ՀՅԴ և Արդար Ռուսաստանը Յանուն Ճշմարտութեան ներկայացուցիչների  հանդիպում

ՀՅԴ և Արդար Ռուսաստանը Յանուն Ճշմարտութեան ներկայացուցիչների հանդիպում

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը եւ ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Ռուսաստանի Դաշնութիւն կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 14-ին Մոսկուայում հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտութեան» կուսակցութեան նախագահ, Պետդումայում կուսակցութեան խմբակցութեան ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարուել տարածաշրջանային զարգացումներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը, Ուկրաինայում ընթացող ռազմական գործողութիւններին, ընդգծուել է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային յարաբերութիւնների պահպանման եւ զարգացման անհրաժեշտութիւնը։

Իր խօսքում Սերգեյ Միրոնովը նախ յիշատակել է 2022 թուականի նոյեմբերի 29-ին կայացած հանդիպումը՝ բարձր գնահատելով «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշարտութեան» եւ «ՀՅ Դաշնակցութիւն» կուսակցութիւնների համագործակցութիւնը` 2007 թ. ստորագրուած համագործակցութեան պայմանագրի շրջանակներում:

Շնորհակալութիւն յայտնելով հանդիպման համար՝ ՀՅԴ ներկայացուցիչները անդրադարձել են Հայաստանում եւ Արցախում ստեղծուած իրավիճակին՝ նշելով, որ Լաչինի միջանցքի փակումից երեք ամիս անց Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղէտ է, եւ այժմ շատ կարեւոր է Ռուսաստանի եւ ռուս խաղաղապահների դիրքորոշումը։

Արմէն Ռուստամեանը յաւելել է, որ Արցախի Հանրապետութեան ժողովուրդը Ռուսաստանի Դաշնութիւնից ակնալում է աւելի ակտիւ գործողութիւններ։

Հանդիպման աւարտին Սերգեյ Միրոնովը յոյս է յայտնել, որ ի վերջոյ կը յաղթի ողջախոհութիւնը, ձեռք կը բերուէն որոշակի պայմանաւորուածութիւններ, կը լուծուէն հայ բնակչութեան անվտանգութեան խնդիրները, որի երաշխաւորը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնութիւնը։

Share