Փորձում են ցուցմունք կորզել ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնեանի դէմ. Պաշտպանը չի բացառում նոր ձերբակալութիւնները

Փորձում են ցուցմունք կորզել ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնեանի դէմ. Պաշտպանը չի բացառում նոր ձերբակալութիւնները

pastinfo.am
Հաւաքին մասնակցելու նպատակով անձանց իբրեւ նիւթապէս շահագրգռելու վերաբերեալ վարոյթի շրջանակներում Արտաւազդ Մարգարեանին, Գառնիկ Մանուկեանին եւ Հունան Մելքոնեանին ձերբակալելու որոշումները բողոքարկուել են։ ՀՅԴ Արտաշատի կառոյցի ներկայցուցիչ,Արտաշատ համայնքի աւագանու խմբակցութեան ղեկավար Արտաւազդ Մարգարեանի պաշտպան Արսէն Բաբայանը «Փաստինֆոյ»-ի հետ զրոյցում յայտնեց, որ ձերբակալելու որոշման դէմ բողոքն արդէն ներկայացուել է։

Յիշեցնենք, որ երէկ վաղ առաւօտից խուզարկութիւններ են իրականացուել Երեւանում եւ Արարատում բնակուող ՀՅԴ մի շարք անդամների տներում, այդ թւում՝ Գերասիմ Վարդանեանի տանը, որը շուրջ վեց ամիս կալանքի տակ գտնուելուց յետոյ ազատ էր արձակուել միայն վերջերս։ Իրաւապահները բերման են ենթարկել մի շարք դաշնակցականների, իսկ Գերասիմ Վարդանեանը հրաւիրուել է հարցաքննութեան։ Քննչական կոմիտեից յայտնել էին, որ վարոյթը, որի շրջանակներում խուզարկութիւններ են իրականացուել, նախաձեռնուել է 2022թ օգոստոսին՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչութեան Մասիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրէական օրէնսգրքի 236-րդ յօդուածի 2-րդ մասի յատկանիշներով, այն է՝ օրինական կամ անօրինական հաւաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձաւոր ազգականի կամ մերձաւորի նկատմամբ բռնութիւն գործադրելու, գոյքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։ Քրեական վարոյթի շրջանակներում ձերբակալուել է երեք անձ՝ Արտաւազդ Մարգարեանը, Գառնիկ Մանուկեանը եւ Հունան Մելքոնեանը։

Ձերբակալուածներին մեղադրանք ներկայացնելու եւ կալանքի միջնորդութիւն ներկայացնելու վերաբերեալ տեղեկութիւն առայժմ պաշտպանութեան կողմին յայտնի չէ։ Բաբայանի փոխանցմամբ՝ Արտաւազդ Մարգարեանը հրաժարուել է ցուցմունք տալուց։ Նշէնք, որ ֆորմալ առումով քրէական վարոյթը նախաձեռնուել է Ոստիկանութեան Քրեական ոստիկանութեան ծառայողի գրութեան հիման վրայ։

Արտաւազդ Մարգարեանի բնակարանում իրականացուած խուզարկութիւնների ընթացքում իրաւապահները ոչինչ չէն յայտնաբերել, անձնական խուզարկութեամբ առգրաւել են հեռախօսը։ Արտաւազդ Մարգարեանի պաշտպանը համոզուած է՝ սա հանրութեանը շեղելու փորձ է, նաեւ կարծում է՝ որեւէ լուրջ զիջում պէտք է անի իշխանութիւնը։

Յետապնդումներում քաղաքական ենթատեքստ է տեսնում նաեւ ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնեանի փաստաբան Սերգեյ Յարութիւնեանը։ Սիմոն Սիմոնեանը վարոյթի շրջանակներում այս պահին ունի վկայ-կասկածեալի կարգավիճակ, հրաւիրուել էր հարցաքննութեան վկայի կարգավիճակով, սակայն կասկածանքի շուրջ հարցաքննուելու եւ հրաժարուել է ցուցմունք տալուց՝ հիմնաւորելով, որ այս ամէնը համարում է քաղաքական հետապնդման հերթական դրսեւորումը։ Սերգեյ Յարութիւնեանը «Փաստինֆոյ»-ի հետ զրոյցում համոզմունք յայտնեց առ այն, որ ձերբակալութիւնների վերջնական նպատակը Սիմոն Սիմոնեանի դէմ ցուցմունք կորզելն է՝ ճնշումներ գործադրելու միջոցով, քանի որ նա ՀՅԴ ԳՄ ղեկավարն է։ Նա ընդգծեց, որ ձերբակալութիւններն ապօրինի են, ինչը հիմնաւորւում է այն հանգամանքով, որ քրէական վարոյթը նախաձեռնուել է դեռեւս վեց ամիս առաջ, բայց քննչական մարմինը երէկ է մարդկանց ձերբակալել՝ այն պատճառաբանութեամբ, թէ, իբր, ձերբակալուել են՝ յանցանքը կատարելուց յետոյ։ Հետեւաբար, ակնյայտ է, որ ձերբակալումը նպատակ ունի ճնշում գործադրելու, սա խոշտանգման դրսեւորում է՝ ՀՅԴ ԳՄ-ի դէմ ցուցմունք կորզելու նպատակով։

Ինչ վերաբերում է վեց ամիս անց միայն իրականացուած ձերբակալութիւններին, Յարութիւնեանի դիտարկմամբ՝ վեց ամիսների անգործութիւնը եւս մէկ անգամ փաստում է, որ սա քաղաքական հետապնդման դրսեւորում է, այսինքն, այս ժամանակահատուածում գործը պահուել է որպէս «մահակ» եւ այսօր ինչ-որ խնդիր կայ լուծելու, դրա համար էլ գործը «զարթնեց». «Պարզ է, որ խնդիրը Դաշնակցութեանը ճնշելն է, թիրախաւորուած է դաշնակցութիւնը եւ դաշնակցութեան ղեկավարութիւնը»։

Հարցին՝ արդեօ՞ք նաեւ փորձ չի արւում նախականխելու հաւաքները՝ նկատի ունենալով նաեւ, որ քրէական հետապնդումներին զուգահեռ բարձրացուել է նաեւ ընդդիմադիր պատգամաւորներին մանդատից զրկելու հարց, փաստաբանը պատասխանեց՝ ոչ միայն նախականխում են, այլ՝ շատ աւելի հեռահար նպատակներ ունեն. «Կոնկրէտ թիրախաւորուած է ազգային կուսակցութիւնը։ Սա մի շղթայի մաս է, կարծում եմ, եւ՛ պատգամաւորների հետ կապուած, որ ցանկանում են ՍԴ դիմել, եւ՛ ուզում են ճնշում գործադրել, եւ՛ չի բացառւում, որ նոր խուզարկութիւններ իրականացուէն։ Սա, կարծում եմ, շախմատային խաղ է իրենց մօտ, որը հեռահար նպատակներ ունի։ Կարծում եմ նաեւ, որ այս գործի շրջանակներում կը լինէն այլ ձերբակալութիւններ, այլ խուզարկութիւններ, կը փորձեն տանել կալանքի։ Այն, ինչ սկսուեց երէկ, կարծում եմ, շարունակութիւն կ’ունենայ։ Ինչ-որ տեղ նաեւ պարալիզացնում են կուսակցութեան աշխատանքը, չի բացառւում, որ փորձում են շեղել հանրութեան ուշադրութիւնը»։

Սիմոն Սիմոնեանի բնակարանում եւս խուզարկութիւն է իրականացուել, ընդ որում, նրա հարցաքննութիւնից առաջ։ Վերջինս հարցաքննութեան էր հրաւիրուել երէկ՝ ժամը 15.00-ին, իրաւապահները որոշել էին խուզարկել նրա բնակարանը լուսադէմին, պաշտպանի խօսքով՝ «Գնանք տուն՝ գուցէ մի բան գտնենք վիճակով», որ կարողանային ձերբակալել նաեւ նրան։ Խուզարկութեան ընթացքում իրաւապահները ոչինչ չէն գտել, որովհետեւ չէր էլ կարող լինել։ Իսկ թէ կոնկրէտ ինչ էին «փնտրում», փաստաբանը նշեց՝ ինչ-որ թղթեր, որով իբրեւ թէ կը հիմնաւորուեր, որ հաւաքներին արհեստական կերպով մարդիկ են գալիս. «Չգիտեմ՝ մի հատ թուղթ, եթէ գտնէին, որի վրայ հինգ անուն լինէր գրուած, վերցնելու էին ու գործի շրջանակներում օգտագործեին։ Միայն այն հանգամանքը, որ ձերբակալուած անձանց ձեռքից հեռախօս են վերցրել ու ձերբակալման որոշման մէջ նշուել է, թէ դա ապացոյց է, այն դէպքում, որ դեռեւս հեռախօսը կապարակնքուած է եւ չի զննուել, փորձաքննութեան չի ենթարկուել։

Ակնյայտ է, որ շինծու գործ է, ապօրինութիւն է իրականացւում»։

Վարոյթի շրջանակներում վկայի կարգավիճակով, սակայն կասկածանքի շուրջ երէկ հարցաքննուել է նաեւ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանեանը, որի պաշտպան Բենիկ Գալստեանը «Փաստինֆոյ»-ի հետ զրոյցում աբսուրդ որակեց այն, որ ենթադրեալ դէպքը եղել է յունիսին, մինչդեռ Գերասիմ Վարդանեանը նշուած ժամանակահատուածում եղել է անազատութեան մէջ։ Իսկ թէ ինչու է միայն հիմա հետապնդում իրականացւում անձանց նկատմամբ՝ Բենիկ Գալստեանը նոյնպէս դա պայմանաւորեց քաղաքական նպատակայարմարութեամբ, այլ բացատրութիւնը Գալստեանը չունի. «Զուտ քաղաքական շոու ապահովելու խնդիր է այս մարդկանց մօտ»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակեան

Share