Արցախը չի ընդունել եւ չի ընդունելու այն մօտեցումները, որոնք այսօր ներկայացուել են ՀՀ վարչապետի կողմից. Արցախի նախկին նախագահներ

Արցախը չի ընդունել եւ չի ընդունելու այն մօտեցումները, որոնք այսօր ներկայացուել են ՀՀ վարչապետի կողմից. Արցախի նախկին նախագահներ

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանն ու Բակոյ Սահակեանը համատեղ յայտարարութիւն են տարածել, որում նշուած է.

«Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնների պահուածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկութիւններին անուէրապահ ենթարկուելու տրամաբանութեամբ, անընդունելի են:

Վերջին տարիների ընթացքում բազմաթիւ են եղել Արցախի պետականութիւնը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանութիւնների անհասկանալի քայլերը: Մեզ հասանելի խողովակներով փորձել ենք զգուշացնել նման վարքագծի կործանարար հետեւանքների մասին:

Ցաւով ենք նշում, որ մեր զգուշացումները սթափեցնող ազդեցութիւն չէն ունեցել: Բազմաթիւ ձախողումների պատճառով այսօր կանգնել ենք տապալուած բանակցութիւնների, աղէտաբեր պատերազմի եւ հիմա էլ՝ հակառակորդի բոլոր պահանջներն ու քմահաճոյքները կատարելու պարտադրանքի առջեւ:

Տեւական ժամանակ մենք ձգտել ենք հաւատարիմ մնալ հայկական երկու հանրապետութիւնների քաղաքական վերնախաւերի մօտ ձեւաւորուած այն աւանդոյթին, որ իրար ներքին գործերին չմիաջամտելը համարուել է քաղաքական կոռեկտութեան դրսեւորում: Սակայն, այն ինչ հնչեցուել է Հայաստանի գործող վարչապետի կողմից այսօր, սասանել է հայկական պետականութեան հիմքերը, մասնաւորապէս, խախտելով համայն հայութեան իրաւունքների պաշտպանը հանդիսանելու պարտաւորութիւնը:

Մեր նախնիների դարաւոր պայքարի եւ այդ հիմքի վրայ ձեւաւորուած արցախեան ազգային-ազատագրական պայքարի շնորհիւ վեր է խոյացել ազգային արժանապատուութեան նոր որակ, որը նսեմացնելու իրաւունք ոչ ոք չունի, անկախ իր զբաղեցրած պաշտօնից ու դիրքից:

Ոչ ոք բարոյական իրաւունք չունի որոշելու մեր ու մեր զաւակների ապագան: Արցախը չի ընդունել եւ չի ընդունելու այն մօտեցումները, որոնք այսօր ներկայացուել են ՀՀ վարչապետի կողմից եւ, ինչպէս նախկինում է պայքարել, այնպէս էլ հիմա, բոլոր հնարաւոր միջոցներով պայքարելու է իր հայրենիքում արժանապատիւ ապրելու իրաւունքի համար:

Հաւատում ենք, որ ինչպէս նախորդ տարիներին, այնպէս էլ այսօր համայն հայութիւնը կը լինի Արցախի ժողովրդի կողքին»։ 

Աղբիւր` Panorama.am

Share