Այս իշխանութիւնը հերթական անգամ փորձ է անում իր աթոռը պահելու համար մանեւրել, երբ պէտք է դառնում են արեւմտամէտ, երբ պէտք է՝ խիստ ռուսամէտ. այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ -ում լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը:
Ըստ նրա՝ իշխանութիւնները, երբ իրենց ձեռնտու է, դառնում են արեւմտամէտ, իսկ երբ պէտք է՝ ռուսամէտ։ Ռուստամեանը յաւելել է, որ իշխող ուժի նպատակն է ցոյց տալ, թէ իրենք ընդունելի են բոլորի համար։ «Բայց անցած ճանապարհ կայ, կատարուած գործողութիւններ, քայլեր, որոնք ցոյց են տալիս, որ իրենց յայտարարութիւններն անհամատեղելի են իրենց գործերի հետ։ Իրենք այնքան են հեռացրել յարաբերութիւնների վեկտորները Ռուսաստանից դէպի Արեւմուտք, որ դժուար են կարողանալու տեղաւորուել 2 կողմերի համար ֆաւորիտը համարուելու միտումից», – ընդգծել է Արմէն Ռուստանեանը:
Նա կոչ արեց վարել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ յարաբերութիւնները համատեղելու քաղաքականութիւն, այլ ոչ թէ հետեւել «կամ/կամ» սկզբունքին, ինչն էլ ներկայումս անում են իշխանութիւնները։ ««Եթէ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները չէն վատթարացել, ապա ինչո՞ւ Ռուսաստանի նախագահը տեսախցիկի առջեւ յայտարարեց ՌԴ-ի հետ յարաբերութիւնների վատթարացման դէպքում Հայաստանի համար սպասուող հետեւանքների մասին։ Իշխանութիւնները բոլոր հարթակներում խօսում են ընդդիմութեան մասին՝ որպէս Կրեմլի ագենտների, այդ պատճառով եւրոպական կառոյցները աչք են փակում մարդու իրաւունքների խախտումների վրայ, քանի որ կարծում են, թէ դա տեղի է ունենում իբր Կրեմլի ագենտների նկատմամբ։ Նոյնը տեղի ունեցաւ նաեւ եկեղեցու պարագայում», – եզրափակել է Ռուստամեանը։
Անդրադառնալով առաջիկայ ընտրութիւններին Արմէն Ռուստամեանն ասաց՝ եթէ այս իշխանութիւններն առաջիկայ ընտրութիւններում յաջողէն, ուրեմն կ’ունենանք ոչ թէ խորհրդարանական ընտրութիւններում ձեւաւորուած Ազգային ժողով, այլ՝ Միլլի մէջլիս։
«Դրանից յետոյ ընդդիմադիրները կը մտածէն մտնե՞լ Միլլի մէջլիս, թե՞ ոչ»,-ասաց նա։
Խոսելով ընդդիմութեան անելիքների մասին, Արմէն Ռուստամեանն ասաց. «Ընդդիմութիւնը, անկախ ամէն ինչից, մի պարզ տրամաբանութիւն պէտք է ընդունի. այսօր ոչ ոք չի կարող առանձնաբար յաջողել այս ընտրութիւններում, 50%-ից աւել ոչ ոք չունի, բայց միասնական ընդդիմութիւնը կարող է այո ունենալ աւելին, քան այսօրուայ գործող իշխանութիւնն է: Եւ սա նշանակում է, որ պէտք է առաջին հերթին հասնել մասնակցութեան տոկոսի բարձր մակարդակի: Դա է տեղի ունենում բոլոր տեղէրում: Տեսնում եք, որտեղ որ իշխանութիւնը պարտւում է, պարտւում է, երբ որ մասնակցութիւնը բարձր տոկոս է գրանցել: Հունգարիայի օրինակը ձեզ օրինակ։ Այսինքն այստեղ, օրինակ, եթէ 60% մասնակցութիւն ունենայ, այս իշխանութիւնները վերընտրուելու տարբերակ չունեն: Բացառուած է: Խոսքն ընդդիմութեան մեծ շանս ունենալու մասին է։ Ընդդիմութիւնը պէտք է աշխատի ընդհանուր ընդդիմութեան ձայները մեծացնելու ուղղութեամբ։ Թէ այդտեղ ով ինչ տոկոս կ’ունենայ, ինձ այդքան հետաքրքիր չէ։ Կարեւորը, որ բոլորը միասին ունենան աւելի շատ մանդատ, քան այսօրուայ գործող իշխանութիւնը։ Դա հնարաւոր է անել ջանքերը համադրելով:
Այսօր ընտրական գործընթացներն ամբողջութեամբ վերահսկելու հարց գոյութիւն ունի։ 2000-ից աւելի տեղամաս կայ եւ այդ տեղամասերում պէտք է ամբողջական վերահսկողութիւն իրականացնել։ Ոչ մի քաղաքական ուժ դա ամբողջական ծածկելու հնարաւորութիւն չունի։ Իսկ վերահսկել անհրաժեշտ է, որովհետեւ այս իշխանութիւններն իրենց իշխանութիւնը պահելու համար ամէն ինչի գնալու են՝ կեղծիքներ էլ կանէն, ամէն ինչ էլ կանէն։ Ես չեմ կասկածում, որովհետեւ իրենց համար կեանքի-մահու հարց է։ Այսօր փաթեթներով գործեր են սպասւում այս իշխանութիւններին դատարաններում այս հարցերը հետապնդելու համար։ Իրենք շատ լաւ գիտէն դրա մասին»։
Մանրամասն՝ տեսանիւթում
