Թիրախում կրկին Դաշնակցութիւնն է

Թիրախում կրկին Դաշնակցութիւնն է

Կորիւն Սիմոնեան

2023 թուականի հէնց մեկնարկից ՀՀ իշխանութիւնները սկսել են ընդդիմութեան ներկայացուցիչների նկատմամբ քրէական գործերով քաղաքական հետապնդումները։ Առիթն անցած ամռանը յարուցուած քրէական գործն է։ Ըստ քրէական գործի, Դիմադրութեան շարժման ցոյցերի ժամանակ, երբ փակ էր Ֆրանսիայի հրապարակը, իսկ ընդդիմութիւնն ամենօրեայ երթեր ու բողոքի գործողութիւններ էր անում, դաշնակցականները տարբեր քաղաքացիների են նիւթապէս շահագրգռել, որպէսզի վերջիններս մասնակցէն ընդդիմադիր ցոյցերին ու հանրահաւաքներին։
Քրեական գործի յարուցման հիմք է դարձել medianews․am կայքում հրապարակուած ինչ-որ ձայնագրութիւն, որն այս պահին համացանցում անհասանելի է, այսինքն՝ ջնջուել է։

Ըստ տեղեկութիւնների, այս կայքն իշխանութեան ներկայացուցիչներին է պատկանում եւ շահագործւում է յայտնի «ֆեյքերի» ՊՈԱԿ-ի կողմից։ Այս նոյն կայքում էր հրապարակուել Աւետիք Չալաբեանին վերաբերող ձայնագրութիւնը, որում նրա զրոյցն է Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիեանի հետ։ Չալաբեանին, յիշեցնենք, առաջադրուել էր այն նոյն մեղադրանքը, որի շրջանակներում նաեւ դաշնակցականների տներն են խուզարկել։ Չալաբեանի պաշտպանները պնդում էին, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյեանն է համակարգում medianews․am կայքի գործունէութիւնը, եւ միջնորդութիւն էին ներկայացրել վարոյթն իրականացնող մարմնին, որպէսզի Չախոյեանին եւս հարցաքննէն։

Ըստ Քննչական կոմիտէի տարածած յայտարարութեան, նիւթապէս շահագրգռելու եղանակով անձանց հաւաքներին մասնակից դարձնելու համար մեղադրանք է առաջադրուել Դաշնակցութեան Արարատի մարզային կառոյցի ակտիւ անդամներ Գառնիկ Մանուկեանին, Արտաւազդ Մարգարեանին եւ կուսակցութեան  համակիր Հունան Մելքոնեանին։ 3 մեղադրեալներին էլ կալանաւորելու վերաբերեալ միջնորդութիւն էր ներկայացուել դատարան, սակայն դատարանը միայն Գառնիկ Մանուկեանի նկատմամբ է նախնական կալանք կիրառել, Արտաւազդ Մարգարեանի ձերբակալութիւնը դատարանի կողմից ճանաչուել է ոչ իրաւաչափ։ Որպէս առաջադրուած մեղադրանքների ապացոյց՝ Քննչական կոմիտէն բերում է նշուած դաշնակցականների բնակարաններից գտնուած ինչ-որ ցուցակներ՝ «+», «-» նշումներով, անուն-ազգանուններով եւ այլն։ Դաշնակցութեան ներկայացուցիչները բացատրում են, որ դա նորմալ գործընթաց է, քանի որ հաւաքներ անցկացնելու համար կազմակերպուել է պէտք, գործողութիւնները համակարգել է պէտք։
Անդրադառնալով դաշնակցականների բնակարաններում կատարուած խուզարկութիւններին ու հարցաքննութիւններին՝ ՀՅԴ գերագոյն մարմինը տարածած յայտարարութեան մէջ նշել է․ «Բոլորի ուշադրութիւնն ենք հրաւիրում հանգամանքի վրայ, որ օրուայ իշխանութիւնը նախապատրաստում է ազգագործան հերթական քայլը: 133 տարուայ ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիւ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների եւ դաւաճանների է դիմագրաւել, չի ընկրկել, յաղթահարել է բոլոր դժուարութիւնները, կանգնած է եղել Հաեօց պետականութեան կերտման եւ ամրացման ակունքներում: Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է»։

Քննչական կոմիտէն իր ֆեյսբուքեան էջում նաեւ ցուցակներ էր հրապարակել, որոնք, ենթադրաբար, յայտնաբերուել են դաշնակցականների բնակարաններից։ Գործով մեղադրեալ Արտաւազդ Մարգարեանի պաշտպան Արսէն Բաբայանը մէզ հետ զրոյցում վստահեցրեց, որ այդ ցուցակներն իր պաշտպանեալի բնակարանից չէն յայտնաբերուել։ «Թող իրենք ասէն, թէ ում բնակարանից են յայտնաբերել, դա նախաքննական գաղտնիք է, ես չեմ կարող ասել։ Ես պնդում եմ, որ դա իմ պաշտպանեալի մօտից չի յայտնաբերուել, ոչ էլ նրա բնակարանից, այդ թղթերն իմ պաշտպանեալի հետ ոչ մի առնչութիւն չունեն»,- մէզ հետ զրոյցում ասաց Բաբայանը։

Փաստաբանը յիշեց նաեւ Արթուր Վանեցեանի օգնական Արամ Գրիգորեանի գործը։ Վերջինիս եւս այս նոյն մեղադրանքն էր առաջադրուել, սակայն յետագայում քրէական գործը կարճուեց յանցանքի բացակայութեան հիմքով, այսինքն՝ արարքը, որը նա ենթադրաբար կատարել էր, ամենեւին էլ յանցագործութիւն չէր եղել։ «Մեղադրանքն այն է, որ իբր թէ նիւթապէս շահագրգռել են, այսինքն՝ փող են տուել, մարդ են բերել միտինգի, դա իրենց յայտնի մեթոդն է, որը, եթէ յիշում եք, Արթուր Վանեցեանի օգնականի նկատմամբ էլ փորձեցին անել, բայց յետոյ, բնականաբար, գործը կարճեցին, որովհետեւ փուչիկ գործ էր, ու նման բան գոյութիւն չուներ։ Այս գործը որպէս մուրճ են օգտագործում ընդդիմադիր ուժերի, ընդդիմադիր հայեացքներ ունեցողների նկատմամբ, եւ քանի որ այդ մեղադրանքն ամորֆ մեղադրանք է, ամէն յարմար առիթի կիրառում են ընդդիմադիրների նկատմամբ, փորձում են ինչ-որ բաներ անել»,- ասաց Բաբայանը։

hraparak.am

Share