Թագուհի Թովմասեանը միջազգային կառոյցներին ահազանգել է Բաքւում պահուող հայ գերի Վիգէն Էուլջեքեանի նկատմամբ կատարուածի վերաբերեալ

Թագուհի Թովմասեանը միջազգային կառոյցներին ահազանգել է Բաքւում պահուող հայ գերի Վիգէն Էուլջեքեանի նկատմամբ կատարուածի վերաբերեալ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասեանը հրատապ գրութիւններ է ուղարկել միջազգային
իրաւասու օղակներին՝ պահանջելով թիրախային գնահատական տալ նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինուորականների կողմից գերեւարուած ու Բաքւում պահուող Վիգէն Էուլջեքեանի նկատմամբ կատարուածի վերաբերեալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշուած է Թագուհի Թովմասեանի տարածած հաղորդագրութեան մէջ.

«Բաքւում ի՜նչ խոշտանգումների պէտք է ենթարկած լինէն հայ գերուն, որ ծնողին
խնդրի փրկել իրեն եւ ազատել մահից․ Պաշտօնական Բաքուի անմարդկայնութիւնը
որեւէ բարոյական սահման չունի։

2020 թուականի նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինուորականների կողմից գերեւարուած Վիգէն Էուլջեքեանի կինը՝ Լինդայ Էուլջեքեանն, ահազանգել է, որ գերեւարուած Վիգէն Էուլջեքեանը ենթարկւում է ծեծի, խոշտանգումների, անմարդկային եւ դաժան վերաբերմունքի եւ ունի հրատապ օգնութեան կարիք։ 1 շաբաթ առաջ էլ Վիգենի հետ խօսել է մայրը։ Վերջինս պնդում է, որ որդու կեանքին վտանգ է սպառնում, քանի որ հիւանդ է եւ հրաժարւում է սնունդ ընդունել․ Վիգենը 95 կգ էր, ապօրինի բանտարկութեան ընթացքում դարձել է 45 կգ: Հեռախօսազրոյցի ընթացքում որդին խնդրել է մօրը փրկել իրեն, ազատել մահից։

Ադրբեջանական այս յանցագործութիւններն ամբողջութեամբ խախտում են «Ռազմագերիների հետ վարուելակերպի մասին» 1949 թուականի օգոստոսի 12-ի ժնեւի կոնուենցիայով ամրագրուած արգելքները։ Մասնաւորապէս, Կոնուենցիայում արձանագրուած է, որ ռազմագերիների հետ պէտք է մշտապէս վարուել մարդասիրաբար:

Գերութեան մէջ պահող տէրութեան ցանկացած ակտը կամ անգործութիւնը, ինչը յարուցում է նրա իշխանութեան տակ գտնուող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջութիւնը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելւում են եւ կդիտուէն որպէս սոյն Կոնուենցիայի լուրջ խախտումներ: Գերութեան մէջ պահող տէրութիւնը պարտաւոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նաեւ բժշկական օգնութիւնը, որ կը պահանջի նրանց առողջական վիճակը։ Օրական հիմնական կերաբաժինն իր որակով, քանակով, բազմազանութեամբ պէտք է բաւարար լինի այն բանի համար, որպէսզի պահպանուի ռազմագերիների առողջութեան բարվօք վիճակը, եւ թոյլ չտրուէն նրանց քաշի կորուստ կամ երեւոյթներ` կապուած սննդի անբաւարար լինելու հետ:

Գերութեան մէջ պահող տէրութիւնն է պատասխանատուութիւն կրում ռազմագերիների հետ վարուելակերպի համար, ուստի հրատապ գրութիւններ եմ ուղարկել միջազգային իրաւասու օղակներին, որոնցով՝

պահանջել եմ յստակ քայլեր եւ թիրախային գնահատական հայ գերի Վիգէն Էուլջեքեանի նկատմամբ կատարուածի վերաբերեալ,

Խնդրել եմ իրենց ուժերի առաւելագոյնը ներդնել հայ ռազմագերիների հայրենադարձման գործընթացը հնարաւորինս շուտ իրականացնելու նպատակով՝ դաժան, անմարդկային վերաբերմունքից եւ խոշտանգումներից նրանց ձերբազատելու համար,

խնդրել եմ միջնորդել իմ եւ Վիգէն Էուլջեքեանի հեռախօսային զրոյցի կազմակերպմանը։

Միջազգային կառոյցներին եւս մէկ անգամ ահազանգում եմ՝ հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձումը Ժնեւեան կոնուենցիայով սահմանուած պարտաւորութիւն է Ադրբեջանի համար, որի իրականացման համար ձեւաւորուել է միջազգային հանրութեան ուղիղ միջամտութեան հրատապ անհրաժեշտութիւնը՝ ի պաշտպանութիւն հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց կեանքի իրաւունքի։ Գործէ՛ք, քանի դեռ շատ ուշ չէ»:

Share