ԱՄՆ Կոնգրեսում կը ներկայացուի ապաշրջափակում պահանջող բանաձեւ

ԱՄՆ Կոնգրեսում կը ներկայացուի ապաշրջափակում պահանջող բանաձեւ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դաւիթ Վալադաոն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի աւագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառութեան մէջ են դրել երկկուսակցական բանաձեւի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

Բացի Ադրբեջանի գործողութիւնները խստօրէն դատապարտելուց, բանաձեւի նախագիծը նաեւ նախանշում է որոշակի գործողութիւնների շրջանակ, որոնք Միացեալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ ստեղծուած իրավիճակը հանգուցալուծելու համար։ Մասնաւորապէս առաջարկւում է․

1. Ադրբեջանի կողմից իրականացուած պատերազմական յանցագործութիւնների միջազգային քննութեանն օժանդակութիւն։
2. Միջազգային գործընկերների եւ Արցախի իշխանութիւնների հետ համագործակցութիւն՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայման ուղղութեամբ։
3. Նախագահի կողմից 907-րդ բանաձեւի պահանջների անյապաղ կատարման ապահւում եւ Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական ու անվտանգային աջակցութեան դադարեցում։
4. Նախագահի կողմից Արցախի շրջափակման եւ մարդու իրաւունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ օրէնքով սահմանուած պատժամիջոցների կիրառում։
5. Արցախում հումանիտար ճգնաժամից տուժած բնակչութեան համար ամերիկեան հումանիտար օժանդակութեան ապահւում, ներառեալ Արցախում USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութիւն) գրասենեակի բացում։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը յանձնախմբի եւ վերջինիս դաշնակից համայնքային այլ կազմակերպութիւնների անունից ողջունել է բանաձեւի նախագծի ներկայացումը եւ նկատել, որ դրա անցկացման շուրջ երկկուսակցական կոնսենսուս ապահեւելու ուղղութեամբ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը կը շարունակի ակտիւ աշխատանքներ իրականանցել, որպէսզի խափանուի Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական քաղաքականութիւնը։

ԱՄՆ կէնգրեսականներին ուղղուած Ֆրենք Փալոնի նամակում վերջինս օրէնսդիրներին խրախուսել է հովանաւորել բանաձեւի նախագծի առաջխաղացումը՝ աւելացնելով․ «Ալիեւի ռեժիմը կանխամտածուած քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչութեանն Արցախից հեռացնելու եւ նրանց՝ իրենց նախնիների երկրում ազատ, արժանապատիւ եւ ժողովրդավարական ապրելու հնարաւորութիւնից զրկելու համար։ Դա էթնիկ զտումների յստակ նշան է, որը մենք չենք կարող անտեսել»: Փալոնը նաեւ պնդել է, որ «Միացեալ Նահանգները պէտք է անյապաղ գործի եւ օգտագործի բոլոր հասանելի դիւանագիտական գործիքները՝ միջանցքը վերաբացելու համար, նախքան այս հումանիտար ճգնաժամը դառնայ աղէտալի»:

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը, համայնքային լայն համախմբամբ, շարունակում է աշխատանքներն՝ Արցախում ստեղծուած իրավիճակի յաղթայարմանը նպաստելու եւ առհասարակ իր քաղաքական առաջնահերթութիւնները կենսագործելու ուղղութեամբ, որոնցից մի քանիսը ներկայացուած են յիշեալ բանաձեւի նախագծում։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
27.01.2023թ.

Share