Հայոց պատմութեան դասագիրքը թուրքական շահերի պաշտպան

Հայոց պատմութեան դասագիրքը թուրքական շահերի պաշտպան

«Յաճախ կաշառւում են պատմաբանները, պատմութիւնը՝ երբեք»:
Գ.Նժդեհ

Յուրաքանչիւր ժողովրդի համար թէ՛ սերնդի դաստիարակութեան, թէ՛ պետականութեան կերտման գործում չափազանց կարեւոր է ազգային պատմութեան դերը։ Սա է պատճառը, որ շատ ու շատ ժողովուրդներ, ինչպէս օրինակ, թուրքերը իրենց համար փորձում են ստեղծել գրեթէ իդէալական պատմութիւն՝ յաճախ կեղծելով պատմական փաստերը:

Մէ՛նք՝ հայերս, բաւականին հարուստ պատմութիւն ունենալով, երբեք նոր պատմութիւն յօրինելու կարիք չենք ունեցել, թէեւ օտարներն ու օտարի շահերը սպասարկողները յաճախ են փորձել կեղծել կամ խեղաթիւրել մեր պատմութիւնը:

Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ սկսուեց խորհրդային կեղծիքներից հայոց պատմութեան մաքրման գործընթացը։ Թւում էր, որ այսուհետ պայքարը միայն թուրքական պատմակեղծարարութեան դէմ է լինելու, սակայն 2018 թ․ «թաւշեայ յեղափոխութիւնից» յետոյ իւրայատուկ գրոհ սկսուեց ազգային արժեհամակարգի դէմ․ թիրախ դարձան յատկապէս հայոց լեզուն եւ հայոց պատմութիւնը:

2019 թ․ առաջարկուած կրթական նոր չափորոշիչները1 նախատեսում էին հայոց լեզուի եւ հայոց պատմութեան դասաժամէրի կրճատում բուհերում, գրականութեան դասագրքերից հայ միջնադարեան գրականութեան դուրս բերում, հայոց պատմութեան դասագրքերի խմբագրում եւ թուրքերի տեսանկիւնից «թշնամական կերպարների» հեռացում, ինչպէս նաեւ պատմական փաստէրի խեղաթիւրում:

Այսպէս կոչուած, «կրթական նոր չափորոշիչները» առաջ բերեցին գիտական հանրութեան, մի շարք ուսուցիչների եւ ուսանողների դժգոհութիւնը, մասնաւորապէս ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի հայոց պատմութեան ամբիոնի վարիչ, պրոֆէսոր Արտակ Մովսիսեանը, Պատմութեան ինստիտուտի տնօրէն, պրոֆէսոր Աշոտ Մելքոնեանը եւ բազմաթիւ յարգուած գիտնականներ մատնանշեցին չափորոշիչների եւ դրանց հիման վրայ ստեղծուող դասագրքերի վտանգները2: Բողոքի ակցիաներ սկսեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը, որին միացան բազմաթիւ ուսանողներ: Չափորոշիչների կիրառումը եւ դրանց հիման վրայ դասագրքերի տպագրումը յետաձգուեց նախ՝ կորոնաւիրուսի, յետոյ՝ պատերազմի, դաւաճանական կապիտուլեացիայի եւ դրան յաջորդած իրադարձութիւնների հետեւանքով։

2023 թ․ տպագրուեց 7-րդ դասարանի հայոց պատմութեան նոր դասագիրքը։ Այս «վայ» դասագիրքն իսկական աղէտ է նոր սերնդի համար եւ աննկարագրելի աւեր հայոց պատմագիտութեան ասպարէզում:

Դասագրքի հեղինակը ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի համաշխարհային պատմութեան ամբիոնի դոցենտ Սմբատ Հովհաննիսեանն է, որը չի խորշել պատմութեան ակնյայտ կեղծումից:

Այժմ կը փորձենք հնարաւորինս հակիրճ քննարկել դասագրքում տեղ գտած առաւել ակնյայտ կեղծիքները եւ բացայայտել դրանց վտանգները՝ սկսելով մեր պատմական հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի վերաբերեալ յիշատակութիւններից:

Այսպէս՝ ըստ դասագրքի՝ Հայկական լեռնաշխարհը «… գտնւում է Իրանական եւ Փօքրասիական (Անատոլիական) բարձրաւանդակների, Միջագէտքի հարթավայրի եւ Սեւ ծովի միջեւ»3։ Առաջին հայեացքից թւում է, թէ ամէն ինչ կարգին է, բայց 7-րդ դասարանի երեխային սովորեցնում են Փոքր Ասիան եւ Փօքրասիական բարձրաւանդակը կոչել միայն 13-րդ դարում այստեղ յայտնուած քոչուոր թուրքերի տուած «Անատոլիայ» եւ «Անատոլիական բարձրաւանդակ» անունով: Ինչո՞ւ, եթէ ակնյայտ է, որ այլոց հայրենիքները զաւթելու նպատակով են թուրքերը Փօքրասիական բարձրաւանդակին կցել այդ արհեստական անունը:

«Արեւելքում լեռնաշխարհի սահմանները հասնում են մինչեւ Ուրմիայ (Կապուտան) լիճ…»4։ Յետաքրքիր է՝ Ս. Հովհաննիսեանն իրո՞ք չգիտի Հայկական լեռնաշխարհի արեւելեան սահմանը։

«Քարտեզագրութիւնից անտեղեակ մարդն անգամ անմիջապէս կնկատի, որ Հայկական լեռնաշխարհի արեւելեան սահմանը Կասպից ծովն է, իսկ Ուրմիայ լիճը գտնւում է լեռնաշխարհի հարաւ-արեւելքում»5։
Ուրեմն հեղինակն ակնյայտօրէն կեղծում է՝ գուցէ ադրբեջանցիներին չնեղացնելու համա՞ր:

Յետաքրքիր է, որ հայոց պատմական հայրենիքի մասին խօսելիս Ս. Հովհաննիսեանը «մոռացել» է տեղեկութիւններ յայտնել նաեւ Փոքր Հայքի մասին:

Մեկ այլ ուշագրաւ դիտարկում․ դասագրքում նշւում է. «Ներկայիս Հայաստանի Հանրապետութիւնը գտնւում է Հայկական լեռնաշխարհի հիւսիսարեւելեան մասում եւ հիմնականում (ոչ ամբողջութեամբ) ընդգրկում է Այրարատ, Սիւնիք եւ Գուգարք նահանգները»6։ Այս դէպքում հարց է ծագում․ ո՞ր նահանգի մի մասի տարածքում է գտնւում ՀՀ Տաւուշի մարզը, եթէ այն ո՛չ Գուգարքում է, ո՛չ Այրարատում, ո՛չ էլ Սիւնիքում։ Այս դէպքում էլ դասագրքի հեղինակը «մոռացել» է Ուտիք նահանգը, որի մեծ մասը զաւթած Ադրբեջանը այդ տարածքով սահմանակցում է Տաւուշի մարզին եւ վերջինիս նկատմամբ զաւթողական նկրտումներ ունի: Ինչպիսի՜ համերաշխութիւն «հարեւան» ադրբեջանցիների հետ:

«…․Մարդկութեան նախապատմութեան վերաբերեալ գրաւոր նիւթեր չկան»7,—ասում է այն պատմաբանը, որի երկիրը լիքն է ժայռապատկերներով, որոնց միայն մի մասն է ուսումնասիրուած։ Ի՞նչ են դրանք, եթէ ոչ գրաւոր նիւթեր, որոնք պատկերացում են տալիս վաղնջագոյն ժամանակներում Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ մեր նախնիների մասին:
Ինչեւէ, անցնենք առաջ:
«…Ամենից վճռորոշ գաղթը կատարեց հոմոյ սապիենսը, որը սնունդ փնտրելու նպատակով մօտ 80.000 տարի առաջ Արեւելեան Աֆրիկայից շարժուեց դէպի հիւսիս: Գաղթականները հասան Արեւմտեան Ասիայ, այդպիսով նաեւ Հայկական լեռնաշխարհ»8։ Պատմաբան-հնագէտները զարմացած կարող են հարցնել՝ այդ դէպքում ովքե՞ր էին ապրում Գուգարքում յայտնաբերուած, շուրջ 1,8 միլիոն տարուայ թուագրում ունեցող բնակատեղիում, կամ Արցախի Հանրապետութեան Հադրութի շրջանի Ազոխ գիւղի քարայրում յայտնաբերուած 300.000 տարեկան մարդկային մնացորդները ո՞ւմ էին պատկանում, եթէ դասագրքի հեղինակը Հայկական լեռնաշխարհի բնակիչներին Աֆրիկայից է բերում, այն էլ 80.000 տարի առաջ՝ շատ նրբօրէն առաջ տանելով «հայերի եկուորութեան» չարչրկուած, բայց վտանգաւոր տեսութիւնը (այս տեսութեան մասին առաւել մանրամասն աւելի ուշ կը խօսենք այլ յօդուածներում): Սա «հայերի եկուորութեան» տեսութիւնը նրբօրէն պաշտպանելու միակ դրսեւորումը չէ. «Բալկանեան տեսութեան համաձայն՝ հայերի նախնիներն են Բալկաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռիւգացի գաղութարարները»9։

Դրա փոխարէն՝ պատմահայր Խորենացու հաղորդած տեղեկութիւնները հայերի տեղաբնիկութեան վերաբերեալ Ս. Հովհաննիսեանը առասպելական է որակում: Դասագրքում, փաստօրէն, միայն հպանցիկ նշւում է, որ Մովսես Խորենացին հայերին վերագրում է տեղական ծագում, այն էլ առասպելի հիման վրայ, եւ ոչ մի խօսք հնագիտական գտածոների, ինչպէս նաեւ Աստուածաշնչի վկայութիւնների մասին, որոնց համաձայն՝ Աստուած մարդկութիւնն արարել է եդեմ-դրախտում, որը գտնւում էր Եփրատ, Տիգրիս, Գեհոն (Արաքս) եւ Փիսոն (Ճորոխ) գէտէրի ակունքների շրջանում, ասել է թէ՝ Հայկական լեռնաշխարհում եւ, իհարկէ, ոչ մի յիշատակութիւն համաշխարհային ջրհեղեղի, Արարատի վրայ Նոյյան տապանի հանգրուանելու եւ Հայկական լեռնաշխարհից մարդկութեան վերասկզբնաւորման մասին….: Փաստօրէն, հայերի տեղաբնիկ լինելն «առասպել» է: «Առասպել», որը հաստատւում է հնագիտական պեղումների շնորհիւ, շումերական, աքքադական, խէթական սեպագրերով, Աստուածաշնչի վկայութեամբ եւ հայ ժողովրդի ծագման վերաբերեալ արաբական ու վրացական աղբիւրներով, որոնց մասին, իհարկէ, Սմբատ Հովհաննիսեանը «մոռացել» է։ Այն դէպքում, երբ այս տարածաշրջանում միայն 13-րդ դարում յայտնուած քոչուոր թուրքերն իրենց համարում են այս տարածաշրջանի բնիկները:

Այսպիսով՝ «Հնարաւորինս հերքւում է հայերի տեղաբնիկ լինելու տեսութիւնը, եւ կասկածի տակ է դրւում Հայկական լեռնաշխարհի՝ հնդեւրոպական նախահայրենիքի մաս լինելը»10։ Շատ նրբօրէն առաջ է տարւում թէ՛ գիտականօրէն եւ թէ՛ Աստուածաշնչի միջոցով վաղուց հերքուած «հայերի եկուորութեան տեսութիւնը» այն դէպքում, երբ գոյ՛նէ հնդեւրոպական ժողովուրդների նախնիներն իրենց ապագայ հայրենիքներ գնացել են հէնց Հայկական լեռնաշխարհից․ խօսքը միայն բասկերի մասին չէ, այլ նաեւ հիքսոսների, բրիտների, բաւարների, դասկոնների եւ այլն….

Թւում է՝ այսքանը բաւարար էր դասագիրքը մերժելու համար, բայց մերժելի, անհասկանալի ու առնուազն տարօրինակ գաղափարներ այս դասագրքում շատ կան:

Դասագրքի պնդումներից է. «Հայկական լեռնաշխարհում վաղ պետական կազմաւորումներից յայտնի են Արատտան, Հայասան, Նաիրին, Արմէ-Շուպրիան եւ Ուրուատրին»11։ Նախ՝ որտեղի՞ց է վերցրել Ս. Հովհաննիսեանը «Ուրուատրի» տարօրինակ եզրոյթը, եթէ վաղ պետական կազմաւորումների թւում նման միաւոր չի յիշատակւում:

Երկրորդ՝ ոչ մի յիշատակութիւն չկայ առաջին հայկական պետական կազմաւորման՝ Արատտայի պետական կառուցուածքի մասին, իսկ տեղայնացումը համարւում է վարկածային: Մինչդեռ յայտնի է, որ միջագէտքեան աղբիւրներում Սուբուր (Սուբարտու, Շուպրիայ) ձեւով յիշատակուող Արատտան գտնւում էր Վանայ լճի աւազանում: Ինչպէս տեսնում ենք, Շուպրիան կամ Արմէ-Շուպրիան (Սուբուր-Հայայ) օտար (միջագէտքեան) աղբիւրներում Արատտային տրուած անուանումն է, ոչ թէ առանձին պետական կազմաւորում:

Ոչ մի խօսք չկայ «Հայկ եւ Բել» «առասպելի» պատմական հիմքը հանդիսացող Արմանի (Արմանում) պետական կազմաւորման մասին, որի մասին խօսելիս Միջագէտքի առաջին բռնակալ Սարգոն Աքքադացու թոռ, աքքադական արքայ Նարամ-Սուենը (Սին) նշել է. «Մարդկութեան արարումից ի վեր ոչ ոք չի կարողացել նուաճել Արման(ում) երկիրը»12։ Ինքը՝ Նարամ-Սուենը, որն իրեն հռչակել էր «Աստուած», սպանուեց հայկական զօրքերի դէմ պատերազմում՝ Ք. ա. մօտ 21-րդ դարում (Ալիշանի թուագրմամբ՝ 2492 թ․):

Նոյնպիսի լռութիւն է նաեւ Միտաննի պետական կազմաւորման շուրջ, որի արքայադուստրերը մի քանի սերունդ շարունակ դառնում էին Եգիպտոսի թագուհիներ (նրանցից ամենայայտնին Նեֆերտիտին էր)։ Եգիպտական աղբիւրներում Միտաննին յիշատակւում է Նահարինայ ձեւով, այն թուագրւում է Ք. ա. 14-13-րդ դարերով եւ տեղագրւում է Հայաստանի հարաւ եւ Միջագէտքի հիւսիս ընկած տարածքներում: Յատկանշական է, որ քրդերը Միտաննին համարում են քրդական, իսկ թուրքերը՝ թուրքական պետական կազմաւորում: Արդեօ՞ք Միտաննիի մասին մոռանալով՝ Ս. Հովհաննիսեանը իր համերաշխութիւնն է յայտնում թուրքերին ու քրդերին:

Դասագրքում մի քանի հպանցիկ խօսք է իր ժամանակի համար ահռելի ռազմական ուժ՝ 700 մարտակառք եւ 10.000 հետեւազօր13 մարտադաշտ դուրս բերող Հայասսայ երկրի մասին, ոչ մի խօսք Հայասայի տեղագրման մասին (Հայկական լեռնաշխարհի արեւմտեան շրջան՝ Բարձր Հայք, Փոքր Հայք, Սեւ ծովի հարաւարեւելեան ափի, Հայկական Տաւրոս լեռների, Եփրատ գէտի եւ Վանայ լճի միջեւ): Սա թուրք «հարեւաններին» չնեղացնելու միտումով մոռացուած փա՞ստ է, թե՞ համաշխարհային պատմութեան մասնագէտ Սմբատ Հովհաննիսեանը չի տիրապետում հայոց պատմութեանը… Նոյնպիսի հպանցիկ ձեւով էլ յիշատակւում է Նաիրի երկիրը (Վանայ լճի շրջանում եւ նրանից դէպի հարաւ ու արեւմուտք ընկած տարածքներում-Ա.Մ.), որն ըստ ասորեստանեան արքաների՝ ունեցել է 250 քաղաք՝ զօրաւոր պարիսպներով, դարձել հայկական մէկ-միասնական պետութեան հիմքը:

Մի քանի դիտարկում էլ Վանի (Արարատեան) թագաւորութեան մասին: Ցանկանում ենք յատուկ ուշադրութիւն հրաւիրել Վանի թագաւորութեան վերաբերեալ հետեւեալ ձեւակերպման վրայ. «Այն առաւել յայտնի է իր ասորեստանեան Ուրարտու (Արարատ) անունով»14։ Սա կայ՛մ քերականական սխալ շարադրանք է, որից տպաւորութիւն է ստեղծւում, որ Արարատը ասորեստանեան անուանում է, կայ՛մ դիտաւորութեամբ կատարուած կեղծիք է, որովհետեւ ««Արարատ» կամ «Արարատեան թագաւորութիւն» տէրմիններն աստուածաշնչեան են»15:

Ճիշտ է այն, որ Ք. ա. 782 թ․, Արգիշտի Ա-ի օրօք կառուցուեց Էրեբունի ամրոցը, բայց ոչ մի ակնարկ այն մասին, որ Էրեբունին Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երեւանն է (նախորդ տարիների դասագրքերում դրւում էր անգամ Էրեբունի-Երեւանի հիմնադրման արձանագրութիւնը) եւ սա այն դէպքում, երբ թշնամի Ադրբեջանը կեղծում է պատմութիւնը՝ Երեւանի հիմնադրումը կապելով Ռեւան Ղուլի խանի անուան հետ16 (17-րդ դարի պարսիկ խան), իսկ Հայաստանում հայ պատմաբանը վախենո՞ւմ է ասել, որ Երեւանի հիմնադիրը հայոց արքայ Արգիշտի Ա-ն է, իսկ միգուցէ այս փաստը եւս դիտաւորութեամբ է անտեսուել:

«Վանի թագաւորութեան անուան յիշատակութիւնն ենք գտնում նաեւ Բեհիսթունեան եռալեզու արձանագրութեան մէջ: Այն անուանւում է Ուրաշտու՝ բաբելոներէն, Արմինայ՝ պարսկերէն եւ Յարմինուեայ՝ էլամերէն»17։ Նշէնք, որ Բեհիսթունեան արձանագրութեան բաբելոներէն հատուածում ոչ թէ «Վանի թագաւորութեան անուան յիշատակութիւնն է», այլ Հայաստանի՛, առհասարակ, որովհետեւ ասուրայ-բաբելոներէն սեպագրերում Հայաստանը կոչւում էր Ուրարտու, հետեւաբար արձանագրութիւնում Հայաստանը յիշատակւում է ոչ թէ Ուրաշտու, այլ Ուրարտու ձեւով, իսկ Ուրաշտուն սխալ կամ դիտաւորութեամբ աղաւաղուած ձեւն է:

Հեղինակը նշում է. «Վանի արքաներն ունեցել են հարեմ: Մենուան իր արձանագրութեան մէջ իրեն գովաբանում է որպէս թագաւոր, որն ամենաշատ կանայք է բերել մայրաքաղաք, Տուշպայի հարեմ»18։ Յետաքրքիր է, թէ որտեղի՞ց է նման տեղեկութիւն վերցրել Ս. Հովհաննիսեանը, եթէ ինչպէս նշում է ուրարտագէտ, «Էրեբունի» թանգարանի տնօրէն Միքայել Բադալեանը․ «Նման սկզբնաղբիւր չկայ: Ուրարտական սեպագիր տեքստէրում կան բազմաթիւ վկայութիւններ կանանց գերեւարելու մասին, սակայն մէզ յայտնի չէ, որ Մենուան հարեմ է ունեցել»19։ Բացի այդ՝ կարծում ենք՝ արժեհամակարգը խեղաթիւրող անհիմն յօրինուածքների փոխարէն՝ 7-րդ դասարանի երեխային նոյ՛ւյն Մենուայ արքայի մասին աւելի հետաքրքիր եւ օգտակար տեղեկութիւններ կարելի է փոխանցել:

Զաւեշտալի է անգամ պատկերացնել, որ ժամանակի հզօրագոյն արքաներից մէկը, որի անուան հետ է կապուած Վանի թագաւորութեան մէջ Հայկական լեռնաշխարհի մեծագոյն մասի միաւորումը (ասել է թէ՝ Վանի թագաւորութիւնը առաջին համահայկական պետութիւնն էր) եւ Վանի թագաւորութեան վերածուելը տարածաշրջանի հզօրագոյն տէրութեան, թագաւոր, որը յաղթանակներ է տանում Առաջաւոր Ասիայի հզօրագոյն տէրութեան՝ Ասորեստանի նկատմամբ եւ վերահսկողութիւն հաստատում դէպի Փոքր Ասիայ տանող գլխաւոր ճանապարհների վրայ, իրեն գովաբանում է «որպէս թագաւոր, որն ամենաշատ կանայք է բերել մայրաքաղաք Տուշպայի հարեմ»: Այնինչ կարելի էր նշել Վանայ լճի արեւելքում Մենուայ արքայի կառուցած 72 կմ երկարութեամբ ջրանցքի, ինչպէս նաեւ նրա անուան հետ կապուող մի հետաքրքիր իրադարձութեան մասին․ արքան իր Արծիբէ անունը կրող նժոյգով ցատկի ժամանակ սահմանել է ռեկորդ, որը չէն գերազանցել 28 դար (մինչեւ 1975 թ․)՝ ցատկելով 11մ 39 սմ։ Սա, կարծում ենք, աւելի հետաքրքիր է, քան քրիստոնեայ հայ երեխային գոյութիւն չունեցող հարեմի մասին յօրինուածքներ հրամցնելը: Իսկ միգուցէ հարեմի մասին յիշատակութիւնը նպատակ ունի հայ երեխային համոզել, որ Վանի թագաւորութիւնը (Ուրարտուն) թուրքական պետութեօ՞ւն էր, նրա արքաներն էլ՝ թո՞ւրք, դրա համար էլ հարեմը ընդունուած երեւոյթ էր: Թուրքական պատմակեղծարարութեան ինչպիսի՜ լեգիտիմացում Ս. Հովհաննիսեանի եւ ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից:

Այս ամէնից բացի՝ ինչպէս իրաւացիօրէն նշում է Միքայել Բադալեանը․ «Նշուած է Արարատ լեռը եւ փակագծում նշուած է Ուրուրուտ: Վանի թագաւորութեան որեւէ սեպագրում չկայ որեւէ նման սկզբնաղբիւր»20։ Հետեւաբար որտեղի՞ց է Ս. Հովհաննիսեանը վերցրել Արարատ-Ուրուրուտ վտանգաւոր զուգորդումը, ի՞նչ հիմքով, ո՞ր սկզբնաղբիւրների հիման վրայ է Արարատ-Մասիսը դարձել Արարատ-Ուրուրուտ… Ոչ մի ողջամիտ բացատրութիւն կամ փաստ:

Միայն Վանի թագաւորութեան մասին բազմաթիւ աչքի ընկնող կեղծիքներ ու խեղաթիւրումներ կան, որոնց անդրադառնալու համար էջերը չէն բաւարարի, բայց գնանք առաջ ու խօսենք անգամ պատմութիւնից վատատեղեակ մարդկանց զայրոյթը շարժած ակնյայտ ստի մասին․ խօսքը Տիգրան Մեծի ժամանակաշրջանին վերաբերող քարտէզի մասին է, որտեղ անհասկանալի «հրաշքով» Ս. Հովհաննիսեանը նկարել է միայն 1918 թ․ ստեղծուած Ադրբեջանը, Արցախն էլ՝ «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպմամբ, Ադրբեջանի կազմում է տեղաւորել21: Համաշխարհային պատմութեան մասնագէտ Ս. Հովհաննիսեանը գուցէ պարզաբանե՞ր, թէ համաշխարհային պատմութեանը մինչեւ 1918 թ․ յայտնի հեղինակներից ո՞վ է երբեւէ խօսել Ադրբեջան պետութեան մասին, որն էլ իրեն հիմք է տուել Տիգրան Մեծի նուաճումներն արտացոլող քարտէզում (սրանից աւելի քան 2000 տարի առաջ) նկարել թշնամի Ադրբեջանը՝ այն էլ փաստացի անկախ հանրապետութիւն Արցախը դրա կազմ խցկելով…. ի՞նչ է սա, եթէ ոչ բացայայտ դաւաճանութիւն, ակնյայտ սուտ եւ պատուիրուած կեղծիք:

Մի փոքր էլ առաջ գնանք: Քրիստօնեութեան ընդունումը որպէս պետական կրօն թերի է ներկայացուած, ազգային, մշակութային, կրթական կեանքում հայոց եկեղեցու դերի մասին ոչ մի արժեւորող խօսք:

Հեթանոսական մշակոյթի մասին խօսելիս յիշատակւում է միայն Գառնու տաճարը, բայց ո՞վ է կառուցել, ե՞րբ, ո՞ւմ է նուիրուած եղել, ոչ մի խօսք, ոչ մի յիշատակութիւն Նեմրութի սրբավայրի, Արդինի-Մուսասիրի Խալդիի տաճարի, «Մհերի դռան» արձանագրութիւնների, Բագարանի, որպէս սրբավայր քաղաքի, կառուցման մասին…

Հայոց բազմահազարամեայ պատմութեան ընթացքում մեր ազգի խոշորագոյն նուաճումներից մէկը թերեւս հայոց գրերի գիւտն է։ Դարակազմիկ այդ իրադարձութեան մասին Ս. Հովհաննիսեանի հեղինակած դասագրքում կարդում ենք. «405 թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, եւ դպրոցներ բացուեցին թէ՛ պարսկական, թէ՛ հռոմեական (բիւզանդական) Հայաստաններում»22։ Միայն այսքանը․ ոչ մի խօսք Սահակ Պարթեւի, «դանիելեան նշանագրերի», գրերի ստեղծման գործընթացի, մեսրոպատառ դպրութեան առաջին դպրոց Ամարասի, Վաղարշապատի վարդապետարանի, հայ գրականութեան ոսկէ դարի, թարգմանչական գործի, կրթամշակութային կեանքի վերելքի մասին:

Արշակունեաց կրօնի մասին խօսելիս երկարաշունչ ու անիմաստ տեքստ է տեղադրուել զրադաշտականութեան մասին… որտեղի՞ց է Ս. Հովհաննիսեանը վերցրել այն ենթադրութիւնը, որ զրադաշտականութիւնը եղել է Արշակունեաց կրօնը։ Եթէ անգամ պարթեւ Արշակունիների կրօնը չի եղել զրադաշտականութիւնը, այն Սասանեան Պարսկաստանի կրօնն էր (իսկ Սասանեանները Արշակունիների տոհմական թշնամիներն էին), մինչդեռ որեւէ խօսք չկայ ո՛չ հայկական հեթանոսական կրօնի, ո՛չ էլ 301 թ․ քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակելու մասին:

7-րդ դարի իրադարձութիւնները նկարագրելիս օգտագործուել է «Հարաւային Կովկաս» տէրմինը: Այնինչ յայտնի է, որ արհեստականօրէն ստեղծուած սոյն տէրմինը, որը նոյնքան արհեստականօրէն տարածում են նաեւ Հայաստանի վրայ (նպատակը՝ զրկել ՀՀ-ին Արեւմտեան Հայաստանի հանդէպ իր անժամանցելի իրաւունքներից (տէ՛ս պրոֆ. Էդուարդ Լ. Դանիելեան եւ ուրիշներ)), աւելի ուշ է կիրառուել գիտական գրականութեան մէջ եւ աւելի շատ օգտագործւում է արդի ժամանակների համար23։

Հայոց պետականութեան առանցքային դերակատարների շատ պատուանուններ, որոնք ազգային հպարտութեան, ակնածանքի զգացում կարող են առաջացնել սովորողի մօտ միտումնաւոր չէն յիշատակւում, օրինակ՝ Արտաշես 1-ինի՝ «Բարի», «Բարեպաշտ», «Աշխարհակալ» կամ Արտաւազդ 2-ի՝ «Աստուածային», Աշոտ 3-րդի՝ «Ողորմած», Սմբատ 2-րդի՝ «Տիեզերակալ» եւ այլն24։
Ժամանակագրութեան խախտման, սխալ տարեթուերի, Բագրատունեաց թագաւորութեան թերի, ոչ պատշաճ, կիսատ-պռատ ներկայացմանը չենք անդրադառնայ՝ նիւթը շատ չծանրաբեռնելու համար:

Ամփոփելով՝ նշէնք միայն, որ բազմաթիւ կեղծիքների ու խեղաթիւրումների հետ մէկտեղ Արցախն ու հայ առաքելական եկեղեցին, «ազգ», «հայրենիք», «հայրենասիրութիւն» եզրոյթները գրեթէ վտարուած են հայոց պատմութեան այս «վայ» դասագրքից:

Որպէս հետեւանք ստացուել է դժուարամատչելի, անհասկանալի, ազգային նկարագրից զուրկ, անարժէք, ձանձրալի, ստէրի կոյտի հիման վրայ ստեղծուած մի ցափռտուք, որը հայոց պատմութեան դասագիրք անուանելն անգամ աններելի յանցագործութիւն կը լինի հայոց պատմութեան եւ մեր նոր սերնդի հանդէպ։ Այդ «դասագիրքը», որքան հնարաւոր է, պէտք է հեռու պահել դպրոցներից, քանի դեռ չի խեղուել ու չի փչացել մի ողջ սերնդի արժեհամակարգը:

________________________________

Ծանօթագրութիւններ

1.https://www.tert.am/am/news/2020/07/24/Live/3352803?fbclid=IwAR2m82Ro6tOwyTkdev0kpva9fJTblur3x6EhnKuMSjK5geBG2IY90P9hMpQ#.Xxs1EATIkFZ.facebook (մուտք՝ 20.12. 2023 թ.)։
2. Նոյն տեղում։
3. Հովհաննիսեան Ս., հայոց պատմութիւն 7, Եր., 2023, էջ 12։
4. Նոյն տեղում։
5.https://yerkir.am/hy/article/2023/10/16/19566?fbclid=IwAR2tanp-gJxKlaBcYnB4f6nItvl6gOnTb2H_K8UdILyOr7OAmrVd1POk2Ks(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
6. Հովհաննիսեան Ս., նշվ. աշխ., էջ 16։
7. Նոյնը, էջ 20։
8. Նոյնը, էջ 21։
9. Նոյնը, էջ 28։
10.https://yerkir.am/hy/article/2023/10/16/19566?fbclid=IwAR2tanp-gJxKlaBcYnB4f6nItvl6gOnTb2H_K8UdILyOr7OAmrVd1POk2Ks(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
11. Հովհաննիսեան Ս., նշվ. աշխ., էջ 31։
12. Մովսիսեան Ա., հայոց 5000-ամեայ պետականութիւնը., Եր., 2016, էջ 12։
13. Նոյնը, էջ 19։
14. Հովհաննիսեան Ս., նշվ. աշխ., էջ 34։
15.https://yerkir.am/hy/article/2023/10/19/19741?fbclid=IwAR0FpJclDSsnctBXSi_eTK2DNBdfAvDdrwa8JqIYmk48ZpGsGAY3s_wYoJc(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
16. https://www.youtube.com/watch?v=AvnTAKc25mE(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
17. Հովհաննիսեան Ս., նշվ. աշխ., էջ 43։
18. Նոյնը, էջ 46։
19.https://yerkir.am/hy/article/2023/10/08/19180?fbclid=IwAR3DeabQAYvdE1sMXjUIXickFEG9s69ZCAvvpQKOdwKCCeFAE895h94d5Y4(մուտք՝20.12. 2023 թ.)։
20. Նոյն տեղում։
21. Հովհաննիսեան Ս., նշվ. աշխ., էջ 80։
22. Նոյնը., էջ 120։
23.https://yerkir.am/hy/article/2023/10/21/19855?fbclid=IwAR2CfIIWIeB71oC44M90-PaJzIr-uM-tYEtHib9NojTx8atzxMSX0emcl3E(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
24. Նոյն տեղում։

Անի Մելքոնեան

«Դրօշակ» թիւ 12 2023 թ.

Share