Ժուլիեթ Դաւթեան
Հայաստանը մօտենում է 2026 թուականի Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններին, սակայն քաղաքական մթնոլորտը դուրս է եկել սովորական ընտրական մրցակցութեան սահմաններից և վերածուել է փոխադարձ մեղադրանքների ու վիրաւորանքների դաշտի։ Հանրային բանավէճերը դարձել են աւելի լարուած, ընկերային ցանցերի քննարկումները յաճախ վերածուել են փոխադարձ վիրաւորանքների, իսկ քաղաքական հակասութիւնները շատ դէպքերում ներկայացուում են որպէս բարոյական պայքար, այլ ոչ թէ քաղաքական ծրագրերի շուրջ տարաձայնութիւն։
Թէև նման բևեռացուածութիւնը բացառապէս միայն հայկական երևոյթ չէ, սոցիալական հոգեբանութիւնը եզրակացնում է, որ Հայաստանի պարագայում գոյութիւն ունեն մի շարք պատմական, մշակութային եւ հոգեբանական գործօններ, որոնք նպաստում են քաղաքական կեանքի առանձնայատուկ զգացականութեանը։
Քաղաքականութիւնը ինքնութեան մաս
Այս երեւոյթը բացատրող կարևոր մօտեցումներից մէկը Սոցիալական ինքնութեան տեսութիւնն (Social Identity Theory) է։ Ըստ այդ տեսութեան՝ մարդիկ իրենց ինքնութեան մէկ մասը կառուցում են այն խմբերի միջոցով, որոնց իրենց անդամ են զգում։
Քաղաքական պատկանելութիւնը կարող է դառնալ այդպիսի ինքնութեան աղբիւր։ Այդ դէպքում քաղաքական հակառակորդներն այլևս չեն ընկալւում որպէս տարբեր կարծիք ունեցող քաղաքացիներ, այլ՝ որպէս «այլ խմբի» ներկայացուցիչներ, որոնք կարող են սպառնալ սեփական արժէքներին, պատկերացումներին կամ երկրի ապագայի մասին տեսլականին։
Երբ քաղաքական ինքնութիւնը դառնում է աւելի ուժեղ, առաջանում է «մենք ընդդէմ նրանց» մտածողութիւնը, ինչը դժուարացնում է փոխըմբռնումը եւ խորացնում հասարակական բաժանումները։
Հաւաքական խոցելիութեան – վէրքերի (Trauma) ազդեցութիւնը
Հայաստանի վերջին տարիների քաղաքական միջավայրը հնարաւոր չէ հասկանալ և վերլուծել առանց հաշուի առնելու վերջին պատմական իրադարձութիւնների ազդեցութիւնը։
2020 թուականի Արցախեան պատերազմը, բռնի տեղահանութիւնները, շարունակուող տարածաշրջանային անորոշութիւնը եւ անվտանգային մարտահրաւէրները հասարակութեան մէջ ստեղծել են ընդհանուր անապահովութեան զգացում։ Սոցիալական հոգեբանութեան մէջ այս երևոյթը յայտնի է որպէս հաւաքական տրավմա։
Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ երկարատև անորոշութեան եւ սպառնալիքների պայմաններում ապրող հասարակութիւնները դառնում են աւելի զգայուն քաղաքական ուղերձների նկատմամբ, յատկապէս երբ դրանք շեշտադրում են անվտանգութիւնը, ազգային գոյատևումը, դաւաճանութիւնը կամ զոհաբերութիւնը։
Այս պայմաններում քաղաքական վէճերը սովորական գաղափարական տարաձայնութիւններից վերածւում են կենսական նշանակութիւն ունեցող հարցերի։
Վստահութեան խնդիրը
Քաղաքական մթնոլորտի վրայ ազդող մէկ այլ կարևոր գործօն է պետական եւ քաղաքական հաստատութիւնների նկատմամբ վստահութիւնը։
Ինչպէս շատ յետխորհրդային հասարակութիւններում, Հայաստանում ևս համակարգային վստահութիւնը շարունակում է մնալ խոցելի։ Պատմական փորձառութիւնը, իշխանութեան կենտրոնացման աւանդոյթը, փտախտութեան (կոռուպցիայի) մասին ընկալումները եւ քաղաքական համակարգի նկատմամբ կասկածամտութիւնը նպաստել են այն իրավիճակին, երբ շատ քաղաքացիներ լիարժէք վստահութիւն չեն ցուցաբերում պետական կառոյցների նկատմամբ։
Այդ պայմաններում քաղաքական վէճը յաճախ կապւում է ոչ թէ քաղաքական ծրագրերի, այլ անհատ առաջնորդների հետ։ Արդիւնքում ընտրական պայքարը կարող է դառնալ աւելի անձնաւորուած եւ զգացական։
Հանրային — Սոցիալական ցանցերի դերը
Ժամանակակից քաղաքական իրականութիւնը հնարաւոր չէ պատկերացնել առանց հանրային — սոցիալական հարթակների ազդեցութեան։
Գիտական ուսումնասիրութիւնները փաստում են, որ զայրոյթ, վախ կամ վրդովմունք առաջացնող բովանդակութիւնը շատ աւելի արագ է տարածւում, քան չեզոք տեղեկատուութիւնը։ Սոցիալական ցանցերի ալգորիթմները սովորաբար աւելի մեծ տարածում են տալիս այն հրապարակումներին, որոնք առաջացնում են ուժեղ յուզական արձագանգ։
Արդիւնքում քաղաքական քննարկումները արագօրէն կարող են սրել լարուածութիւնը։ Միեւնոյն ժամանակ մարդիկ յաճախ շփւում են հիմնականում այնպիսի տեղեկատուութեան հետ, որը հաստատում է իրենց արդէն գոյութիւն ունեցող համոզմունքները՝ սահմանափակելով այլ տեսակէտների հետ առնչուելու հնարաւորութիւնը։
Հայաստանում այս գործընթացները միաւորւում են պատմական եւ սոցիալական այլ գործօնների հետ՝ աւելի խորացնելով քաղաքական բևեռացուածութիւնը։
Հայաստանի առանձնայատկութիւնը
Հայաստանի փոքր եւ սերտօրէն փոխկապակցուած հասարակութիւնը ևս կարևոր դեր ունի։
Աւելի մեծ երկրներում քաղաքական հակառակորդները յաճախ մնում են անծանօթ մարդիկ։ Հայաստանում, սակայն, քաղաքական տարաձայնութիւնները յաճախ տեղի են ունենում ընտանիքների, ընկերական շրջանակների, հարևանների եւ գործընկերների միջև։
Այդ պատճառով քաղաքական վէճերը միայն գաղափարների շուրջ չեն։ Դրանք կարող են ազդել մարդկային յարաբերութիւնների, վստահութեան եւ համայնքային հեղինակութեան վրայ։
Քաղաքականութիւնը դառնում է ոչ միայն հանրային, այլեւ խորապէս անձնական հարց։
Դէպի առաջ
Հայաստանի 2026 թուականի ընտրութիւնների շուրջ ձևաւորուած լարուածութիւնը միայն քաղաքական մրցակցութեան հետևանք չէ։ Այն ձևաւորւում է միաժամանակ մի քանի գործօնների ազդեցութեամբ՝ ինքնութիւն, հաւաքական տրավմա, համակարգային անվստահութիւն, հանրակին-սոցիալական մամուլի ազդեցութիւն եւ փոքր, փոխկապակցուած հասարակութեան առանձնայատկութիւններ։
Այս գործընթացների գիտակցումը չի վերացնում քաղաքական տարաձայնութիւնները, սակայն կարող է օգնել հասկանալու, թէ ինչու են քաղաքական քննարկումները դարձել այսքան զգացական եւ ինչու են այսօր շատ հայերի համար քաղաքական զարգացումները ընկալւում ոչ միայն որպէս գաղափարների պայքար, այլև որպէս իրենց անձնական ու հասարակական կեանքի կարևոր մաս։

Ժուլիեթ Դաւթեանը Սոցիալական և մշակութային հոգեբանութեան դոկտորանտ է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։
