Ադրբեջանն աջակցում է Փաշինեանին՝ ընդդէմ հայ ազգայնականների

Ադրբեջանն աջակցում է Փաշինեանին՝ ընդդէմ հայ ազգայնականների

Յարութ Սասունեան
www.TheCaliforniaCourier.com

Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանութիւններն ու նրանց լրատուամիջոցները ուշադրութեամբ հետեւում են Հայաստանում եւ Սփիւռքում տեղի ունեցող զարգացումներին ու հրապարակուող յօդուածներին՝ քննադատաբար արձագանգելով դրանց։ Տարիների ընթացքում իմ շաբաթական յօդուածներից շատերը թարգմանուել ու վերահրապարակուել են ադրբեջանական ու թուրքական թերթերում եւ կայքերում։

Վերջին օրինակը Ատլանտայից (Ջորջիա նահանգ) Յարութիւն Աղա-Սարգսեանի յօդուածն է, որը սեպտեմբերի 29-ին հրապարակուել է հայաստանեան լրատուական կայքերից մէկում։ Նա Հայոց Եկեղեցու պահպանութեան համահայկական խորհրդի նախագահն է եւ Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի (ANCA) տեղական մարմնի հիմնադիրը։ «Փաշինեանի նոր բաժանարար գիծը՝ Սփիւռքի երիտասարդութեան մէջ» վերնագրով յօդուածում նա քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ սեպտեմբերի 24-ին Նիւ Եորքում ամերիկահայ ուսանողների փոքր խմբի հետ հանդիպելու համար։ Փաշինեանը մտադիր էր ուսանողներին ներկայացնել «Իրական Հայաստանի» վերաբերեալ իր վիճայարոյց հայեցակարգը։

Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական «1news.az» լրատուական կայքն արձագանգեց՝ քննադատելով Աղա-Սարգսեանին եւ պաշտպանելով Փաշինեանի քաղաքականութիւնը, որը վնաս է հասցնում հայկական ազգային շահերին։ Ֆարիդա Բաղիրովայի հեղինակած յօդուածը վերնագրուած էր՝ «Ուժասպառ անող ուրուականի գերին. ինչպէս է ռեւանշիզմը խարխլում Հայաստանի ապագան»։

Բաղիրովան գրել է. «Վերջին տարիներին հայկական քաղաքական խօսոյթն աւելի ու աւելի է դառնում վտանգաւոր միտման պատանդ. արմատականութիւնն ու ռեւանշիզմը վերածւում են հանրային կեանքի հիմնասիւների։ Այս կործանարար դինամիկայի շարժիչ ուժերը ոչ միայն երկրի ներսում գործող արմատական ուժերն են, այլեւ արտերկրի հայկական Սփիւռքի մի հատուածը»։

Այնուհետեւ Բաղիրովան յարձակուել է Հայ Առաքելական Եկեղեցու վրայ. «Էջմիածինը եւ դրա հետ կապուած սփիւռքեան շրջանակները շարունակում են մնալ ռեւանշիստական հռետորաբանութեան մոբիլիզացման կարեւորագոյն խողովակներից մէկը։ Ազդեցութեան այս փոխկապակցուած ցանցը տասնամեակներ շարունակ հնարաւորութիւն է տուել արմատականներին օրակարգ թելադրել Երեւանին։ Նրանց համար Հայաստանը ոչ թէ իր սոցիալ-տնտեսական խնդիրներով ապրող երկիր էր, այլ քաղաքական հաւակնութիւնները բաւարարելու ցատկահարթակ»։

Այնուհետեւ Բաղիրովան պաշտպանել է Փաշինեանի՝ «Իրական Հայաստան» հայեցակարգը՝ աւելացնելով. «Փաշինեանը փշրում է այն պատրանքը, թէ արտերկրում գտնուող լոբբիստներն իրաւունք ունեն զոհաբերելու Հայաստանի քաղաքացիների անվտանգութիւնը՝ յանուն սեփական գաղափարական դոգմաների»։

Վերադառնալով Հայոց Եկեղեցու դէմ իր յարձակումներին՝ Բաղիրովան գրել է. «Նմանատիպ գործընթացներ են տեղի ունենում նաեւ հայկական Եկեղեցում, որը, փոխանակ խաղաղութիւն քարոզելու, վերածւում է տարածաշրջանում վերջնական խաղաղութեանն ուղղուած ցանկացած շարժման դէմ գաղափարական դիմադրութեան կենտրոնի։ Ռեւանշիզմն այլեւս անցեալի շուրջ վէճ չէ. դա քաղաքական մոդել է, որը պահանջում է «թշնամու մշտական ներկայութիւն», վերադարձ դէպի «կորուստները» եւ նոր իրողութիւնը չընդունելու կեցուածք։ Եթէ Հայաստանում ցանկանում են շարունակել ապրել այս տրամաբանութեամբ, դա իրենց ընտրութիւնն է։ Ադրբեջանն առաւելագոյն յստակութեամբ ներկայացրել է իր դիրքորոշումը՝ խաղաղութիւն, կայունութիւն, զարգացում։ Հայ հասարակութիւնը ստիպուած է լինելու ինքնուրոյն առերեսուել իր քաղաքական ուրուականներին»։

Ադրբեջանական մի շարք կայքեր պարբերաբար թիրախաւորում են հայկական ընդդիմութեանը՝ թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում։ Յօդուածները մանրակրկիտ ուսումնասիրուած են եւ գրուած են տարբեր լեզուներով, այդ թւում՝ բարձր մակարդակի անգլերէնով։ Ակնյայտ է, որ այդ կայքերը լաւ ֆինանսաւորւում են, իսկ դրանց համար յօդուածներ գրող վերլուծաբանները բարձր վարձատրութիւն են ստանում Ադրբեջանի իշխանութիւնների կողմից։

Հայաստանի ներսում եւ դրանից դուրս Փաշինեանի ընդդիմախօսների վրայ յարձակուելու մոլուցքի մէջ ադրբեջանական լրատուամիջոցներն ու պաշտօնեաները, կարծես, չեն գիտակցում, որ ակնյայտ են դարձնում հետեւեալը․ Ադրբեջանը ողջունում եւ սատարում է վարչապետի վարած քաղաքականութիւնը։ Երբ թշնամիդ կանգնում է սեփական կառավարութեանդ կողքին, կասկածելու լուրջ հիմքեր են առաջանում։ Վերջին տարիներին Փաշինեանն արել է հնարաւոր ամէն ինչ՝ իր գործելակերպը Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկութիւններին համապատասխանեցնելու համար։ Նա բազմաթիւ զիջումների է գնացել եւ շարունակում է գնալ։ Նա Ադրբեջանին է յանձնել Արցախը եւ զիջել Հայաստանի Հանրապետութեան տարածքից հատուածներ՝ միաժամանակ օտարուելով Հայաստանի քաղաքացիներից եւ Սփիւռքի ներկայացուցիչներից։

Բնականաբար, Ադրբեջանն ու Թուրքիան գոհ են նրանից։ Ինչպէս ասում են՝ «ներքին թշնամին շատ աւելի վտանգաւոր է, քան արտաքինը»։

Ադրբեջանի եւ Թուրքիայի ամենամեծ մտավախութիւնն այն է, որ Փաշինեանին կը փոխարինի հայրենասէր հայ ղեկավար, որը կը պաշտպանի ազգային շահերը։

Ադրբեջանի՝ որպէս խաղաղասէր պետութեան մասին անդադար պնդումներին հակասում է նախագահ Իլհամ Ալիեւի հրաժարումը ստորագրել համաձայնեցուած «Խաղաղութեան պայմանագիրը», այն էլ այն դէպքում, երբ նա նախկինում յայտարարել էր, թէ Փաշինեանին թելադրել է համաձայնագրի բոլոր 17 յօդուածները։

Ալիեւը պարբերաբար սպառնալիքներ է հնչեցնում՝ զգուշացնելով, որ Ադրբեջանը կը յարձակուի Հայաստանի վրայ, եթէ վերջինս չընդունի ադրբեջանական բոլոր պահանջները։ Նա Հայաստանի ղեկավարներին որակում է որպէս «պատերազմական յանցագործներ, որոնք պէտք է ստանան իրենց արժանի պատիժը»՝ միաժամանակ հրաժարուելով ազատ արձակել Բաքւում ապօրինի բանտարկուած ու դատապարտուած Արցախի պաշտօնեաներին։

Վերջերս Ալիեւը նոյնիսկ խօսել է «Յաղթանակի երրորդ կամարը… հէնց այսօր Երեւանի կենտրոնում» կառուցելու մասին։

Մինչդեռ Փաշինեանն անդադար խօսում է այն մասին, թէ ինչպէս է խաղաղութիւն բերել Հայաստանին։ Սակայն խաղաղութիւնը չի կարող լինել միակողմանի։ Խաղաղութիւն գոյութիւն չունի, երբ թշնամին եաթաղանը ճօճում է գլխիդ վերեւում՝ սպառնալով կտրել այն։

Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի

Share