Ադրբեջանցիները, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները. Պետնախարարը մանրամասներ է ներկայացրել

Ադրբեջանցիները, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները. Պետնախարարը մանրամասներ է ներկայացրել

023 թուականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակէտ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետեւանքով Արցախի Հանրապետութեան Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մէջ` կտրուելով ինչպէս Ստեփանակերտից, այնպէս էլ ՀՀ-ից:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ֆեյսբուքեան իր էջում գրառում է կատարել ԱՀ պետական նախարար Գուրգէն Ներսիսեանը: «Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շէն, Հին Շէն, Եղցահող եւ Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արուել Կարմիր խաչի արցախեան գրասենեակի միջոցով այդ համայնքներին սնունդ եւ դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը արդիւնք չէն տուել: Ռուս խաղաղապահների աջակցութեամբ սկզբնական օրերին ծնողների մօտ են վերադարձուել Գորիս քաղաքում մնացած երեք անչափահաս  երեխաները, իսկ մնացածների վերադարձն Ադրբեջանը արգելել էր: 

Լիակատար ու երկկողմանի շրջափակման մէջ գտնուող գիւղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ  բնակիչներ դիմել են տեղում ծառայութիւն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թոյլատրուել է առանց զննութեան մասնաւոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մօտ տեղադրուած անցակէտով` նախապէս հաւաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որեւէ հսկողական միջամտութիւն չի լինելու: Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցութեամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակէտի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակէտում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար:

Սա հերթական ապացոյցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակէտը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթները եւ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը: Արցախի Հանրապետութեան ժողովուրդը սպասում է Լաչինի միջանցքի` Եռակողմ յայտարարութեամբ սահմանուած ռեժիմի վերականգնմանը` 5 կմ լայնութեամբ միջանցք բացառապէս ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողութեամբ», — ասուած է հրապարակման մէջ։ 

Share