Կալանաւորել հայ քաղաքացու վրայ կրակած յանցագործին
Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրայ։ Եւ սա այն դէպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղեակ է եղել վտանգի մասին։
Այսպէս է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղուած է միայն սեփական քաղաքացիներին հետապնդելով, իսկ սահմանները մնացել են անպաշտպան։
Սակայն մենք չենք կարող հաշտուել այս անպատուութեան հետ։ Ուստի կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին միանալ հոկտեմբերի 2-ին, ժամը 15։00-ին ԱԱԾ շէնքի դիմաց մեկնարկող բողոքի ակցիային։
Մենք պահանջում ենք.
Կալանաւորել հայ քաղաքացու վրայ կրակած յանցագործին։
Վերջինիս չազատել որպէս «բարի կամքի դրսեւորում», այլ փոխանակել Բաքուի բանտերում պահուող հայ գերիների հետ։
Հոկտեմբերի 2
Ժամը՝ 15։00-ին
Վայրը՝ ԱԱԾ շէնքի դիմաց
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւն
Նախապատմութիւն
Սիւնիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի յայտնուելուց յետոյ բնակիչներին զգուշացրել են իրավիճակի մասին եւ յորդորել, որ տներում մնան։ Irakanum.am-ի հետ զրոյցում այս մասին ասել է Շաքի բնակավայրի վարչական ղեկավար Ռուբէն Մանուչարեանը։
ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութիւնը քիչ առաջ յայտնել է, որ Սիւնիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել եւ կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։ Գիւղացիներից մէկը Sputnik Արմենիային պատմել է, որ վիրաւորը կին է, նա հասցրել է դանակով հարուած հասցնել ադրբեջանցի զինծառայողին։
Մանուչարեանի խօսքով՝ տեղեկանալով կատարուածի մասին՝ ինքն անմիջապէս կապ է հաստատել յարակից տարածքների բնակիչների հետ՝ ոմանց անձամբ հանդիպելով, միւսներին՝ զանգահարելով։
«Ասել եմ՝ ժողովուրդ ջան, նման իրավիճակ կայ, բայց խուճապի մի՛ մատնուէք, ուղղակի աչալուրջ եղէք։ Ինչ-որ արտառոց բան տեսնելու դէպքում զանգէք ինձ։ Մարդկանց զգուշացրել ենք, մտել են իրենց տները»,– ասել է Շաքի բնակավայրի վարչական ղեկավարը։
Նա նշել է, որ ադրբեջանցի զինծառայողը զինուած է եղել հրազէնով, ինչի պատճառով իրաւապահները որոշ ժամանակով սահմանափակել են մարդկանց տեղաշարժը դէպքի վայրի յարակից հատուածում։ Այնտեղ գտնուել են իրաւապահներ եւ համապատասխան հանդերձանքով զինուորականներ։ Մանուչարեանը նշել է, որ իրավիճակը գիւղում վերահսկուել է, հիմա ամէն ինչ հանգիստ է, եւ խուճապ չկայ։
Դէպքը, նրա խօսքով, տեղի է ունեցել Շաքի գիւղի հիւսիսային հատուածում՝ բնակավայրով անցնող ճանապարհից մի քանի հարիւր մետր հեռաւորութեան վրայ։
«Ադրբեջանցի զինծառայողը երիտասարդ է՝ մօտ 18–20 տարեկան։ Մեր իրաւապահներն արագ վնասազերծել են ադրբեջանցուն, երբ հասանք՝ արեան հետքեր կային, թեթեւ վիրաւորում էր ստացել»,– նշել է Մանուչարեանը։
Վարչական ղեկավարը յայտնել է նաեւ, որ միջադէպի հետեւանքով տուժած կինը Շաքիում բնակուող ընտանիքի անդամ է։ Ըստ նրա՝ ընտանիքը նախկինում Արարատի մարզից է տեղափոխուել, տարիներ շարունակ տարբեր բնակավայրերում է ապրել, սակայն ամենաերկարը՝ Շաքիում։ Ընտանիքն ունի երեք երեխայ, որոնցից մէկը սովորում է քոլեջում, երկուսը՝ գիւղի դպրոցում։
Մանուչարեանը չի կարողացել հաստատել՝ դէպքը երեխաների աչքի առաջ է տեղի ունեցել, թէ ոչ։
«Երբ իմացանք, որ իր կեանքին վտանգ չի սպառնում, վիրաւորումն այդքան խոր եւ վտանգաւոր չէ, ես աւելի շատ զբաղուեցի իրաւապահներին օգնելով եւ ժողովրդին իրազեկ պահելով»,– ասել է վարչական ղեկավարը։
Յիշեցնենք՝ ըստ ԱԱԾ-ի՝ ադրբեջանցի զինծառայողը ծառայութեան վայրը լքել է սեպտեմբերի 29-ին, իսկ ՀՀ քաղաքացու ոտքին կրակել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին։ Նա ձերբակալուած է։
