21 դպրոց է փակուել Փաշինեանի իշխանութեան 6 տարում

21 դպրոց է փակուել Փաշինեանի իշխանութեան 6 տարում

Տարեցտարի ՀՀ-ում պետական հանրակրթական դպրոցների թիվը նվազում է. հատկապես վերջին շրջանում կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերից մեկն անպայման վերաբերվում է որևէ դպրոցի լուծարմանը։Պարբերաբար տեղի ունցող բողոքի ակցիաներն այս կամ այն դպրոցի փակման խնդրով են, բողոքի են դուրս գալիս կամ ուսուցիչները կամ աշակետներն ու ծնողները։

Հանրակրթական դպրոցների թվի նվազման միտումը, ըստ էության, կապված է դպրոցների օպտիմալացման ծրագրերի հետ։ Ցածր թվաքանակով աշակերտ ունեցող դպրոցները փակվում են, և աշակերտները տեղափոխվում են մոտակա համայնքի դպրոցներ։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, որպես կանոն, լուծարման վտանգի տակ են հայտնվում հիմնանորոգման ենթակա դպրոցները, սկզբնական փուլում ընդգրկվում են հիմնանորոգման ծրագրում, հետո պարզվում է, որ հիմնանորոգելու, դպրոցի վրա գումարներ ծախսելու փոխարեն Փաշինյանի իշխանությունը նախընտրում է փակել տվյալ դպրոցն ու միավորել մեկ այլ դպրոցին։

Փաստորեն, գիտելիքահեն հասարակության ձգտող կամ ձգտելու իմիտացիա ստեղծող իշխանության համար դպրոցը մեծ բեռ է. չկա դպրոց, չկա խնդիր ու գլխացավանք։ Ուսումնասիրելով տարբեր տարիների վիճակագրությունը՝ հետևյալ թվային պատկերն ենք ստացել․

2017/2018 ուսումնական տարում հանրապետությունում գործել է հանրակրթական ծրագրեր իրականացնող 1,421 դպրոց.

2018/2019 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 1,409 հանրակրթական դպրոց.

2019/2020 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 1,400 հանրակրթական դպրոց.

2020/2021 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 1,402 հանրակրթական դպրոց, որոնց թվում ավելացած 2 դպրոցը ոչ պետական է, այսինքն՝ տյալ դպրոցների կազմավորման գործում պետությունը որևէ ներդրում չի ունեցել.

Նույն պատկերն է2021/2022 ուսումնական տարում. գործել է 1,402 հանրակրթական դպրոց, որից 2-ը՝ ոչ պետական.

Ուշագրավ պատկեր է2022/2023 ուսումնական տարում. դարձյալ նվազման միտում կա, գործել է 1,400 հանրակրթական դպրոց.

Ընթացիկ տարին թեև նոր է սկսվել, բայց արդեն տարբեր դպրոցների ու կրթական հաստատությունների փակման խնդրով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, ահազանգեր են հնչեցվել։ Թե ինչ պատկեր կունենանք տարեվերջին, ժամանակը ցույց կտա։

Հերմինէ Զեյնալեան

«ԵՐԿԻՐ»

Share