Այսօր արցախահայութիւնը կրկին օղակի մէջ է. Արցախի ԱԳՆ յայտարարութիւնը՝ «Օղակ» գործողութեան տարելիցին

Այսօր արցախահայութիւնը կրկին օղակի մէջ է. Արցախի ԱԳՆ յայտարարութիւնը՝ «Օղակ» գործողութեան տարելիցին

Արցախի ԱԳՆ յայտարարութիւնը՝ «Օղակ» գործողութեան 32-րդ տարելիցի կապակցութեամբ․

Ուղիղ 32 տարի առաջ՝ ապրիլի 30-ին, սկսուեց «Օղակ» («Кольцо») գործողութիւնը, որի անուանումն արդէն իսկ վկայում էր դրա պատժիչ բնոյթի մասին։ 1991 թուականի ապրիլից մինչեւ օգոստոս մի քանի փուլով իրականացուած գործողութեան հիմնական նպատակն էր ուժով ճնշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կամարտայայտութիւնն ու ստեղծել պայմաններ հայրենի հողից նրա արտագաղթի համար։

Մասնաւորապէս, 1991 թուականի ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՕՄՕՆ-ի ջոկատները՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զօրքերի եւ 4-րդ բանակի ստորաբաժանումների (Կիրովաբադ քաղաքում տեղակայուած 23-րդ դիւիզիայ) հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայ բնակչութեան տեղահանման լայնամասշտաբ ռազմաական գործողութիւն։1991 թ. սկզբից Ադրբեջանում գրեթէ բացայայտ, ամենաբարձր մակարդակով պարբերաբար սկսեցին հնչեցնել այն միտքը, որ հայերը պէտք է վտարուէն Ղարաբաղից, եթէ համաձայն չէն ենթարկուել Ադրբեջանին: 1991 թ. մարտի 25-ից ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեց կանոնաւոր կերպով գնդակոծել Գետաշէն եւ Մարտունաշէն գիւղերը: Ապրիլի 16-ից դադարեցուեց Շահումեանի շրջանի էներգամատակարարումը, անջատուեց հեռախօսակապը: Ապրիլի 19-ին Գետաշէն գիւղում տեղակայուած ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զօրքերի անձնակազմը դուրս բերուեց գիւղից: Ապրիլի 21-ին, Բաքուի պահանջով, արգելուեցին Երեւան-Շահումեան կանոնաւոր ուղղաթիռային չուերթները:

Ապրիլի 30-ին Գետաշէն եւ Մարտունաշէն գիւղերի զանգուածային գնդակոծութեամբ սկսուեց «Օղակ» գործողութիւնը, որի ժամանակ խաղաղ բնակչութեան դէմ առաջին անգամ կիրառուեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Հայկական գիւղերը հերթականութեամբ օղակի մէջ էին առնւում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զօրքերի եւ խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից:

Այնուհետեւ ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու միլիցիան մտնում էին այդ գիւղերը՝ պաշտօնապէս իբրեւ թէ «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչութեան սպանութեան, կողոպուտի, ահաբեկման եւ դրան յաջորդող տեղահանութեան նպատակով։Գործողութեան արդիւնքում ամբողջովին ամայացան ու աւերուեցին Հիւսիսային Արցախի, ինչպէս նաեւ Շահումեանի, Հադրութի եւ Շուշիի շրջանների աւելի քան երկու տասնեակ գիւղեր, տեղահանուեց գրեթէ տաս հազար մարդ, աւելի քան հարիւրը սպանուեց, մի քանի հարիւր մարդ գերեւարուեց: Նրանցից շատերի ճակատագիրն առայսօր յայտնի չէ:Ծայրահեղ դաժանութեամբ եւ մարդու իրաւունքների զանգուածային խախտումներով աչքի ընկնող «Օղակ» գործողութիւնը կտրուկ բարձրացրեց լարուածութեան մակարդակը տարածաշրջանում, եւ ադրբեջանայ-ղարաբաղեան հակամարտութիւնը տեղափոխեց ռազմական հարթութիւն՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի յետագայ լայնածաւալ ագրեսիայի նախերգանքը:

Ցաւօք, «Օղակ» գործողութեան ընթացքում կատարուած զանգուածային յանցագործութիւնները եւ մարդու իրաւունքների խախտումներն այդպէս էլ չարժանացան միջազգային հանրութեան քաղաքական, իրաւական եւ բարոյական պատշաճ գնահատականին, իսկ այս պատժիչ գործողութեան գաղափարախօսները, կազմակերպիչներն ու իրականացնողները մնացին անպատիժ։Արդիւնքում այսօր մենք տեսնում ենք, թէ ինչպէս են կրկնւում եւ անպատիժ մնում 30 տարի առաջ տեղի ունեցած յանցագործութիւնները, այդ թւում՝ ռազմական ագրեսիան, տարածքների օկուպացիան, սպանութիւնները, էթնիկ զտումներն ու ահաբեկչութիւնը Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ադրբեջանի ներկայիս ղեկավարները հնչեցնում են նոյն մտքերը՝ եթէ հայերը համաձայն չէն ենթարկուել Բաքուին, ապա նրանց պէտք է վտարել Ղարաբաղից։ Ինչպէս եւ 30 տարի առաջ, այս ամէնը տեղի է ունենում միջազգային հանրութեան լուռ համաձայնութեամբ եւ աղաղակող անտարբերութեան ներքոյ՝ լիակատար անպատժելիութեան եւ ամենաթողութեան մթնոլորտում։ Այսօր Արցախի ժողովուրդը կրկին օղակի մէջ է յայտնուել՝ աւելի քան 4 ամիս շարունակւում է շրջափակումն Ադրբեջանի կողմից, որը, արդէն պաշտօնապէս փակելով Լաչինի միջանցքը, փորձում է ապօրինի հսկիչ անցակէտ տեղակայել ռուսական խաղաղապահ զօրախմբի պատասխանատուութեան գոտում՝ դրանով իսկ կոպտօրէն խախտելով 2020 թուականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրուած Եռակողմ յայտարարութեան հիմնարար կէտէրից մէկը։

Այն փաստը, որ 30 տարի անց Արցախը կրկին կանգնած է գոյաբանական նոյն սպառնալիքի առաջ, ինչ եւ ադրբեջանայ-ղարաբաղեան հակամարտութեան արդի փուլի ամենասկզբում, ապացուցում է, որ Արցախի ժողովրդին ոչնչացնելու մտադրութիւնն Ադրբեջանի պետական քաղաքականութեան մի մասն է, որի հիմքերը դրուել են դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում, եւ որը յետագայում համակարգուած եւ հետեւողականօրէն իրականացուել է այդ երկրի բոլոր իշխանութիւնների կողմից:

Այսօր մենք եւս մէկ անգամ գլուխ ենք խոնարհում դաժան, յանցաւոր «Օղակ» գործողութեան բոլոր անմեղ զոհերի յիշատակի առջեւ եւ կրկին յորդորում ենք միջազգային հանրութեանն ու առաջին հերթին՝ միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանման համար անմիջական պատասխանատուութիւն կրող ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին, վերջապէս հրաժարուել անհանգստութիւն արտայայտող արարողակարգային բնոյթի ձեւակերպումներից ու երկու կողմերին ուղղուած կոչերից եւ ձեռնարկել հրատապ ու գործնական քայլեր՝ կանխելու նման վայրագութիւնների եւ մարդու իրաւունքների զանգուածային խախտումների կրկնութիւնը, ինչպէս նաեւ Ադրբեջանի ցեղասպանական ու ծաւալապաշտական մտադրութիւններն Արցախի եւ Հայաստանի նկատմամբ։

Համոզուած ենք, որ այս ուղղութեամբ առաջին քայլը կարող է լինել Ադրբեջանի աւտօրիտար իշխանութիւններին համոզելը, իսկ անհրաժեշտութեան դէպքում՝ հարկադրելը կատարել իրենց միջազգային պարտաւորութիւնները եւ միջազգային իրաւունքի նորմերը, ներառեալ՝ Արդարադատութեան միջազգային դատարանի իրաւաբանօրէն պարտադիր որոշումները։ Առանց այդ ամէնի ցանկացած յղում միջազգային իրաւունքի վրայ հիմնուած միջազգային կարգին անհիմն է։

Share