Եթէ դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մէզ յօշոտելու են․ Վահէ Հովհաննիսեան

Եթէ դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մէզ յօշոտելու են․ Վահէ Հովհաննիսեան

Եթէ դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մէզ յօշոտելու են։ Ուրիշ սցենար չկայ։ Ինչպե՞ս պիտի դուրս գանք, ո՞ր նշաձողին պիտի ձգտենք։

Հասարակութիւնը, մարդը, քաղաքացին պիտի իր ամուր առնչութիւնը զգայ իր երկրին, իր երկրում կատարուողին, իր հայրենակիցների կեանքին։ Ընդհանուր խնդիրները, ընդհանուր ցաւը, ընդհանուր ուրախութիւնը. սրանք միաւորող գործոններ են, որոնք խօսում են հասարակութեան կենսունակութեան մասին։ Սրանք ինքնապաշտպանական գործառոյթ ունեն նաեւ. ինչպէս օրգանիզմը, որը ցաւի միջոցով ազդանշան է ստանում հիւանդութեան մասին, այդպիսով հնարաւորութիւն է ստանում՝ պաշտպանուել դրանից, այնպէս էլ հասարակութիւնը, որը սրութեամբ զգում ու արձագանքում է իր հայրենակիցների ցաւին, աւելի պատրաստ է վտանգին դիմակայելու, աւելի ամբողջական ու ամուր է, աւելի կենսունակ։

Եթէ ունենք վիրաւոր զինծառայող, ուրեմն վիրաւորուել ենք բոլորս։ Եթէ ունենք զոհ, ուրեմն գոնէ մէկ րոպէով բոլորս պէտք է զոհուենք։ Միայն այդպէս է հնարաւոր դառնալ լուրջ պետութեան լուրջ հասարակութիւն։ Միայն այդպէս է հնարաւոր գտնել վիրաւորներ, զոհեր չտալու լուծումները։

Հակառակ դէպքում ամէն ինչ կը դառնայ կարելի.
 
—       Եռաբլուրը կը դառնայ ՄԻԱՅՆ զոհերի հարազատներինը
—       15 զինուորի այրուելը կը դառնայ 2 օրուայ թեմայ
—       Կամաւոր ճակատ գնալու ու զոհուելու կոչի հեղինակը կարող է անդարդ պեռաշկիով սելֆիներ անել՝ այն դէպքում, երբ իր կոչով մարդիկ իրօք գնացել ու զոհուել են։
—       Ընդդիմութիւնը կարող է ամիսներով լռել, նոյնքան անդարդ  մասնակցել ԱԺ քննարկումներին։
—       Նիկոլի դէմ ցոյց անողը կարող  է հանգիստ մտնել իշխանութիւն ու աշխատել Նիկոլի նկարի տակ։
—       Արցախի շրջափակումը կարող է չնչին էմոցիայ առաջացնել Մայր հայրենիքում։
—       Կարելի է հանդուրժել նախագահ Վահագն Խաչատուրեանին
—       եւ այլն՝ ըստ ճաշակի, ցանկը երկար է։
 
Ազգային բարոյաքանդման աղբիւր են պարտութիւնը, իշխանութեան որակը եւ ընդդիմադիր առկայ ձեւաչափերի անկենսունակութիւնը։ Այս ցանկից առնուազ երկու կէտ կարելի է փոխել, եւ կփոխուի վիճակը։

Թշնամին իրականում անպարտելի չէ, ամենակարող չէ, եւ որոշակի պայմաններում կարող է դադարել մէզ յօշոտել ու նստել բանակցային սեղանին։ Դրա առաջին պայմանը Հայաստանում հանրային տրամադրութիւնների կտրուկ փոփոխութիւնն է։

Ստեղծուելիք հնարաւոր նոր ձեւաչափերը, լիդերութեան նոր բովանդակութիւնը պէտք է լուծի այս խնդիրը. խօսել-խօսել-խօսել մարդկանց հետ։ Մարդկանց հասարակութիւնը պէտք է լինի էմպատիկ, առաջնորդութեան յայտ ներկայացրած շերտերը, գործիչները՝ սովորական մարդիկ, որոնք կքայլէն փողոցներով, կը լինէն սրճարաններում, խանութներում, սովորական մարդկանց հետ կ’ունենան ուղիղ շփումներ, ինտերակտիւ կապ ու կը համոզէն վերակենդանանալ՝ որպէս մարդկանց հասարակութիւն, որպէս արժանապատիւ ու պետութեան ունակ հասարակութիւն։ Այդ դէպքում մենք կ’ունենանք խաղաղութիւն։

Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Share