Նիկոլ Փաշինեանի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցութիւններում խորհրդատու Ժիրայր Լիպարիտեանի ընկեր, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը ֆէյսբուքեան իր էջում գրել է.
«Ակնյայտ է, որ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցող այս խեղկատակութիւնը որեւէ արդիւնք չի տայ։ Հանրաքուէ չի անցկացուի, իսկ եթէ անցկացուի, ապա միայն ցոյց տալու համար, որ հասարակութիւնը «վրէժ է ուզում»։
Ուստի հարկ է յիշեցնել հետեւեալը։
1991 թուականի Անկախութեան մասին պետական սահմանադրական ակտի 2-րդ յօդուածում ուղղակիօրէն ամրագրուած է, որ «Ադրբեջանի Հանրապետութիւնը 1918 թուականի մայիսի 28-ից մինչեւ 1920 թուականի ապրիլի 28-ը գոյութիւն ունեցած Ադրբեջանի Հանրապետութեան իրաւայաջորդն է»։
Սա նշանակում է, որ Զանգեզուրը եւ Գեյչայի (Սեւանայ լճի,– հեղ.) արեւելեան ափը՝ յարակից տարածքներով, Ադրբեջանի տարածքներն են, որոնք բոլշեւիկեան Ռուսաստանի, այսպէս կոչուած, Հայկական ԽՍՀ-ի բռնագրաւող իշխանութիւնների կողմից ապօրինաբար փոխանցուել են Հայաստանին։
Հաշուի առնելով, որ Հայաստանը փաստացի չի ճանաչում Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքները, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութեան եւ Արարատեան Հանրապետութեան միջեւ եղած սահմանները պէտք է հիմք հանդիսանան բանակցութիւնների համար»։
Սա այն է, ինչ պէտք է իմանալ Ադրբեջանի կողմից շարունակուող տարածքային պահանջների մասին։
Թոֆիկ Զուլֆուղարովի այս գրառումը պարունակում է Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ յստակ տարածքային յաւակնութիւններ։ Աւելին՝ նա փորձում է այդ յաւակնութիւններին պատմաիրաւական կեղծ հիմնաւորում տալ՝ յղում անելով 1918–1920 թուականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութեանը եւ 1991 թուականի Ադրբեջանի Անկախութեան մասին սահմանադրական ակտին։
Ի՞նչ տարածքներ է նա փաստացի պահանջում Հայաստանից։
Նա, նշելով Զանգեզուրի (Սիւնիք) մասին, արդէն իսկ ներկայացնում է պահանջը՝ Հայաստանի ամբողջ հարաւային հատուածը։
«Գեյչայի արեւելեան ափը» ասելով՝ նկատի ունի Սեւանայ լճի արեւելեան ափը՝ Գեղարքունիքի մարզի տարածքները։
«Յարակից տարածքները» գրելով եւ յստակ սահմաններ չնշելով՝ Ադրբեջանի տարածքային յաւակնութիւնները տարածում է նաեւ այդ շրջանների հարեւանութեամբ գտնուող տարածքների վրայ։
Յիշեցնենք, որ Ադրբեջանի ներկայիս Սահմանադրութեամբ Հայաստանի տարածքների 60 տոկոսից աւելին նրանք իրենցն են համարում։ Եւ Նիկոլ Փաշինեանը «դուխ» չի անում Ալիեւից պահանջել փոխել Ադրբեջանի Սահմանադրութիւնը։
Զուլֆուղարովը, որը Ալիեւի հիմնական քարոզիչ-խօսնակներից է, փաստացի կասկածի տակ է դնում Հայաստանի ներկայիս սահմանների իրաւական հիմքերը եւ բանակցային օրակարգ է մտցնում տարածքային հարցի վերանայումը։
