Ուիլյըմ Փափարեան
Փասատինայի նախկին քաղաքապետ
Մինչ Հայաստանը նշում է վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ նրա՝ դէպի Արեւմուտք արագ ինտեգրման քաղաքականութեան հերթական ընտրական յաղթանակը, մենք կանգնած ենք սթափեցնող իրականութեան առջեւ․ քանդում ենք Ռուսաստանի հետ մեր աւանդական անվտանգային յարաբերութիւնները՝ նախքան որեւէ վստահելի այլընտրանքի ձեւաւորումը։
Ռուսաստանի վերջին նախազգուշացումը՝ «Հայաստանը մի՛ վերածէք երկրորդ Ուքրայինայի», կոպիտ էր, սակայն պարունակում էր անհարմար ճշմարտութիւն։ Ատրպէյճան-Թուրքիա դաշինքը, որը կերտուել է արիւնով եւ ամրապնդուել Շուշիի հռչակագրով, այսօր մեր տարածաշրջանի ամենահզօր ռազմական գործընկերութիւններից մէկն է։ Թուրքական տեխնոլոգիաների, իսրայէլական սպառազինութեան եւ ատրպէյճանական նաւթային հարստութեան շնորհիւ այս առանցքն ունի թէ՛ կարողութիւն, թէ՛ համակարգուածութիւն՝ տարիներ շարունակ Հայաստանի վրայ ճնշում գործադրելու համար։
Ոչ ոք չի կարող ժխտել Ռուսաստանի ձախողումները։ Նրա դաւաճանութիւնը 2020 եւ 2023 թուականների պատերազմների ընթացքում ոչնչացրեց վստահութեան այն մնացորդները, որոնք դեռ պահպանուել էին։ Սակայն Մոսկուայի զսպող ազդեցութեան մնացորդներից հրաժարուելը՝ որքան էլ անկատար լինեն դրանք, այն պայմաններում, երբ Արեւմուտքի անվտանգային երաշխիքները մեծ մասամբ մնում են հռետորական, ստեղծում է վտանգաւոր ռազմավարական վակուում։ Արեւմուտքն առաջարկում է ուսուցողական առաքելութիւններ, դիտորդական խմբեր եւ որոշ առաջադէմ սպառազինութիւն։ Դրանք ողջունելի են, սակայն առայժմ չեն կազմում վստահելի վահան՝ վճռական Ատրպէյճան-Թուրքիա բլոկի դէմ։
Վտանգները տեսական չեն։ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ շարունակուող պահանջները, չլուծուած սահմանային վէճերը եւ ռազմական ուժերի ակնյայտ անհաւասարակշռութիւնը Հայաստանը թողնում են խոցելի վիճակում։ Առանց ուժերի գործուն հաւասարակշռութեան՝ մենք վտանգում ենք աստիճանաբար հարկադրուել այնպիսի զիջումների, որոնք կարող են վտանգել մեր ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը։
Հայկական Սփիւռքը պէտք է վճռորոշ դեր ստանձնի
Սա այն մարտահրաւէրը չէ, որ հայրենիքը կարող է միայնակ դիմագրաւել։ Համաշխարհային հայկական սփիւռքը, յատկապէս Միացեալ Նահանգներում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում, պէտք է դուրս գայ զուտ զգացմունքային համերաշխութեան եւ բարեգործական նուիրատուութիւնների սահմաններից։ Մենք պէտք է վերածուենք լուրջ ռազմավարական դերակատարի։ Մեր համայնքներն ունեն զգալի քաղաքական ազդեցութիւն, տնտեսական միջոցներ եւ մասնագիտական փորձառութիւն, որոնք պէտք է օգտագործուեն՝
- Արեւմտեան կառավարութիւններից պահանջելու յստակ անվտանգային պարտաւորութիւններ, ոչ թէ աջակցութեան մշուշոտ յայտարարութիւններ,
- Միացեալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ Հնդկաստանից արագացուած եւ անվերապահ ռազմական աջակցութիւն ապահովելու համար,
- Վաշինկթընում, Պրիւքսէլում եւ այլ մայրաքաղաքներում թուրքական եւ ատրպէյճանական լոպպիստական ջանքերին հակազդելու համար,
- Հայաստանի պաշտպանական արդիւնաբերութեան եւ կենսական ենթակառուցուածքների մէջ նպատակային ներդրումներ խրախուսելու համար։
Սփիւռքն ունի թէ՛ իրաւունք, թէ՛ պատասխանատուութիւն՝ պնդելու, որ արտաքին քաղաքականութիւնը հիմնուի իրապաշտութեան եւ ազգային գոյատեւման հրամայականի վրայ, այլ ոչ թէ գաղափարախօսական փորձարկումների։
Իսկական ռազմավարական իմաստութիւնը չի պահանջում բացառապէս ընտրել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։ Այն պահանջում է գործնական, բազմավեկտոր արտաքին քաղաքականութիւն, որն առաջին տեղում կը դնի Հայաստանի գոյատեւումը։ Սա նշանակում է ձգտել Ատրպէյճանի հետ իրական եւ արժանապատիւ խաղաղութեան, հետագայում նաեւ յարաբերութիւնների կարգաւորման Թուրքիայի հետ՝ միեւնոյն ժամանակ պահպանելով Ռուսաստանի հետ նուազագոյն գործունակ կապերը՝ տնտեսական փլուզումից եւ լիակատար մեկուսացումից խուսափելու համար։
Հայ ժողովուրդն իր պատմութեան ընթացքում գոյատեւել է անհամեմատ աւելի մեծ սպառնալիքների պայմաններում։ Սակայն գոյատեւումը երբեք չի ապահովուել ցանկալին իրականութիւն համարելով կամ գաղափարախօսական փորձարկումներով։ Ի վերջոյ, ոչ մի արտաքին ուժ՝ լինի Մոսկուայում, Վաշինկթընում թէ Պրիւքսէլում, չի պաշտպանելու հայկական շահերը այնպիսի վճռականութեամբ, ինչպէս իրենք՝ հայերը։
Ռազմավարական յստակութեան ժամանակը հիմա է։ Հայաստանը չի կարող իրեն թոյլ տալ հերթական սխալ հաշուարկը։
