Մինչ Հայաստանում խաղաղութեան պատրանքով կերակրուող ժողովրդին զբաղեցնում են հերթական բեմականացումներով, Նիկոլի «կիրթ եւ կառուցողական» պատուիրատուն յստակ քայլերով աշխարհին Հայաստանը ճանաչել է տալիս որպէս Արեւմտեան Ադրբեջան՝ թէկուզ պատմական խեղաթիւրուած փաստերով։ Խնդրեմ, ներկայացումների դիտումներն ընդհատեմ մի պահ։
«Երեւանի պատմութեանը եւ տարածաշրջանում ադրբեջանական ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգութեանը» նուիրուած երկու գիրք ներառուել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի գրացուցակում…
Այս փաստը հաստատւում է գրադարանի՝ հեղինակին ուղղուած պաշտօնական նամակով։
«IRAVAN Through the Language of Historical Documents» («Իրեւան՝ պատմական փաստաթղթերի լեզուով») գիրքը հրատարակուել է անգլերէնով՝ ՀԿ-ների պետական աջակցութեան գործակալութեան ֆինանսական աջակցութեամբ։
Երկրորդ գիրքը՝ «Իրեւան․ պատմութեան եւ կորուսուած ժառանգութեան արձագանքը», հրատարակուել է ադրբեջաներէն, անգլերէն, ֆրանսերէն եւ ռուսերէն լեզուներով՝ Հեյդար Ալիեւի հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիեւայի աջակցութեամբ։

Հրատարակութիւններում Երեւանի պատմութիւնը ներկայացուած է արխիւային փաստաթղթերի, լուսանկարների, անձնական եւ ընտանեկան արխիւների, ինչպէս նաեւ տոհմաբանական նիւթերի հիման վրայ։ Դրանցում հրապարակուել են նաեւ մի շարք փաստաթղթեր, որոնք նախկինում անյայտ էին լայն հանրութեանը եւ գիտական համայնքին։
«Իրեւան՝ պատմական փաստաթղթերի լեզուով» գրքի շնորհանդէսները տեղի են ունեցել հոկտեմբերի 11-ին՝ Նիւ Եորքում, եւ հոկտեմբերի 16-ին՝ Վաշինգտոնում։
Հ.Գ. Թարգմանութիւնն իմն է, սկզբնաղբիւրը կը տրամադրեմ անձնական նամակով, չեմ հրապարակի, որ դրանց տարածմանը չնպաստենք։
