Հայաստանը համամի՞տ է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու Արեւմուտքի քաղաքականութեանը

Հայաստանը համամի՞տ է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու Արեւմուտքի քաղաքականութեանը

 

Երկուշաբթի՝ Յունուարի 23-ին, տեղի ունեցան միանգամից մի քանի իրադարձութիւններ, որոնք կարեւոր էին Հայաստանի արտաքին քաղաքականութեան արեւմտեան վեկտորի ուժեղացման տեսանկիւնից։ Եւրոպական Միութեան խորհուրդը հաւանութիւն է տուել Հայաստան մեծ քաղաքացիական առաքելութիւն ուղարկելու որոշմանը՝ Ադրբեջանի հետ սահմանը դիտարկելու համար: Նոյն օրը Երեւան ժամանեց Հարաւային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյուոյ Կլաարը՝  «հայ-ադրբեջանական համապարփակ կարգաւորման» առաջմղման նպատակով: Իսկ արդէն նոյն օրուայ վերջում տեղի ունեցաւ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցութեան ընթացիկ ծրագրերն ու առաջիկայ անելիքները:

Ընդհանուր առմամբ, փորձագէտները չէն կարծում, որ ԵՄ քաղաքացիական առաքելութիւնը, չնայած նրա թուաքանակին (ԶԼՄ-ների տուեալներով, դրանց թիւը կարող է հասնել 200-ի), կարող է լուրջ գործոն դառնալ, որը կարող է կասեցնել Հայաստանի անվտանգութեան խնդիրները, որոնք սրուել են 2020ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ պատերազմում նրա պարտութիւնից յետոյ: «Ես չեմ կարծում, որ քաղաքացիական առաքելութիւնը, որի աշխատանքը ճանաչուել է մի կողմից (Հայաստանի կողմից) եւ չի ճանաչուել միւս կողմից (Ադրբեջանի կողմից), ինչ-որ վճռական ներդրում կ’ունենայ անվտանգութեան ապահովման գործում», — VERELQ-ի հետ զրոյցում ասել է ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ միջազգային հետազօտութիւնների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւը՝ միաժամանակ բարձրացնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելութեան տեղակայման հարցը, ինչը բազմիցս առաջարկել է Ռուսաստանը:
«Այդ իմաստով հասկանալի է, թէ ինչ կարող է անել ՀԱՊԿ առաքելութիւնը։ Այն նոյնպէս համաձայնեցուած է կողմերից մէկի հետ, քանի որ ՀԱՊԿ-ը ռազմական միութիւն է, իսկ Հարաւային Կովկասը նրա պատասխանատուութեան գօտիներից մէկն է, եւ կան ազդեցութեան հասկանալի լծակներ», — ասել Է Նիկոլայ Սիլաեւը։

Քաղաքագէտ Հրանտ Միքայելեանի կարծիքով՝ ԵՄ նոր առաքելութեան Հայաստան ուղարկելը վկայում է այն մասին, որ Բրիւսելը ցանկանում է աւելի ծանրակշիռ դեր խաղալ տարածաշրջանային հարցերում։ «Կարելի է յիշել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցութիւնները, որոնք անցկացուել են Բրիւսելում։ Սրանք նոյն շղթայի օղակներն են: Եւրամիութիւնը որոշակի վակւում է տեսնում Հարաւային Կովկասում, քանի որ Ռուսաստանն իր ամբողջ ուշադրութիւնը կենտրոնացրել է Ուկրաինայի վրայ, իսկ Ադրբեջանը յստակ ցոյց է տալիս, որ համաձայն չէ ներկայիս ստատուս քուոյի հետ։ Իսկ դա նշանակում է, որ կը լինէն փոփոխութիւններ, եւ եթէ դրանք լինէն, ապա կարելի է խաղալ դրանց վրայ», — VERELQ-ի հետ զրոյցում ասաց Միքայելեանը՝ միաժամանակ աւելացնելով, որ որեւէ քաղաքացիական առաքելութիւն չի կարող Հայաստանին զերծ պահել լայնամասշտաբ ագրեսիայից։ «Եթէ Ադրբեջանի նպատակը պարզապէս սահմանային բախումներն էին, այդ դէպքում այդպիսի առաքելութիւնը բաւարար կը լինէր, բայց եթէ Ադրբեջանի նպատակը լայնամասշտաբ պատերազմն է, ինչին ես աւելի հակուած եմ, ապա երկարաժամկէտ հեռանկարում նման առաքելութիւնը չի փրկի։ Այս առումով այս առաքելութիւնը Հայաստանի անվտանգութեան ռազմաւարութեան միայն տարրերից մէկն է, բայց չի կարող լինել դրա հիմնական տարրը»։

Եւրոպական միութեան քայլերը, փորձագէտ Սիլաեւի կարծիքով, տեղաւորւում են Արեւմուտքի աշխարհաքաղաքական նպատակների մէջ՝ Ռուսաստանին դուրս մղելու Անդրկովկասի տարածաշրջանից։ «Այն, ինչ անում է Եւրամիութիւնը, ենթակայ է մէկ տրամաբանութեան, անհրաժեշտ է, որպէսզի Ռուսաստանին դուրս չմղի տարածաշրջանից ընդհանրապէս, հայ – ադրբեջանական կարգաւորման գործընթացից, մասնաւորապէս»,-ասել է փորձագէտը՝ վստահութիւն յայտնելով, որ ԵՄ գործողութիւնները միայն կաւելացնեն գրգռիչների քանակը հայ-ռուսական յարաբերութիւններում, որոնք առանց այդ էլ լաւ ժամանակներ չէն ապրում։

Օրերս այդ մասին ուղղակիօրէն յայտարարել Է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լաւրովը՝ մասնաւորապէս նշելով, որ Ադրբեջանի հետ սահման առաքելութիւն ուղարկելու մասին ԵՄ-ի հետ համաձայնութեան գալու Հայաստանի որոշումը «կարող է հակաարդիւնաւետ լինել»։ «Չնայած մենք դաշնակիցներ ենք, որ առաքելութիւնը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է ԵՄ-ի հետ պայմանաւորուել, որպէսզի այնտեղ երկարաժամկէտ տեղաւորուի առաքելութիւնը։ Եթէ այդ առաքելութիւնը ծաւալուի առանց Ադրբեջանի համաձայնութեան, ապա այն կարող է հակաարդիւնաւետ լինել։ Սահմանին վստահութեան ամրապնդման փոխարէն այն կարող է լրացուցիչ խթաններ ստեղծել», — ասել Է Լաւրովը։

Նիկոլայ Սիլաեւը կարծում է, որ չնայած ԵՄ-ի բոլոր փորձերին՝ դառնալ հայ-ադրբեջանական կարգաւորման գործընթացի գլխաւոր մոդերատորը, Ռուսաստանը կը շարունակի քայլեր ձեռնարկել՝ ուղղուած իրավիճակի կարգաւորմանը: «Մենք ոչ մի պատրանք չունենք Եւրամիութեան, նրա մտադրութիւնների եւ հնարաւորութիւնների վերաբերեալ», — պարզաբանել է նա:

Այն, որ Հայաստանը ողջունում է ԵՄ քաղաքացիական առաքելութիւն երկիր ուղարկելու Եւրոպական միութեան որոշումը, Նիկոլայ Սիլաեւը համարում է այն արտաքին քաղաքական գծի մի մասը, որը Հայաստանի ղեկավարութիւնը առաջ է մղում անցած տարուայ աշնանից՝ հայ – ադրբեջանական սահմանին երկրորդ ղարաբաղեան պատերազմի աւարտից ի վեր ամենամեծ եւ ամենաարիւնալի բախումներից յետոյ: «Սա եւս մէկ քայլ է այն ուղղութեամբ, որն իր համար ընտրել է Հայաստանի ղեկավարութիւնը», — պարզաբանել է Նիկոլայ Սիլաեւը:

Երկուշաբթի օրուայ աւարտին, տեղեկատուութիւն է ստացուել, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը Բրիւսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ քննարկելու Երեւանի եւ Հիւսիսատլանտեան դաշինքի միջեւ համագործակցութեան ծրագրերը։ «Կողմերը գոհունակութիւն յայտնեցին Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխօսութեան մակարդակից, ինչպէս նաեւ անդրադարձան համագործակցութեան ընթացիկ ծրագրերին եւ ապագայ հեռանկարներին», — ասւում է ՀՀ ԱԳՆ տեղեկատուական առումով սուղ հաղորդագրութեան մէջ:

Բրիւսելում ընթացող բանակցութիւնները Սիլաւեւը համարում է Արեւմուտքի եւ նրա ռազմաքաղաքական կառոյցների հետ շփումների ամրապնդմանն ուղղուած Հայաստանի քաղաքականութեան շարունակութիւնը, որի տրամաբանութիւնը նա չի հասկանում:

«Այս քաղաքական գծի էութիւնը կայանում է նրանում, որ ստիպողաբար մերձենալ արեւմտեան քաղաքական եւ ռազմական կառոյցների հետ, բայց ես չեմ հասկանում այդ գործընթացի տրամաբանութիւնը, քանի որ բոլորովին պարզ չէ, որ Հայաստանը դրանից շահում է։ Նա հաստատ չի շահում անվտանգութեան տեսանկիւնից, քանի որ ոչ ոք ոչ մի երաշխիք չի տալիս եւ չի պատրաստւում տալ։ Միանշանակ այն պարտւում է Ռուսաստանի հետ յարաբերութիւնները զարգացնելու առումով։ Այսպիսով, Հայաստանը, ըստ էութեան, հասկացնում է, որ համերաշխ Է ԵՄ — ի եւ ՆԱՏՕ-ի հետ, որոնք նպատակ ունեն դուրս մղել Ռուսաստանին եւ նուազեցնել նրա ազդեցութիւնը տարածաշրջանում», — եզրափակեց փորձագէտը։

Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան

Share