Նիկոլին ու յանցագործ ՔՊ-ականներին պահում են այնքան, որքան հնարաւոր է խաբել ու խաբկանքի մէջ պահել Հայաստանի ու Սփիւռքի հայութեանը

Նիկոլին ու յանցագործ ՔՊ-ականներին պահում են այնքան, որքան հնարաւոր է խաբել ու խաբկանքի մէջ պահել Հայաստանի ու Սփիւռքի հայութեանը

Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր Հայկ Դեմոյեանը գրում է․

Ցեղասպանութեան խաբկանքը

Նկատե՞լ էք, թէ ինչ հաճոյքով ու ոգեւորութեամբ են ՔՊ-ականներն ու իրենց պարագլուխը շեշտում, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն այլեւս Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան օրակարգում չէ, եւ որ ցեղասպանութեան հարցը չպէտք է վերածուի մանրադրամի՝ տարբեր երկրների միջպետական յարաբերութիւններում։

Ցեղասպանութեան ու դրա հետեւանքների մասին անգամ մակերեսային պատկերացումներ ու գիտելիքներ չունեցող Նիկոլ Փաշինեանը յատուկ դիտաւորութեամբ է անում այդ շեշտադրումը եւ ոչ միայն Անկարային հաճոյանալու ցանկութիւնից դրդուած։

Հիմա բացատրեմ, թէ ինչո՞ւ են խունտայի ներկայացուցիչները, այդ թւում՝ Հայոց ցեղասպանութեան թեմայով թեկնածուական ատենախօսութիւններ պաշտպանած Արարատ Միրզոյեանն ու Վլադիմիր Վարդանեանը, շարունակաբար անդրադառնում միմիայն այս դրուագին։

Պատճառները հետեւեալն են.

1. Նախ՝ չպէտք է զբաղուենք ինքնախաբէութեամբ։ Վերջին 35 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցն իրապէս չի հանդիսացել ՀՀ արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից մէկը, եւ տարբեր երկրների խորհրդարանների կողմից ցեղասպանութեան ու դրա հետեւանքների ճանաչումը հիմնականում տեղի է ունեցել կա՛մ սփիւռքեան համայնքների լոբբիստական գործունէութեան արդիւնքում, կա՛մ այս կամ այն պետութեան՝ Թուրքիային մի փոքր նեղը գցելու ցանկութեան հետեւանքով։

ՀՀ պետական քաղաքականութիւնն այս հարցում շատ քիչ ազդեցութիւն է ունեցել պաշտօնական ճանաչումների գործընթացի վրայ։ Սա այն խաբկանքներից մէկն է, որը հաստատուն տեղ է գտել ՔՊ-ականների խօսոյթում։

2. Ցեղասպանութեան հարցը տարբեր երկրների յարաբերութիւններում մանրադրամի չվերածելու հրամայականի մասին խօսելիս Նիկոլ Փաշինեանը որեւէ նորութիւն չի ասում եւ այդ առումով բնաւ ինքնատիպ չէ։ Տողերիս հեղինակի, եւ ոչ միայն իմ, վերջին քսան տարիների տասնեակ հարցազրոյցներում այս դրոյթը եղել է հիմնական արձանագրումը՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման փաստաթուղթ ընդունելու գործընթացը մեկնաբանելիս։

Եւ վերջապէս, Նիկոլ Փաշինեանի կողմից իրականացուող եւս մէկ կարեւոր մանիպուլեացիա։ Հիմնական դերակատար երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Ռուսաստանը, տարբեր տարիների պաշտօնապէս ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը եւ ընդունել այն դատապարտող յայտարարութիւններ ու բանաձեւեր։

Ուստի եւս մէկ անգամ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականութեան օրակարգում ներառելու կամ չներառելու հարցը բարձրացնելը շատ պարզունակ քարոզչական ծուղակ է, որի հիմնական եւ գերագոյն նպատակը հետեւեալն է։

ա. Փաշինեանի ու ՔՊ-ականների քարոզչական այդ ստոր հնարքն առաջին հերթին միտուած է փոխարինելու եւ ուշադրութիւնը շեղելու արցախահայութեան դէմ իրականացուած էթնիկ զտման ու ցեղասպանական գործողութեանն անդրադառնալու կարեւորութիւնից եւ տեղի ունեցածին հէնց այդպիսի որակում տալու հրամայականից։

բ. Այն, ինչ տեղի ունեցաւ Արցախում 2020-2023 թուականներին, ցեղասպանութիւն էր եւ լիովին համապատասխանում էր ՄԱԿ-ի 1948 թուականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայում ամրագրուած ձեւակերպումներին։

Պատերազմի սանձազերծում, ագրեսիա խաղաղ բնակչութեան դէմ, շրջափակում եւ զինուած ճնշման արդիւնքում կատարեալ էթնիկ զտում՝ այսպէս կոչուած խաղաղապահների ներկայութեամբ, որոնք աւելի շուտ մասնակցութիւն ունեցան այդ գործողութիւններին։

Փաշինեան Նիկոլը հօ ձեզ չի յիշեցնի այս ամէնը, ինչին մենք ականատես եղանք։

Նա հօ ձեզ չի յիշեցնի, որ 1915 թուականին հայերի դէմ իրականացուած ցեղասպանութիւնը Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան որակել էին որպէս Օսմանեան Թուրքիայի կողմից «մարդկայնութեան ու քաղաքակրթութեան դէմ իրականացուած նոր յանցագործութիւններ»։

Չի էլ ասի, որ հարիւր տարի անց՝ 21-րդ դարասկզբին, նաւթագազային շահերը գերադասելով, այդ նոյն տէրութիւններն այս անգամ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասին հովանաւորեցին եւ լռութեամբ հետեւեցին հայ ժողովրդի դէմ իրականացուած նոր ցեղասպանութեանը։

գ. Նիկոլն ու յանցագործ ՔՊ-ականները դա չեն անի, որովհետեւ հէնց դրա համար են իրենց իշխանութեան բերել եւ պահում են այնքան ժամանակ, որքան հնարաւոր է խաբել ու խաբկանքի մէջ պահել Հայաստանի ու Սփիւռքի հայութեանը։

Հէնց այդ պատճառով էին տէրութիւնները միացել հայաստանեան խորհրդարանական ընտրութիւններին եւ իրենց աջակցութիւնը յայտնում յանցագործ, իշխանազաւթ խունտային, ինչը մենք նկատեցինք ու արձանագրեցինք որպէս աննախադէպ երեւոյթ։

Հիմա էլ կը համոզեն, որ Սահմանադրութիւնն էլ պէտք է փոխէք, նոր տարածքներ էլ պիտի տաք, քանի որ հաւատում էք մեր խոստումներին։

դ. Եւ վերջապէս, Նիկոլ Փաշինեանն ամէն կերպ ու ամէն տեսակի ստոր ձեւակերպումներով փորձելու է ձեզ շեղել ու ապակողմնորոշել ցեղասպանութեան հարցում, որովհետեւ անձամբ, իր յանցակիցների հետ միասին, մեղադրւում է հայ ժողովրդի դէմ իրականացուած նոր ցեղասպանութեանը գործուն մասնակցութիւն ունենալու համար՝ ծանրագոյն յանցագործութեան պարզունակ գործիքի կարգավիճակով։

Արցախի ու արցախահայութեան իրաւունքների վերաբերեալ նրա բոլոր ջղաձգումների, իրերն ու տեղի ունեցածն իրենց անունով կոչելուց խուսափելու հիմնական պատճառն էլ հէնց սա է։

Դրա կապակցութեամբ կայ նոյնիսկ ինքնախոստովանութիւն առ այն, որ Արցախի հարցի լուծումը ՔՊ-ականները՝ ի դէմս Նիկոլի, իրականացրել են Իլհամ Ալիեւի հետ համախորհուրդ։

Սրա համար մի քանի տասնեակ ՔՊ-ականների ապագան կ՚արձանագրուի ցմահ ազատազրկումների տեսքով։

ե. Ու ամենակարեւորը. մեծ տէրութիւնների նորօրեայ ցեղասպանական օրակարգը սպասարկելու արդիւնքում ՔՊ-ական խունտան Հայաստանի Հանրապետութեան եւ ՀՀ քաղաքացիների համար ստեղծել է նոր վտանգներ ու մարտահրաւէրներ՝ կարծելով, թէ տուած խոստումները՝ Արցախի հարցն իբր նման կերպ լուծելու արդիւնքում խաղաղութիւն հաստատելու եւ Հայաստանը ապաշրջափակելու վերաբերեալ, կ՚իրականանան։

Իսկ դա, ինչպէս տեսնում ենք, տեղի չի ունենում, որովհետեւ մեծ քաղաքականութեան մէջ խոստում տալն ու հաւատացողին կրկնակի խաբելը հնուց ի վեր ընդունուած գործելաոճ է։

Դէ իսկ ՔՊ-ականների պարագլուխը շարունակաբար խաբկանքների ու խաբէութիւնների նոր օրակարգեր է առաջ քաշելու՝ 21-րդ դարասկզբին իրենց մասնակցութեամբ հայ ժողովրդի դէմ իրագործուած նոր ցեղասպանութեան մէջ իրենց ուղղակի մասնակցութիւնը քօղարկելու համար։

Share