Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղութեան հաստատման եւ մարդու իրաւունքների ինստիտուտի կողմից կազմակերպուած առցանց վեբինարին, որն անցկացուել է «Հայոց երկրորդ ցեղասպանութեան կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը եւ Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքոյ: Այս մասին յայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից:
Փետրուարի 1-ի երեկոյեան կայացած քննարկմանը մասնակցել են նաեւ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորեանը եւ ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը: Միջոցառումը վարել է Խաղաղութեան հաստատման եւ մարդու իրաւունքների ծրագրի տնօրէն Դեյուիդ Ֆիլիփսը:
Բացելով քննարկումը՝ Դեյուիդ Ֆիլիփսը նշել է, որ նպատակն է ներկայացնել շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծուած ծանրագոյն իրավիճակը. «Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ: Շրջափակումը զինադադարի պայմանների եւ միջազգային մարդասիրական իրաւունքի լրջագոյն խախտում է: Ադրբեջանը խաթարում է Արցախում առաջին անհրաժեշտութեան ապրանքների եւ ծառայութիւնների հասանելիութիւնը, ներառեալ սննդամթերքը, վառելիքը եւ դեղորայքը 120,000 հայերի համար: Այս գործողութիւններն, ըստ էութեան, տանում են երկրորդ հայոց ցեղասպանութեան: Յենց այդպէս էլ անուանել ենք այսօրուայ քննարկումը»:
Սենատոր Քրիս Վան Հոլենն իր խօսքում նշել է, որ ականատեսն ենք լինում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիւ քաղաքականութեան հերթական դրուագին: «50 օրից աւելի է՝ Ադրբեջանը Արցախի ժողովրդին շրջափակման մէջ է պահում՝ զրկելով նրանց սննդից, դեղորայքից եւ ամենօրեայ անհրաժեշտութեան այլ ապրանքների մատակարարումից: Շրջափակուածների թւում են 30000 երեխաներ, 20000 տարէցներ եւ 9000 հաշմանդամութիւն ունեցող մարդիկ: Մենք օր—օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում: Մենք չենք կարող չբարձրաձայնել այս չարամիտ գործողութիւնների մասին», — նշել է նա:
Ողջունելով նախաձեռնութիւնը՝ Ռուբէն Վարդանեանը շնորհակալութիւն է յայտնել միջոցառման կազմակերպման եւ Արցախին աջակցելու համար: Նա կարեւորել է Արցախը համաշխարհային հանրութեան ուշադրութեան կենտրոնում պահելը. «Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերի ընթացքում աջակցել են մէզ: Ուզում եմ ասել, որ Արցախում բոլորիս համար շատ կարեւոր է զգալ, որ մենք միայնակ չենք»:
Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեան մէջ չէ, խնդիրը մեր հայրենիքում ապրելու մեր իրաւունքի մասին է: «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բանակցութիւնների, պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք խաղաղութեան, բայց այն պէտք է յարգէն բոլոր կողմերը: Կարող ենք ապրել կողք կողքի, բայց ոչ երբեք մէկ պետութեան կազմում, ինչը բացարձակապէս անընդունելի է նախագահ Ալիեւի համար, ով բացայայտ յայտարարում է, որ նախընտրում է Արցախն առանց հայերի, եթէ հայերը չէն ցանկանում ապրել Ադրբեջանի օրէնքներով: Սա լուրջ մարտահրաւէր է ազգերի ինքնորոշման իրաւունքի եւ ժողովրդավարական միւս սկզբունքների համար,- ասել է Ռուբէն Վարդանեանը: — Միջազգային դերակատարները պէտք է պետական մակարդակով յստակ դիրքորոշում արտայայտէն: Սա ոչ միայն իրաւական խնդիր է, այլ մարդու իրաւունքների կոպտագոյն խախտում, ինչն անընդունելի է ցանկացած չափորոշիչներով: Այդ պատճառով շատ կարեւոր է ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ՝ ցոյց տալու համար, որ դա անընդունելի է: Շատ կարեւոր է նաեւ պոտենցիալ պատժամիջոցներ սահմանել այն կողմերի, անձանց դէմ, ովքեր իրաւունքներ են խախտում, քանի որ նրանք խաթարում են մարդկանց նորմալ կեանքի պայմանները: Կարծում եմ, որ շատ կարեւոր է բարձրացնել օդային միջանցքի հասանելիութեան հարցը՝ դէպի Արցախ մարդասիրական օգնութիւն մատակարարելու եւ ճանապարհից կախուածութիւն չունենալու համար»:
Վան Գրիգորեանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաների յայտարարութիւնները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ձգտում է վտարել Հայաստանի եւ Արցախի ժողովրդին իր հայրենիքից. «Այդ «Էկոակտիւիստները» էկոակտիւիստներ չէն, նրանք յատուկ ծառայութիւնների անդամներ են եւ տարբեր ձեւերով կապուած են Ալիեւի կլանի հետ, նրանք պաշտօնական լիազօրութիւններ ունեն»: Գրիգորեանը նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներն իրենց ժողովուրդներին պատրաստում են նոր պատերազմի. «Արցախն ինքնապաշտպանուելու իրաւունք ունի, եւ ես յոյս ունեմ, որ ԱՄՆ-ն եւ միւս պետութիւնները կաջակցէն նրան այդ հարցում»: