Իրանը Ադրբեջանին կոչ է արել խուսափել նախապաշարմունքներից

Իրանը Ադրբեջանին կոչ է արել խուսափել նախապաշարմունքներից

Իրանի արտգործնախարարութեան խօսնակը Ադրբեջանին կոչ է արել խուսափել յունուարի 27-ին Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրայ իրականացուած յարձակման վերաբերեալ «նախապաշարմունքներից» եւ քաղաքականացուած յայտարարութիւններից, գրում է Tasnim լրատուական գործակալութիւնը։

Կիրակի օրը տարածուած յայտարարութեան մէջ Նասէր Քանանին արձագանքել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրայ յարձակման վերաբերեալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին յայտարարութեանը։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Ադրբեջանի Հանրապետութեան համար աւելի լաւ է խուսափել նախապաշարմունքներից, հարցը քաղաքականացնելուց կամ յարձակման վերաբերեալ քարոզչութիւն անելուց։

«Հանրային լրատուամիջոցներին միջադէպի վերաբերեալ ոչ իրաւական մեկնաբանութիւններ տալը կառուցողական միջոց չէ դատաւարութեան ընթացքում», — ասել է Քանանին։

Ինչպէս բազմիցս նշել են իրանցի պաշտօնեաները, գործը գտնւում է դատաւարութեան փուլում, յաւելել է Իրանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակը՝ ասելով, որ այդ կապակցութեամբ հրապարակուածը հիմնուած է յարձակուողի բացայայտ խոստովանութեան վրայ։

«Բնականաբար, այս դառը միջադէպի բոլոր ասպեկտները հետաքննւում եւ ուսումնասիրւում են ճշգրտութեամբ եւ հմտութեամբ», — նշել է նա:

«Ինչպէս արտայայտւում է երկու երկրների բարձրաստիճան քաղաքական եւ դատական ​​պաշտօնեաների դիւանագիտական ​​ուղերձներում եւ շփումներում, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պատրաստ է ադրբեջանական կողմին տրամադրել հետաքննութեան արդիւնքները։ Վստահ ենք, որ Ադրբեջանի Հանրապետութեան պաշտօնեաները համագործակցութեան մթնոլորտում եւ կառուցողական մօտեցումների որդեգրման պայմաններում կը ստանան անհրաժեշտ պատասխանները բոլոր այն երկիմաստութիւնների ու հարցերի, որոնք իրենց գլխում կան», — եզրափակել է Քանանին։

Աւելի վաղ Ալիեւը մեղադրել էր «իրանական իսթեբլիշմենտին»՝ Ադրբեջանի դեսպանատան վրայ յարձակուելու համար։

Ալիեւն ասել էր, որ Իրանի կառավարութիւնը պէտք է թափանցիկ հետաքննութիւն անցկացնի․ «Մեզ պէտք է տեղեկացնեն այս մասին, իսկ ահաբեկիչը պէտք է պատժուի։ Բայց ամենակարեւորն այն է, որ նրանք, ովքեր ուղարկել են ահաբեկչին, իրանական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են այս դաժան արարքը Ադրբեջանի նկատմամբ, պէտք է պատասխանատուութեան ենթարկուեն։ Դրանից յետոյ միայն հնարաւոր կը լինի խօսել յարաբերութիւնների ցանկացած կարգաւորման մասին»։

Share