Հոկտեմբերի 28-ին արցախցիները բողոքի ակցիա են անցկացրել Երեւանի Կարէն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրի մօտ՝ բարձրաձայնելով Արցախի բնակչութեան իրաւունքների, Ադրբեջանի կողմից բռնագրաւուած հայրենիքի, հայ գերիների եւ բռնի տեղահանուած արցախահայերի խնդիրները։
Ակցիայի մասնակիցները նշել են, որ COP17 համաժողովի շրջանակում անտեսւում են Արցախի ժողովրդի խնդիրներն ու մշակութային ժառանգութիւնը։ Նրանք նաեւ սեփական ցուցադրութիւն են կազմակերպել՝ ներկայացնելով Արցախի պատմութիւնը, մշակոյթը, երաժշտութիւնն ու խոհանոցը։
Նշենք, որ արցախցիներին COP17-ում մերժել են տաղաւար տրամադրել։ «Արցախ միութեան» դիմումը մերժուել է առանց որեւէ պատճառաբանութեան։ Առցանց ընթացակարգով լրացուած դիմումի պատասխանում նշուած է եղել միայն, որ տաղաւար չի տրամադրւում։
