Հայաստանը կապուած էին այն մարդկանց միջոցով, որոնք երկու վայրերն էլ իրենց տունն են համարում», — ասել է նահանգային պատգամաւոր Ջոն Հարապետեանը։ «Հարիւրաւոր հազարաւոր ամերիկահայեր ապրում են Քալիֆորնիայում։ Նրանք ստեղծել են ձեռնարկութիւններ, ապահովել աշխատատեղեր, ամրապնդել մեր համայնքները եւ նպաստել այս նահանգի զարգացմանը։ Այս յանձնախումբը ստեղծուել է այդ ամուր հիմքի վրայ կառուցելու եւ յաջորդ սերնդի համար նոր հնարաւորութիւններ ստեղծելու նպատակով»։
Հարապետեանի խօսքով՝ Քալիֆորնիան եզակի դիրք ունի առաջնորդող դեր ստանձնելու համար։ Որպէս աշխարհի չորրորդ խոշորագոյն տնտեսութիւն եւ բարգաւաճ ամերիկահայ համայնքի կենտրոն՝ նահանգը բացառիկ հնարաւորութիւն ունի խորացնելու տնտեսական գործընկերութիւնը՝ միաժամանակ արժեւորելով այն մշակութային կապերը, որոնք գոյութիւն ունեն արդէն սերունդներ շարունակ։
Յանձնախումբը կ՛ուսումնասիրէ հետեւեալ ուղղութիւնները.
- ընդլայնել առեւտրային եւ գործարար համագործակցութիւնը Քալիֆորնիայի եւ Հայաստանի միջեւ,
- խրախուսել ներդրումներն ու նորարարութիւնը,
- ամրապնդել կրթական եւ ակադեմիական փոխանակման ծրագրերը,
- խթանել հայկական արուեստը, մշակոյթը եւ զբօսաշրջութիւնը,
- աւելի լայնօրէն ներկայացնել Քալիֆորնիայի ամերիկահայ համայնքի ներդրումը։
Նահանգային պատգամաւոր Ջոն Հարապետեանը ներկայացնում է Քալիֆորնիայի 41-րդ ընտրատարածքը, որն ընդգրկում է Լա Քանեատա Ֆլինթրիջ, Փասատինա, Ալթատինա, Սիեռա Մատրէ, Մոնրովիա, Բրատբըրի, Սան Տիմաս, Լա Վեռն, Քլէրմոնթ, Ափլընտ, Ռանչօ Քուքամոնկա, Օուք Հիլզ, Փինիոն Հիլզ եւ Ֆիլան քաղաքները։
