Բացուել է ամերիկեան շուկան ռուսական դիզելային վառելիքի առջեւ

Բացուել է ամերիկեան շուկան ռուսական դիզելային վառելիքի առջեւ

Թրամփը բացել է ամերիկեան շուկան ռուսական դիզելային վառելիքի առջեւ. Զելենսկին այն Պուտինին արուած նուէր է որակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախօսազրոյց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ յայտարարել, որ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել համաշխարհային եւ ԱՄՆ շուկաներ ռուսական դիզելային վառելիքի խոշոր խմբաքանակներ մատակարարելու վերաբերեալ։

«Ես հէնց նոր շատ յաջող քննարկում ունեցայ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում որոշուեց, որ Ռուսաստանն անյապաղ ԱՄՆ-ի եւ համաշխարհային շուկաներ կը մատակարարի աւելի քան 300 000 տոննա դիզելային վառելիք, ինչպէս նաեւ եւս 500 000 տոննա՝ նոյեմբերին, եւ 1 000 000 տոննա՝ դրանից անմիջապէս յետոյ։ Բացի այդ, ելնելով դիզելային վառելիքի վերամշակման գործարանների վիճակից՝ Ռուսաստանը կարճ ժամանակահատուածում կը մատակարարի եւս 3 000 000 տոննա դիզելային վառելիք»,– գրել է Թրամփը սոցիալական ցանցի իր էջում։

Դրա արդիւնքում նա կանխատեսել է դիզելային վառելիքի գների ռեկորդային նուազում։

«Հորմուզի նեղուցի նկատմամբ մեր լիակատար վերահսկողութեան եւ ռուսական էներգակիրների վերաբերեալ այս կարեւոր յայտարարութեան շնորհիւ՝ ամերիկացիների եւ, ըստ էութեան, ամբողջ աշխարհի համար դիզելային վառելիքի գները ռեկորդային չափով եւ արագօրէն կը նուազեն։ Ամերիկացիների, յատկապէս՝ մեր հիանալի ֆերմերների, անասնապահների եւ բեռնատարների վարորդների համար ցածր գներ ապահովելն իմ գլխաւոր առաջնահերթութիւնն է։ Սա շատ կարեւոր յայտարարութիւն է։ Բացի այդ, պէտք է հասկանալ, որ Իրանը միջուկային զէնք չի ունենայ»։

Պուտինի հետ ունեցած զրոյցից յետոյ եւ Թրամփի յանձնարարութեամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարութիւնն անյապաղ տրամադրել է ժամանակաւոր թոյլտուութիւն, որը հնարաւորութիւն է տալիս ռուսական դիզելային վառելիք մատակարարել համաշխարհային շուկաներ։

Սակայն ԱՄՆ նախագահը չի յստակեցրել՝ արդեօք պատժամիջոցները կը վերացուեն ռուսական նաւթամթերքի մատակարարումը համաշխարհային եւ ամերիկեան շուկաներ ապաշրջափակելու նպատակով։

Նա նաեւ չի պարզաբանել՝ արդեօք նման համաձայնագիրը ենթադրում է երաշխիքներ ռուսական նաւթավերամշակման գործարաններին հարուածներից խուսափելու վերաբերեալ։ Ներկայումս Ռուսաստանն ունի դիզելային վառելիքի աւելցուկ, սակայն Ուկրաինայի կողմից հարուածների շարունակման դէպքում այդ պաշարը կարող է արագօրէն սպառուել։

Ռուսաստանն իր հերթին հաստատել է ԱՄՆ-ի եւ համաշխարհային շուկաներ նաւթ ու նաւթամթերք մատակարարելու իր պատրաստակամութիւնը։

«Քննարկելով համաշխարհային էներգետիկ ոլորտի վիճակը՝ ռուսական կողմը վերահաստատեց ԱՄՆ-ի եւ համաշխարհային շուկաներ նաւթ ու նաւթամթերք մատակարարելու իր պատրաստակամութիւնը։ Վստահ եմ, որ դա ընդհանուր առմամբ դրական ազդեցութիւն կ՚ունենայ համաշխարհային տնտեսութեան վրայ»,– յայտարարել է ՌԴ նախագահը։

Հարցին, թէ ի՞նչ զիջումների է գնացել ԱՄՆ-ն, ինչի՞ շուրջ է համաձայնութեան եկել Ռուսաստանը՝ ԱՄՆ-ին դիզելային վառելիք մատակարարելու դիմաց, ՌԴ նախագահի օգնական Իւրի Ուշակովը պատասխանել է. «Գիտէք, կարծում եմ՝ ամերիկեան կողմը լրացուցիչ պարզաբանումներ կը տայ այդ հարցի վերաբերեալ»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է Դոնալդ Թրամփի յայտարարութիւնը՝ ԱՄՆ ռուսական դիզելային վառելիք ներկրելու վերաբերեալ գործարքի մասին։

Զելենսկին դա որակել է որպէս նուէր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչը համազօր է «ներդրման այնպիսի պատերազմում, որը պէտք է աւարտել, այլ ոչ թէ երկարաձգել»։ Սոցիալական ցանցերում արուած գրառման մէջ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը դիզելային վառելիքի դիմաց կը պատասխանի «հետագայ ահաբեկչութեամբ»։

«Մենք ակնկալում ենք Ամերիկայի արդարացի աջակցութիւնը՝ ուղղուած կեանքի եւ Ուկրաինայի բնակիչների պաշտպանութեանը, ինչպէս նաեւ յոյս ունենք, որ Միացեալ Նահանգները Ռուսաստանի հետ համապատասխան կոշտ խօսակցութիւն կը վարի։ Կոշտ, ոչ թէ թոյլ»,– յայտարարել է Զելենսկին։

Share