Այվազեանը TRIPP-ի պարագայում առանձնացրեց չորս հիմնական չափանիշ, որոնք, իր գնահատմամբ, պէտք է դիտարկել հնարաւոր ռիսկերի տեսանկիւնից։
Հայաստանը պէտք է տարածաշրջանային հաղորդակցութիւնների սեփական ճարտարապետութիւնը մշակի եւ ենթակառուցուածքային որեւէ նախագծի դէպքում պահպանի ոչ միայն իրաւական ինքնիշխանութիւնը, այլեւ իրական վերահսկողութիւնն ու հետագայում իր քաղաքականութիւնը փոխելու հնարաւորութիւնը։ Այս մասին «TRIPP. Վտանգաւոր հարցերի ճամփաբաժանին» աշխատաժողովին յայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազեանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» (TRIPP) նախագծին։
Նրա խօսքով՝ Հայաստանի ազգային շահերից են բխում հաղորդակցութիւնների բացումը, հարեւանների հետ առեւտրի ընդլայնումը, նոր շուկաներ դուրս գալը, ներդրումների ներգրաւումն ու կայուն տնտեսական զարգացումը։ Սակայն, ըստ նախկին արտգործնախարարի, հաղորդակցութիւնների բացմանը կողմ լինելը չի նշանակում համաձայնել դրանց իրականացման ցանկացած մոդելի հետ։
«Իհարկէ, մեզ պէտք են ճանապարհներ, բայց մեզ անհրաժեշտ է ազատութիւն՝ ընտրելու, թէ ուր են տանում այդ ճանապարհները եւ, ի վերջոյ, ում օգտին են դրանք աշխատելու, ում են ծառայելու»,– ասաց Այվազեանը։
Նա ընդգծեց, որ կառուցուող ենթակառուցուածքը միայն ճանապարհ, երկաթուղի կամ բեռնափոխադրման տերմինալ չէ։ Խօսքը տասնամեակների համար ստեղծուող համակարգի մասին է, որը կարող է փոխել ոչ միայն ապրանքների տեղաշարժը, այլեւ տարածաշրջանի աշխարհատնտեսական հաւասարակշռութիւնը, ազդեցութիւնների բաշխումն ու կապակցուածութեան բնոյթը։
«Մենք գործ ունենք աշխարհաքաղաքական, տնտեսական նոր ճարտարապետութեան հետ, եւ այսօր մենք քննարկում ենք ընդամէնը երթուղիները։ Վաղը մենք խօսելու ենք հնարաւոր կախուածութեան մասին, իսկ ընդամէնը միւս օրը կարող ենք փաստել, որ գործ ունենք մի համակարգի հետ, որը փոխելն անհնարին է»,– նշեց նախկին արտգործնախարարը։
Այվազեանը TRIPP-ի պարագայում առանձնացրեց չորս հիմնական չափանիշ, որոնք, իր գնահատմամբ, պէտք է դիտարկել հնարաւոր ռիսկերի տեսանկիւնից՝ ինքնիշխանութիւնն ու իրական վերահսկողութիւնը, Հայաստանի տնտեսական շահը, 49 տարուայ ընթացքում եւ դրանից յետոյ համակարգի հնարաւոր զարգացումը, ինչպէս նաեւ Հայաստանի ռազմավարական ընտրութեան ազատութիւնը։
Առաջին հարցը, նրա խօսքով, վերաբերում է ինքնիշխանութեանը եւ իրական վերահսկողութեանը։
Այվազեանը յիշեցրեց, որ մինչեւ TRIPP-ի ի յայտ գալը Թուրքիան եւ Ադրբեջանն առաջ էին մղում եւ հիմա էլ շարունակում են առաջ մղել «Զանգեզուրի միջանցքի» հայեցակարգը։ Միաժամանակ նա ընդգծեց, որ իրաւական տեսանկիւնից TRIPP-ն ու այդ հայեցակարգը նոյնացնել չի կարելի։
«Այսօր ֆորմալ առումով մենք գործ ունենք իրաւական եւ ինստիտուցիոնալ այլ կառոյցի հետ, այս պահին իրաւական առումով չի կարելի նոյնը համարել, սակայն չի կարելի բացառել, որ ժամանակի ընթացքում այս ենթակառուցուածքը կարող է հարեւանների կողմից ձեռք բերել առաջ մղուող մոդելի գործառոյթները։ Այսինքն՝ միջանցքի կոնցեպտի բացակայութիւնը չի բացառում միջանցքային կախուածութիւնը»,– ասաց Այվազեանը։
Այվազեանի համոզմամբ՝ ինքնիշխանութիւնը չպէտք է գնահատել միայն փաստաթղթերում ամրագրուած դրոյթներով։ Նրա ձեւակերպմամբ՝ ինքնիշխանութիւնը նաեւ սեփական տարածքում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ պետութեան իրական վերահսկողութեան կարողութիւնն է։
«Կարելի է պահպանել դրօշը, օրէնքներն ու սահմանը եւ միաժամանակ թոյլ տալ այնպիսի տնտեսական ենթակառուցուածքի ձեւաւորում, որը հետագայում անհնարին կը դարձնի վարել լիարժէք սեփական քաղաքականութիւն»,– յայտարարեց նախկին նախարարը։
Այվազեանի առանձնացրած երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի տնտեսական շահին։ Նրա խօսքով՝ անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն այն, թէ նախագծից ինչ շահ են ստանալու միւս մասնակիցները, այլ առաջին հերթին՝ ինչ տնտեսական արդիւնք է ունենալու Հայաստանը։
«Մեզ ասում են, որ այս գործընթացի արդիւնքում Հայաստանը դառնում է տարանցիկ երկիր. տարանցիկութիւնը դեռ չի նշանակում տնտեսական զարգացում»,– նշեց նա։
Նախկին արտգործնախարարը բացատրեց, որ Հայաստանի տարածքով մեծածաւալ բեռնափոխադրումների իրականացումն ինքնին դեռ չի երաշխաւորում երկրի տնտեսութեան համար համարժէք արդիւնք։ Նա մանրամասնեց, որ եթէ բեռներն անցնում են Հայաստանի տարածքով, սակայն դրանց հետ կապուած աւելացուած արժէքը ստեղծւում է այլ երկրներում, ապա Հայաստանը կարող է ունենալ մեծ բեռնահոսք՝ առանց դրան համարժէք տնտեսական ազդեցութիւն ստանալու։
Այվազեանի կարծիքով՝ Հայաստանի նպատակը պէտք է աւելի յաւակնոտ լինի. ենթակառուցուածքը պէտք է ոչ միայն անցնի երկրի տարածքով, այլեւ աշխատի Հայաստանի տնտեսութեան համար։ Այս համատեքստում նա յատկապէս կարեւորեց Սիւնիքի տնտեսական զարգացման հարցը։
«Ամենակարեւորը՝ պէտք է ապահովի Սիւնիքի տնտեսական վերափոխումը։ Եթէ սա տեղի չունենայ, մենք պարադոքսալ իրավիճակի առջեւ ենք յայտնուելու. ՀՀ աշխարհագրութիւնն աւելի կարեւոր է լինելու՝ ի հաշիւ մեր տնտեսական զարգացման»,– շարունակեց Այվազեանը։
Նախկին արտգործնախարարի առանձնացրած երրորդ խնդիրը վերաբերում է նախագծի երկարաժամկէտ բնոյթին եւ յատկապէս 49 տարուայ ժամանակահատուածին։
Նա նշեց՝ 49 տարին գրեթէ կէս դար է, որի ընթացքում կարող են փոխուել Հայաստանի եւ այլ երկրների կառավարութիւնները, պետութիւնների ղեկավարները, միջազգային համակարգը, երկրների միջեւ յարաբերութիւնները, առեւտրային ճանապարհները, էներգետիկ համակարգերը, տեխնոլոգիաներն ու մասնակիցների շահերը։
Մինչդեռ խոշոր ենթակառուցուածքները, նրա գնահատմամբ, շատ աւելի մեծ իներցիա ունեն եւ արագ չեն փոփոխւում։
«Եթէ մի ուղին դառնում է չափազանց նշանակալի, դրա շուրջ կուտակւում են ներդրումներ, ձեւաւորւում են մատակարարման շղթաներ եւ շահերի յատուկ խմբեր»,– նշեց Այվազեանը։
Հետեւաբար, ըստ նրա, Հայաստանի համար առանցքային նշանակութիւն պէտք է ունենայ ընդունուած որոշումների հետադարձելիութիւնը կամ հետագայում դրանք վերանայելու հնարաւորութիւնը։
«Մեզ չպէտք է հետաքրքրի, թէ ինչ ենք ստանում TRIPP-ից այսօր, այլ պէտք է հետաքրքրի, թէ ինչ կարող ենք փոխել 10–20 տարի յետոյ, երբ հասկանանք, որ համակարգը չի աշխատում ՀՀ շահերի օգտին»,– ասաց նախկին արտգործնախարարը։
Նրա ներկայացրած չորրորդ չափանիշը Հայաստանի ռազմավարական ընտրութեան ազատութիւնն է։ Այվազեանի կարծիքով՝ TRIPP-ի միջոցով արեւելք–արեւմուտք ուղղութեամբ կապերի զարգացումը կարող է Հայաստանին հնարաւորութիւն տալ խորացնելու տնտեսական կապերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչպէս նաեւ ներդրումների նոր աղբիւրներ ներգրաւելու։
Միաժամանակ նախկին արտգործնախարարը պնդեց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի երկարաժամկէտ ռազմավարական շահերը հաշուի առնելով՝ Հայաստանը պէտք է յստակ տարբերակի տարածաշրջանային կապակցուածութիւնն արտաքին կախուածութիւնից։
«Մենք չպէտք է խառնենք եւ պէտք է կարողանանք սկզբունքօրէն տարբերակել կապակցուածութիւնը կախուածութիւնից։
Կապակցուածութիւնն աւելացնում է հնարաւորութիւնները, իսկ կախուածութիւնը նուազեցնում է դրանք»,– եզրափակեց Արա Այվազեանը։
