Արցախի քաղաքական գործիչները մերժեցին Փաշինեանի օրակարգը

Արցախի քաղաքական գործիչները մերժեցին Փաշինեանի օրակարգը

Արցախի Հանրապետութեան իշխանութեան բոլոր թեւերի ու բոլոր դերակատարների եւ ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ Արցախը երբեք որեւէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարեանը:

«Ի պատասխան մի շարք հարցումների՝ հերթական անգամ վերահաստատեմ ու յիշեցնեմ. Արցախի Հանրապետութեան իշխանութեան բոլոր թեւերի ու բոլոր դերակատարների եւ ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ Արցախը երբեք որեւէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Աւելին, մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած կարճաժամկէտ ու երկարաժամկէտ զրկանքների ու մարտահրաւէրների, սակայն մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղւելու:

Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպմանը Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանն իր խօսքում ասաց, որ Արցախում կայ քաղաքական կոնսենսուս եւ նկատի ունէր Ազգային ժողովում բոլորի կողմից ընդունւած միասնական յայտարարութիւնը՝ ի պատասխան ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինեանի յայտարարութեան, որտեղ նա խօսել էր Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին․ News.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արթուր Մոսիեանը:

Ինչ վերաբերում է խաղաղութեան օրակարգին, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Որեւէ մէկը աւելի քան արցախցին, խաղաղութեան գինը չգիտէ, որեւէ մէկը դէմ չէ արժանապատիւ խաղաղութեանը: Դա չի տեղաւորւում Նիկոլ Փաշինեանի խաղաղութեան օրակարգի մէջ: Երբ ինքը սկսեց խօսել խաղաղութեան դարաշրջանից, մենք ունեցանք կորուստներ, ունեցանք զոհեր, տարածքների կորուստներ: Սա Նիկոլ Փաշինեանի խաղաղութեան օրակարգն է, սա արցախցիների պատկերացրած խաղաղութեան օրակարգը չէ: Արցախցին կողմ է արժանապատիւ խաղաղութեան օրակարգին՝ առանց Նիկոլ Փաշինեանի»:

Արթուր Մոսիեանը կրկնեց, որ Արցախում քաղաքական կոնսենսուսը նրա շուրջ է, որ Արցախը պէտք է ինքնորոշւի եւ անկախութեան ուղին շարունակի. «Կոնսենսուսը դրա շուրջ է, իսկ մնացածը մանիպուլեացիաներ են, որ արցախիներն ընդունել են խաղաղութեան օրակարգը: Նիկոլ Փաշինեանի խաղաղութեան օրակարգը Արցախում որեւէ մէկը չի ընդունում: 

Share