Վաչէ Բրուտեանի «Երկիրը Արտերկրէն» գրքի շնորհանդէսը

Վաչէ Բրուտեանի «Երկիրը Արտերկրէն» գրքի շնորհանդէսը

և բարի ճանապարհ ընկեր Վաչէին, Հայաստան փոխադրուելու համար…

ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կեդրոնական Կոմիտէի Նախաձեռնութեամբ Երկուշաբթի, Մարտ 13, 2023ի Երեկոյեան Ժամը 8ին Լաքրասենթայի «Մհեր և Սաթիկ Տէր Յովհաննէսեան» կենտրոնում ՀՅԴ Զաւարեան կոմիտէութեան հիւրընկալ յարկի տակ տեղի ունեցաւ մտաւորական, հրապարակախօս՝ Վաչէ Բրուտեանի «Երկիրը Արտերկրէն» գրքի գինէձօն-շնորհանդէսը:

Միջոցառումը սկսեց հիւրասիրութեամբ, ներկաները հիւրընկալուեցին պատառիկներով ու գինիով: Յայտագիրը սկսուեց ժամը 8:30ին երբ կենտրոնական կոմիտէի անդամ և օրուայ հանդիսավար Յովիկ Սալիպան բացուած յայտարարելով յայտագիրը յայտարարեց որ իր համար պատիւ է այս եզակի երեկոյին հանդիսավարը լինելու հանգամանքը քանի որ գիրքը հեղինակած անձը իր ապրելաոճով անձնական օրինակով, իր նուիրումով, ազնւութեամբ ու համեստութեամբ եզակի անձ է: Նա բացատրեց որ սա նաև իւրայատուկ երեկոյ է այն առումով որ Վաչէ Բրուտեանը երկու օրից Հայաստան կը փոխադրուի այնտեղ վերջնականօրէն հաստատուելու միտումով: Նա նաև մաղթեց, որ ընկեր Վաչէին օրինակին շատերս հետևենք:

Հովիկ Սալիպան նաև համոզում յայտնեց որ Վաչէ Բրուտեանը իր համեստ բնաւորութեան պատճառով այս գիշեր համբերութեամբ պէտք է լսի իր մասին դրուատանքի խօսքերը, բայց նաև պէտք է նկատի ունենալ, որ սա նաև մի առիթ է խօսելու և գնահատելու մտաւորականութիւնն ու նրա դերակատարութիւնը մեր հայրենիքի այս դժնդակ օրերին: Նա նաև ողջունեց Հայաստանի կառոյցի ընկերներից Սպարտակ Ղարաբաղցեանի և Յարութիւն Յարութիւնեանի ներկայութիւնը: (Խօսքերի ամբողջութիւնը տեսնել ներքևի տեսանիւթի մէջ)

Ապա նարինէ Համբարձումեանը ներկայացրեց Վաչէ Բրուտեանի ինքնակենսագրականը: Նարինէ Համբարձումեանը վերջում խօսքը ուղղելով Վաչէ Բրուտեանին ասաց ձեզ համեստ տեսակից մենք միշտ սովորելիք ունենք թէ ձեր համեստութիւնից և թէ ձեր գիտելիքներից:

Յայտագրի յաջորդ բաժնում  կենտրոնական Կոմիտէի անդամ  և ՀՅԴ շրջանի պաշտօնաթերթ «Օրակարգ»ի խմբագիր Զարեհ Աճէմեանը ներկայացրեց «Երկիրը Արտերկրէն» գիրքը և հեղինակը:

Զարեհ Աճէմեանը նախ սկսեց ներկայացնել գրքի մասին տեղեկութիւններ և ապա կանգ առաւ այն «պրիսմակի» վրայ որից հեղինակը դիտել է հայրենիքը և եզրակացրեց որ «երկնային սիրոյ և սրբութեան զգացումը հայրենիքի հանդէպ, և վերածնունդի զգացողութիւնը իր ամբողջ խորութեամբ ներկայ է Վաչէ Բրուտեանի գործերի մէջ: Հեղինակը ինքը յաճախ իրեն ներկայացնում է գեղարուեստական գրականութիւնից հեռու անձ և սոսկ գաղափարական ու քաղաքական գրչի մարդ, սակայն չի կարողանում զսպել իր բանաստեղծական մտածողութիւնը ամեն անգամ երբ առերեսւում է Մասիսի, Արցախի, հայրենի բնութեան ու ժողովրդի ու մինչև անգամ կենդանիների հետ»

Ապա մի քանի մէջբերումներ կատարելով գրքից եզրակացրեց՝ «Հեղինակը անզուգական սիրով ու երազանքով է խօսում իր հայրենիքի մասին, սակայն իր որդիական սէրը այդ բոլորի հանդէպ նրան չի կուրացնում այնպէս, որ չտեսնի իր երկրի, պետութեան կամ ժողովրդի թերութիւնները կամ իրատես ու անողոք քննադատը չդառնայ նրանց սխալների: Ահա Դաշնակցական պատասխանատու գաղափարական և սկզբունքային գործիչի տիպարը, որ իրար է խառնում հայրենի սէրը մի կողմից ու միւս կողմից դէպի լաւն ու առաքինին ձգտելու պատասխանատուութիւնը:

Վաչէ Բրուտեանը ներկայացնում է դաշնակցական այն գաղափարական սերունդը, որ բարձր ու անձեռնմխելի պահեցին մեր ազգային արժէքները, ներառեալ Հայրենիքը, Երկիրը, Հայ ժողովուրդն ու իր պետականութիւնը, Հայոց եկեղեցին և ինչու չէ ինքը Հայ Յեղափոխական դաշնակցութիւնը սակայն միաժամանակ երբ բացթողում, տկարութիւն կամ խոցելի կէտ նկատեցին արտայայտուեցին, բարձրաձայնեցին անողոք պահանջատիրոջ դիրքից, բայց մնալով պարկեշտ և հաւատարիմ այդ կենարար սկզբունքներին»:

Ապա հետևեալ հարցումը ուղղեց ներկաներին՝ «Արդեօք կարելի է Վաչէ Բրուտեանին ճանաչել իր Երիրը Արտերկրէն ժողովածուի 95 յօդուածներով միայն: նախնական պատասխանը ոչ պէտք է լինի այս հարցադրմանը քանի որ իր գրչին պատկանող յօդուածներից միմիայն մի փոքր ծաղկաքաղ է «Երիրը Արտերկրէն» հատորը: Հայ մամուլի էջերը մօտ 50 տարի արտացոլել են իր բազմաթիւ աշխատութիւնները: Ինչպէս կարելի է բնորոշել Վաչէ Բրուտեան անձը կամ  Խմբագիրը այս փոքրաթիւ հատորի ընդմիջից: Սակայն բաւական է ընթերցել «Երիրը Արտերկրէն» հատորը հասկանալու համար որ քաղաքական վերլուծութիւնների ու գաղափարական վիճաբանութիւնների կողքին բարձրորակ պատմիչ է վաչէ Բրուտեանը, որ կարող է քեզ իր հետ ճամփորդակից դարձնել ու  առանց ձանձրոյթի իր ետևից քաշել ամերիկայի «Քամփ Հայաստան» պատանեկան ճամբարից մինչև երազային, բայց միշտ իրակա՛ն Հալէպը, մինչև Արեւմտահայաստան ու արդի երևանից մինչև սահմանամերձ խրամատներն ու Արցախի անկիւնները»:

Աճէմեանը տարբեր օրինակներ մէջբերելով գրքից ուրուագծեց հեղինակի տարբեր դրսեւորումները և Վերադառնալով իր նախորդ հարցումին թէ արդեօք կարելի է Վաչէ Բրուտեանին ճանաչել իր «Երիրը Արտերկրէն» գրքից եզրակացրեց՝  «Այժմ կարծում եմ այո կարելի ասել այս հարցումին: Ճիշտ է որ մեզնից շատերը բախտ ենք ունեցել շփուել Վաչէ Բրուտեանի հետ, սեղան նստել, հաց կիսել, ժողովի մասնակցել, թերևս վիճել ու վիճաբանել, լսել իր սքանչելի պատմութիւնները ու ճանաչել Վաչէ Բրուտեան Մարդը, Խմբագիրը, հրապարակախօսը, կուսակցական-գաղափարական գործիչը և ամենից թանկ մեր դաշնակցական ընկերը, բայց ովքեր որ մեր բախտը չեն ունեցել մօտից շփուել կամ մեզնից ոմանք, որ ուզում են մերթ ընդ մերթ վերյիշել իրենց ընկերոջ ոգեշունչ գրուածները, «Երիրը Արտերկրէն» հատորը հարազատ թարգմանն է մեր աւագ ընկեր Վաչէ Բրուտեանի»:

Գրքի ներկայացմանը յաջորդեց գինէձօնի արարողութիւնը որի համար բեմ հրաւիրիուեցին սրահի մէջ գտնուող ամենա երեց և ամենա երիտասարդ ներկաները՝ վաստակաւոր ընկեր Պարոյր Յակոբեանը և Վահէ Համբարձումեանը: Գիրքը գինիով օծելուց յետոյ տեղի ցուցադրուեց Քանադայից ստացած տեսակապով փոխանցուած Գրիգոր Տունկեանի սրտի խօսքը ուղղուած Վաչէ Բրուտեանին: Ապա տեղի ունեցաւ հարց ու պատասխան և ներկաների սրտաբուխ արտայայտութիւններ ու նաև հարցումներ: Պաշտօնական խօսքերով հանդէս եկան նաև Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Վարչութեան անունից ընկհ. Թենի Ալավերդեանը որ երիտասարդութեան կողմից գնահատանքի խօսք ուղղեց ընկեր Վաչէ Բրուտեանին: Նաև շնորհակալութիւն յայտնեց այն փաստի համար, որ Վաչէ Բրուտեանն իր գրքերի վաճառքի ամբողջ գումարը նուիրել է մեր շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Հայաստանեան աշխատանքներին:

ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Միացեալ Նահանգների Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Տարօն Տէր Խաչատուրեանը ներկայացրեց ԿԿի խօսքը: Նա հիմնականում վեր հանեց Վաչէ Բրուտեան, կուսակցական ընկերոջ յատկանիշները և հաշուարկելով իր դերն ու թողած աւանդը այս շրջանից ներս Վաչէ Բրուտեանին գնահատեց իբրև պարգև շրջանիս համար որին միայն պատրաստ էինք հայրենիքին զիջել: (Խօսքերի ամբողջութիւնը տեսնել ներքևի տեսանիւթի մէջ)           

Կենտրոնական Կոմիտէի խօսքից յետոյ յանձնախմբի կողմից պատրաստուած յուշանուէրը յանձնուեց Վաչէ Բրուտեանին, որի վրայ գրուած էր «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան ԱՄՆի կեդրոնական կոմիտէի եւ շրջանի ընկերներու կողմէ, ընկեր Վաչէ Բրուտեանին, շրջանէն ներս իր կատարած անխոնջ գործունէութեան համար որպէս խմբագրապետ, հրապարակախօս եւ գաղափարական գործիչ։ Մենք անկեղծ զինուոր ենք առանց ի վիճակ»

Թերևս յայտագրի պաշտօնական բաժինն աւարտուեց յուշանուէրի յանձնումով, սակայն մինչև ուշ գիշեր շարունակուեցին հրաժեշտի և բարեմաղթանքների մտերմիկ խօսքերը:

Միջոցառումը նաև լաւագոյն առիթն էր հեղինակի միջոցով գրքի ստորագրուած և մակագրուած օրինակները ստանալու համար, որի պատճառով երկար շարք էր կազմուել: Գրքի գրեթէ բոլոր ներկայացուած օրինակները վաճառուեցին միջոցառման ընթացքում:  

Յանձնախմբի կողմից նաև պատրաստուել էր յուշատետր, մուտքի մօտ դրուած ուր ներկաները իրենց սրտի խօսքն ու բարի մաղթանքները արձանագրեցին:   

Նկարների ամբողջութեամբ տեսնել այստեղ

Տեսանիւթ՝

Share