«Հայաստան» խմբակցութեան անդամները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա Գրիգորեանը, խմբակցութեան քարտուղար Արթուր Խաչատրեանը եւ բարեկամական խմբի անդամ Քրիստինէ Վարդանեանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։
Ողջունելով դեսպանին՝ Աննա Գրիգորեանը նշել է, որ «Հայաստան» խմբակցութիւնը բարձր է գնահատում Հայաստան-Իրան յարաբերութիւնները եւ կարեւորում համագործակցութեան խորացումը։
Ընդդիմադիր պատգամաւորները ներկայացրել են նորընտիր խորհրդարանում իրենց խմբակցութեան առաջնահերթութիւնները։
Դեսպանը խօսել է երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի սերտացման ու պարբերաբար հանդիպումներ ունենալու անհրաժեշտութեան մասին։ Խորհրդարանական համագործակցութեան ընդլայնման տեսանկիւնից Խալիլ Շիրղոլամին ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարութիւնը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերեալ։ Անդրադարձ է կատարուել Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին։
Կարեւորուել է Հարաւային Կովկասում կայուն խաղաղութեան հաստատումը։ «Հայաստան» խմբակցութեան ներկայացուցիչները բարձրաձայնել են Ադրբեջանում պահուող հայերի վերադարձի, ինչպէս նաեւ Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգութեան պահպանման հարցերը։
Կողմերը խօսել են նաեւ «Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման ընթացքի վերաբերեալ։

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավարի հետ
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Աննա Գրիգորեանը եւ խմբակցութեան քարտուղար Արթուր Խաչատրեանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավար, արտակարգ եւ լիազօր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Քննարկուել են երկկողմ յարաբերութիւններին ու տարբեր ոլորտներում համագործակցութեանն առնչուող հարցեր։ Կարեւորուել է նորընտիր խորհրդարանի հետ գործակցութիւնը։
Աննա Գրիգորեանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում ժողովրդավարական իրավիճակի, դատական համակարգում առկայ խնդիրների ու, իր խօսքով, քաղաքական դրդապատճառներով կալանաւորման դէպքերի վերաբերեալ։ ԱԺ պատգամաւորները նաեւ խօսել են խորհրդարանական ընտրութիւններից յետոյ տեղի ունեցած գործընթացների մասին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարուել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը։ Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն ակտիւ ներգրաւուածութիւն ունի տարածաշրջանում եւ աջակցում է խաղաղութեան հաստատման գործընթացին։
Խմբակցութեան ներկայացուցիչները կարեւորել են Եւրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը, որով կոչ է արւում նաեւ անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահուող հայ բանտարկեալներին։
