Հայաստաը իջնում է մարդկային իրաւունքների աղիւսակներում

Հայաստաը իջնում է մարդկային իրաւունքների աղիւսակներում

Amnesty International-ի յայտարարութեան համաձայն ՀՀ-ում ԶԼՄ-ների բեւեռացումը, խմբագրական անկախութեան բացակայութիւնը մտահոգիչ են՝ աճող ապատեղեկատուութեան եւ ատելութեան խօսքի ֆոնին․

Amnesty International միջազգային կազմակերպութիւնը հրապարակել է իր տարեկան զեկոյցը՝ «Մարդու իրաւունքների վիճակը աշխարհում 2026 թ-ին»։ Այն գնահատում է ազգային, տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումները մարդու իրաւունքների լայն շրջանակի թեմաներով: Զեկոյցն ընդգծում է, թէ ինչպէս են պետութիւնները խաթարել միջազգային կանոնների վրայ հիմնուած համակարգը՝ խոչընդոտելով միլիոնաւոր մարդկանց կեանքի վրայ ազդող խնդիրների լուծմանը: Այն նաեւ բացայայտում է զինուած հակամարտութիւնների, այլախոհութեան ճնշման, խտրականութեան, տնտեսական եւ կլիմայական անարդարութեան, մարդասիրական օգնութեան կտրուկ դադարեցման եւ տեխնոլոգիաների չարաշահման միտումները:

Զեկոյցը փաստաթղթաւորում է մարդու իրաւունքների հետ կապուած մտահոգութիւնները 2025 թուականի ընթացքում 144 երկրներում:

Ըստ այդմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը որեւէ առաջընթաց չէն գրանցել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտութեան ընթացքում ենթադրեալ խախտումների համար պատասխանատուութեան ենթարկելու հարցում: Պատէրազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների բոլոր մեղադրանքները պէտք է ենթարկուեն անաչառ եւ անկախ հետաքննութիւնների, այդ թւում՝ համընդհանուր իրաւասութեան սկզբունքի միջոցով:

Հայաստանը դժուարանում էր բնակարանով եւ ապրուստի միջոցներով ապահովել Լեռնային Ղարաբաղից տեղահանուած աւելի քան 100,000 մարդկանց: Միեւնոյն ժամանակ՝ Ադրբեջանի իշխանութիւնները չէն կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնից տուժած մարդկանց պաշտպանութիւնը։ Հոկտեմբերին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը պարտաւորեցրել է Ադրբեջանին տրամադրել տեղեկութիւններ՝ 23 հայ բանտարկեալների կալանքի եւ առողջական պայմանների մասին, որոնցից ութը փաստացի ԼՂ-ի նախկին պաշտօնեաներ են։

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ի վերաբերեալ միջազգային կառոյցը եզրակացնում է, որ երկրում իրաւապաշտպանների եւ լրագրողների դէմ դատական հայցերը սահմանափակել են խօսքի ազատութիւնը։ Շարունակուել են մտահոգութիւնները ոստիկանութեան կողմից անօրինական ուժի կիրառման համար պատասխանատուութեան բացակայութեան վերաբերեալ։ Դեմքի ճանաչման համակարգն ընդլայնող նոր օրէնքը խախտել է անձնական կեանքի իրաւունքները։

Կալանաւորներին պաշտպանելուն ուղղուած երաշխիքները ամրապնդուել են, չնայած բանտում վատ պայմանների վերաբերեալ մտահոգութիւնները շարունակուել են։

Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը դատապարտել է ԼԳԲՏ ակտիւիստների եւ խտրականութեան դէմ պայքարի օրէնսդրութեան պաշտպանութեան ձախողումները։

Amnesty International-ը յիշեցրել է, որ յունուարին ՀՀ կառավարութիւնը ստորագրել է ռազմավարական գործընկերութեան համաձայնագիր ԱՄՆ-ի հետ։ Մարտին խորհրդարանն ընդունել է «ՀՀ-ի՝ Եւրոպական Միութեանն անդամակցութեան գործընթացի մեկնարկի մասին» օրէնքն, իսկ օգոստոսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրել են ԱՄՆ-ի միջնորդութեամբ կնքուած համատեղ հռչակագիր, որի նպատակն է «դադարեցնել ռազմական գործողութիւնները, լուծել տարածքային վէճերը եւ ստեղծել առեւտրային միջանցք» Հայաստանի հարաւով դէպի ադրբեջանական Նախիջեւան։ Հայաստանի անցումը դէպի արեւմտամէտ արտաքին քաղաքականութիւն եւ Ռուսաստանի հետ աւանդական կապերը նուազեցնելու ջանքերը քաղաքականապէս բաժանարար էին, ինչը խթանում էր ապատեղեկատուական արշաւները եւ ատելութեան խօսքն ամբողջ երկրում: Յունիսին իշխանութիւնները յայտարարեցին, որ խափանել են յեղաշրջումը՝ ձերբակալելով Ռուսաստանի հետ կապուած ազդեցիկ գործարարի:

Տնտեսական եւ սոցիալական մարտահրաւէրները շարունակուել են։ ԱՄՆ արտաքին օգնութեան աւելի լայն սառեցման շրջանակներում USAID-ի գործողութիւնների կտրուկ փակումը կրճատել է բազմաթիւ ՀԿ-ների ֆինանսաւորումը Հայաստանում, այդ թւում՝ նրանց, ովքեր ձգտում էին սոցիալական եւ տնտեսական աջակցութիւն ցուցաբերել խոցելի խմբերին:

Խոսքի ազատութիւն

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպութիւնը բարելաւել է Հայաստանի վարկանիշն իր մամուլի ազատութեան մասին ամենամեայ զեկոյցում: Այնուամենանիւ, լրատուամիջոցների բեւեռացումը, պետութիւնից խմբագրական անկախութեան բացակայութիւնը եւ լրագրողների անվտանգութիւնը շարունակում են մտահոգիչ մնալ՝ աճող ապատեղեկատուութեան եւ ատելութեան խօսքի ֆոնին։

Հաղորդուել է, որ կառավարութիւնը եւ կորպորատիւ գործիչները նախաձեռնել են նոր ռազմավարական դատական հայցեր հանրային մասնակցութեան դէմ, որոնց թիրախում են լրագրողներն ու մարդու իրաւունքների պաշտպանները, այդ թւում՝ կանանց եւ շրջակայ միջավայրի իրաւունքների պաշտպանները։

Աւելին, լրատուամիջոցներին եւ մարդու իրաւունքների պաշտպաններին թիրախաւորող դատական հայցերի աճը շարունակել է ունենալ անհանգստացնող ազդեցութիւն։ Ապրիլ-յունիս ամիսներին լրագրողների եւ լրատուամիջոցների դէմ յարուցուել է 29 գործ՝ «վիրաւորանքի» կամ «զրպարտութեան» համար։

Հաւաքների ազատութիւն

Ոստիկանութեան բարեփոխումները չէն կարողացել մեղմել մտահոգութիւնները ցոյցերի ժամանակ չափազանց ուժի կիրառման եւ ոստիկանութեան հաշուետուողականութեան պակասի վերաբերեալ։ Սա յատկապէս վերաբերում էր 2024 թուականի մայիս եւ յունիս ամիսներին հակակառավարական բողոքի ցոյցերի ժամանակ մարդու իրաւունքների խախտումներին։

Չնայած ոստիկանութեան կողմից ուժի անօրինական կիրառման բազմաթիւ ապացոյցներին՝ յետագայ քրէական գործերը յարուցուել են միայն ցուցարարների՝ ընդհանուր առմամբ 16 մարդու դէմ, այլ ոչ թէ որեւէ ոստիկանի։

Գաղտնիութեան իրաւունք

Օգօստոսին խորհրդարանն ընդունել է փոփոխութիւններ, որոնք թոյլ են տալիս ոստիկանութեանը հասանելիութիւն ունենալ հանրային տարածքներում, այդ թւում՝ տրանսպորտային հանգոյցներում եւ հանրային շէնքերում տեղադրուած տեսախցիկներից ուղիղ հեռարձակումներին եւ այդ հեռարձակումներում ինտեգրել դէմքի ճանաչման համակարգը։ Փոփոխութիւնները մտահոգութիւններ են առաջացրել օրէնքի սարսափեցնող ազդեցութեան եւ անձնական կեանքի անձեռնմխելիութեան, խաղաղ հաւաքների ազատութեան եւ խտրականութիւնից ազատութեան իրաւունքների խախտումների վերաբերեալ։

Խոշտանգումներ եւ վատ վերաբերմունք

Ապրիլին խորհրդարանը փոփոխութիւններ է կատարել «Ձերբակալուածների եւ կալանաւորուածների հետ վարուելակերպի մասին» օրէնքում՝ «կալանաւորուածներին պաշտպանելու համար նախատեսուած երաշխիքներն ուժեղացնելու համար՝ ներառեալ Ստամբուլի արձանագրութեան համաձայն վնասուածքների պարտադիր բժշկական փաստաթղթաւորումը»։

Յունիսին ՄԱԿ-ի Խոշտանգումների դէմ պայքարի կոմիտէն հրապարակել է իր եզրափակիչ դիտարկումները Հայաստանի հինգերորդ պարբերական զեկոյցի վերաբերեալ։ Այն լուրջ մտահոգութիւններ է յայտնել խոշտանգումների համար ցածր պատիժների, զոհերի համար փոխհատուցման սահմանափակ հասանելիութեան եւ քննչական մարմինների անկախութեան բացակայութեան վերաբերեալ։ Այն նաեւ մտահոգութիւններ է յայտնել նախնական կալանքի բարձր մակարդակի, գերբնակեցման եւ բանտային վատ պայմանների վերաբերեալ։

Share