44-օրեայ պատերազմը դադարեցուեց 2020 թուականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ յայտարարութեամբ։ Հայաստանը եւ Ադրբեջանը՝ ՌԴ նախագահի գլխաւորութեամբ, ստանձնեցին պարտաւորութիւններ, որոնք այդպէս էլ մնացին թղթի վրայ։ Համաձայն յայտարարութեան՝ նոյեմբերի 9-ից յետոյ կողմերը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում։ Հայկական կողմի համար ստեղծուած իրողութիւնն արդէն իսկ ողբերգական էր․ Շուշին այլեւս հայկական վերահսկողութեան տակ չէր, իսկ Արցախի մի մասը՝ բռնազաւթուած։
Չնայած յայտարարութիւնը չէր բխում հայկական կողմի շահերից, երկրների ստանձնած պարտաւորութիւնները որոշակի յոյս էին ներշնչում, որ հնարաւոր կը լինի պահպանել Արցախի պետականութիւնը եւ հետագայ բանակցութիւնների միջոցով հասնել խնդրի քաղաքական կարգաւորմանը։
Ի՞նչ տեղի ունեցաւ 2020 թուականից յետոյ։
Ադրբեջանը շարունակեց Արցախի բռնազաւթման քաղաքականութիւնը՝ պարբերաբար սադրանքներ հրահրելով, ռազմական ճնշում գործադրելով եւ աստիճանաբար առաջ մղելով իր դիրքերը։ Նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ նախատեսուած անվտանգութեան երաշխիքներն այդպէս էլ չգործեցին։ Ադրբեջանը հրաժարուեց ստանձնած պարտաւորութիւններից։
Պէտք է արձանագրենք, որ փոխուեց նաեւ Հայաստանի պաշտօնական քաղաքական դիրքորոշումը։ Եթէ նախկինում հայկական քաղաքական օրակարգի առանցքում «Արցախը Հայաստան է եւ վերջ» բանաձեւն էր, ապա այն փոխարինուեց «Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ» սկզբունքով։ ՀՀ իշխանութիւնները ոչ միայն հրաժարուեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի քաղաքական պաշտպանութիւնից, այլեւ պատմական Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում՝ փաստացի փոխելով հայկական կողմի բանակցային ուղղութիւնը։
Այսօր էլ, սեփական քաղաքական պատասխանատուութիւնը ստանձնելու փոխարէն, իշխանութիւնները շարունակում են մեղաւորներ փնտրել։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնն օրերս կոշտ արձագանգեց ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղարի հնչեցրած մեղադրանքներին՝ յիշեցնելով 2022 թուականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպման մասին, երբ «Նիկոլ Փաշինեանը Եւրոպական միութեան հովանու ներքոյ անցկացուած գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպէս Ադրբեջանի տարածքի մաս»։
Պրահայում Փաշինեանի զիջողական քաղաքականութեան հետեւանքով սկիզբ առած պարտութիւնների շղթան այսօր էլ շարունակւում է։ Արցախի հարցի շուրջ Հայաստանի բանակցային դիրքորոշման փոփոխութիւնը դարձաւ քաղաքական նոր իրողութիւն, որի հետեւանքներն այսօր ակնյայտ են։
2022 թուականի դեկտեմբերին Ադրբեջանը շրջափակեց Բերձորի միջանցքը՝ խախտելով նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնը։ 2023 թուականի սեպտեմբերի 19-ին լայնածաւալ ռազմական յարձակում սկսեց Արցախի դէմ, որի հետեւանքով Արցախի հայ բնակչութիւնը ենթարկուեց բռնի տեղահանութեան։ Հարիւրաւոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ։
Այս ամէնը տեղի ունեցաւ միջազգային հանրութեան անգործութեան եւ ՀՀ իշխանութիւնների՝ քաղաքական պատասխանատուութիւնից խուսափելու հետեւանքով։
Նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը չապահովեց ո՛չ Արցախի ժողովրդի անվտանգութիւնը, ո՛չ գերիների վերադարձը, ո՛չ էլ Արցախի հայ բնակչութեան՝ իր հայրենիքում ապրելու իրաւունքը։
ՀՀ իշխանութիւնները խաղաղութեան մասին խօսոյթն այսօր դարձրել են իրենց քաղաքականութեան հիմնական հիմնաւորումը։ Խաղաղութեան անուան տակ փորձ է արւում լռեցնել Արցախի հարցը, խեղաթիւրել պատմական իրողութիւնները, ստիպել հրաժարուել Արցախից։
Սակայն խաղաղութիւնը չի կարող կառուցուել պարտութեան, միակողմանի զիջումների եւ սեփական իրաւունքներից հրաժարուելու վրայ։ Այն չի կարող լռեցնել Արցախի հարցը, ստիպել հրաժարուել պատմական յիշողութիւնից կամ հաշտեցնել հայրենազրկման հետ։
Արցախի հարցը չի կարող փակուած համարուել։ Եւ մեր խնդիրն է մոռացութեան չմատնել այն, շարունակել պայքարել եւ երբեք չհրաժարուել արցախցիների իրաւունքների պաշտպանութեան պայքարից։
Յաւերժ փառք եւ խոնարհում յանուն հայրենիքի ու այդ նպատակների համար պայքարած մեր հերոսների յիշատակին։
«Ապառաժ»-ի խմբագրական
2026
