Հայ համայնքը համախմբուել է Գլենդէյլում՝ մասնակցելու Արցախի զօրակցութեան հանրահաւաքին, լուռ երթին եւ մոմավառութեանը
Նոյեմբերի 8-ի հաւաքի մասնակիցները պահանջել են ազատ արձակել հայ պատանդներին, ապահովել բռնի տեղահանուած արցախահայութեան վերադարձի իրաւունքը եւ պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանին։
ԳԼԵՆԴԷՅԼ, Կալիֆորնիա — 2026 թուականի նոյեմբերի 8-ին՝ կիրակի երեկոյեան, հայ համայնքի ներկայացուցիչները համախմբուել են Գլենդէյլում՝ մասնակցելու «Միասնական՝ յանուն Արցախի» հանրահաւաքին, լուռ երթին եւ մոմավառութեանը՝ վերահաստատելով իրենց յանձնառութիւնը Ադրբեջանում պահուող հայ գերիների ազատ արձակման, Արցախի բռնի տեղահանուած բնակչութեան վերադարձի իրաւունքի ապահովման, ինչպէս նաեւ Արցախի հայկական ինքնութեան եւ ժառանգութեան պաշտպանութեան հարցերում։

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Երիտասարդական միութեան (AYF) առաջնորդութեամբ կազմակերպուած հաւաքը տեղի է ունեցել 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագրի վեցերորդ տարելիցի նախօրէին։ Այդ համաձայնագրով աւարտուեց 44-օրեայ Արցախեան պատերազմը։ Դրան յաջորդած ադրբեջանական շրջափակումը եւ 2023 թուականի սեպտեմբերին իրականացուած ռազմական յարձակումը յանգեցրին Արցախի ողջ հայ բնակչութեան բռնի տեղահանմանը։
Հանրահաւաքը մեկնարկել է ժամը 17։00-ին՝ Գլենդէյլի Արցախի փողոցի եւ Բրոդուէյի խաչմերուկում, որտեղ մասնակիցները լսել են հայ համայնքի, քաղաքական եւ կրօնական կառոյցների ներկայացուցիչների ելոյթները։ Այնուհետեւ նրանք լուռ երթով շարժուել են դէպի Կենտրոնական պողոտայում գտնուող Սուրբ Աստուածածին Հայ Առաքելական Եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել մոմավառութիւն։
Հաւաքը աղօթքով բացել է Արցախի պատմական Դադիվանքի հովիւ Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը։ Ներկայումս նա ծառայում է Հայաստանում՝ Եռաբլուր զինուորական պանթէոնում, որտեղ ամփոփուած են հայրենիքի պաշտպանութեան համար զոհուած բազմաթիւ հայ զինուորներ։ Տէր Յովհաննէսն իր հետ բերել էր Դադիվանքի Սուրբ Խաչը՝ Արցախի հայկական քրիստոնէական ժառանգութեան եւ բռնի տեղահանուած ժողովրդի ու իր պապենական հայրենիքի միջեւ անխզելի հոգեւոր կապի խորհրդանիշը։

Արեւմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան անունից բացման եւ եզրափակիչ խօսքերով հանդէս է եկել Սաթիկ Սերայտարեանը՝ ընդգծելով հայ երիտասարդութեան պատասխանատուութիւնը շարունակելու Արցախի իրաւունքների պաշտպանութեան պայքարը եւ ապահովելու, որ նրա ժողովրդի ճակատագիրը չմոռացուի ու անտեսութեան չմատնուի։
Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ անունից ելոյթ է ունեցել Վիգէն Սոսիկեանը՝ խստօրէն քննադատելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կառավարութեանը՝ Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ պատասխանատուութիւնից, իր գնահատմամբ, հրաժարուելու համար։ Նա ընդգծել է այն համոզմունքը, որ Արցախի համար հայկական ազգային պայքարը չի կարող դադարեցուել կամ ստորադասուել որեւէ իշխանութեան քաղաքական առաջնահերթութիւններին։




Հաւաքի մասնակիցներին խօսք ուղղեց նաեւ Լոս Անջելեսի Արցախի պահպանութեան յանձնախմբի ներկայացուցիչ Ալեօշա Պետրոսեանը՝ ներկայացնելով բռնի տեղահանուած արցախահայութեան տեսակէտը եւ արդարութեան, ճանաչման ու իրաւունքների վերականգնման համար շարունակուող պայքարը։
Գլենդէյլի քաղաքապետ Արտաշէս Քասախեանն իր զօրակցութիւնն յայտնեց Արցախի ժողովրդին՝ ընդգծելով, որ իր ներկայութիւնը խորհրդանշում է համախմբուածութիւն նրա հիմնարար իրաւունքների շուրջ՝ անկախ այլ վայրերում քաղաքական ղեկավարների որդեգրած դիրքորոշումներից կամ գործողութիւններից։ Նրա խօսքն ընդգծել է Սփիւռքի հայկական համայնքների, յատկապէս Գլենդէյլի՝ Հայաստանից դուրս ամենամեծ հայ համայնքներից մէկի, շարունակական գործունէութեան կարեւորութիւնը։
Սուրբ Աստուածածին Հայ Առաքելական Եկեղեցու անունից ելոյթ է ունեցաւ նաեւ Տէր Մովսէս քահանայ Շաննաքեանը՝ հաւաքին փոխանցելով Հայոց Եկեղեցու զօրակցութեան եւ ազգային պատասխանատուութեան պատգամը։
Հանրահաւաքից յետոյ մասնակիցները լուռ երթով անցել են Գլենդէյլի փողոցներով՝ շարժուելով դէպի Սուրբ Աստուածածին Հայ Առաքելական Եկեղեցի, որտեղ երեկոն եզրափակուել է մոմավառութեամբ եւ աղօթքներով՝ Ադրբեջանում դեռեւս պահուող հայ գերիների, Արցախի տեղահանուած ընտանիքների եւ հայրենիքի պաշտպանութեան համար իրենց կեանքը զոհաբերածների յիշատակին։

Եկեղեցու բակում Տէր Յովհաննէսը հանդէս է եկել առանձնապէս ազդեցիկ եզրափակիչ խօսքով՝ յայտարարելով, որ նրանք, ովքեր չեն հաւատում Արցախի հայ ժողովրդի իրաւունքներին եւ չեն պաշտպանում դրանք, իրաւունք չունեն իրենց հայ կոչելու։ Նրա պատգամի առանցքում այն միտքն էր, որ Արցախի պաշտպանութիւնը սոսկ քաղաքական դիրքորոշում չէ, այլ ազգային եւ բարոյական հիմնարար պատասխանատուութիւն։
Դադիվանքի Սուրբ Խաչի ներկայութիւնը մոմավառութեանը առանձնայատուկ նշանակութիւն է հաղորդել՝ Գլենդէյլում հաւաքուած մասնակիցներին հոգեւորապէս կապելով Արցախի հայկական ամենանուիրական սրբավայրերից մէկի հետ, որն այսօր անհասանելի է իր հայ հաւատացեալներին։
Նոյեմբերի 8-ի հաւաքին նախորդել էր նաեւ նոյեմբերի 5-ին Ադրբեջանի գլխաւոր հիւպատոսին հասցէագրուած պաշտօնական նամակը՝ ՀՅԴ Երիտասարդական միութեան եւ ՀՅԴ «Շանթ» ուսանողական միութեան կողմից։
Նամակով պահանջւում էր անհապաղ ազատ արձակել ադրբեջանական գերութեան մէջ պահուող բոլոր հայ պատանդներին եւ կալանաւորուած անձանց, պարզաբանել նրանց շարունակական կալանաւորման իրաւական հիմքերը, ապահովել անկախ մարդասիրական կազմակերպութիւնների անարգել մուտքը եւ երաշխաւորել միջազգային իրաւունքին համապատասխան վերաբերմունք։
Յղում կատարելով 2020 թուականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի 8-րդ կէտին, որը նախատեսում է ռազմագերիների, պատանդների եւ այլ պահուող անձանց փոխանակում, կազմակերպութիւնները հարցականի տակ են դրել համաձայնագրի ստորագրումից վեց տարի անց Ադրբեջանի կողմից հայերի շարունակուող կալանաւորումը։
Նամակում նաեւ ընդգծուել է, որ հայ երիտասարդութիւնը շարունակելու է պայքարել Արցախի ժողովրդի նկատմամբ կատարուած գործողութիւնների համար պատասխանատուութեան ապահովման, նրա իրաւունքների վերականգնման եւ պապենական տներ անվտանգ վերադարձի համար։
Հանրահաւաքի հիմնական պահանջները չեն սահմանափակուել միայն գերիների ազատ արձակմամբ։ Դրանք ընդգրկել են նաեւ բռնի տեղահանուած արցախահայութեան՝ հայրենիք վերադառնալու միջազգայնօրէն ճանաչուած իրաւունքը, հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան պահպանումն ու վերականգնումը, ինչպէս նաեւ Արցախի հայ ժողովրդի հաւաքական իրաւունքների պաշտպանութիւնը։
Նոյեմբերի 8-ի հաւաքը վկայել է Հայկական Սփիւռքի շարունակական վճռականութեան մասին՝ Արցախը ազգային օրակարգի առաջնահերթութիւնների շարքում պահելու հարցում՝ անկախ Հայաստանում կամ տարածաշրջանում փոփոխուող քաղաքական հանգամանքներից։
2020 թուականի հրադադարի համաձայնագրից վեց տարի եւ Արցախի հայ բնակչութեան բռնի տեղահանումից աւելի քան երեք տարի անց Գլենդէյլից հնչած պատգամը վերահաստատել է պայքարը շարունակելու վճռականութիւնը. հայ պատանդները պէտք է ազատ արձակուեն, բռնի տեղահանուած արցախահայութիւնը պէտք է հնարաւորութիւն ունենայ վերադառնալու իր տները, իսկ հայ ժողովրդի իրաւունքները չեն կարող ջնջուել ժամանակի ընթացքով կամ կառավարութիւնների որոշումներով։
Պայքարը յանուն Արցախի, նրա ժողովրդի եւ նրա հիմնարար իրաւունքների շարունակւում է։
