ՎԱՇԻՆԳՏՈՆ — Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանը (ANCA-WR) Կոլորադոյից, Կալիֆորնիայից, Օրեգոնից, Վաշինգտոնից, Տեխասից, Արիզոնայից, Ալասկայից եւ Վայոմինգից համախմբել է գործիչների՝ մասնակցելու սեպտեմբերի 14-ին եւ 15-ին կայացած Հայ Դատի Ռազմավարական Պաշտպանութիւն (ANCA Strategic Advocacy) նախաձեռնութեանը։ Արեւմտեան շրջանի պատուիրակութիւնը միացել է երկրի տարբեր շրջաններից ժամանած գործիչներին՝ աւելի քան 30 նահանգ ընդգրկող համազգային նախաձեռնութեան շրջանակում, որի ընթացքում 100-ից աւելի մասնակիցներ Կոնգրեսի գրասենեակներում անցկացրել են աւելի քան 150 հանդիպումներ։
«Այս պատուիրակութիւնն արտացոլում է մեր շրջանի յանձնառութեան խորութիւնը՝ Rising Leaders եւ Kasparian Summer Academy ծրագրերի շրջանաւարտներից մինչեւ առաջին անգամ մասնակցող գործիչներ, որոնք Վայոմինգից եւ Ալասկայից հասել են այստեղ՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար»,– ասել է ՀԴՅ Արևմտեան Շրջանի նախագահ Օշին Յարութիւնեանը։
«Լինի դա մեր ռազմագերիների ազատ արձակումը, 907-րդ յօդուածի կիրառումը, թէ Արցախի տեղահանուած ժողովրդի կողքին կանգնելը՝ մեր գործիչներն այս առաջնահերթութիւնները ներկայացրել են Կապիտոլիումի իւրաքանչիւր գրասենեակում։ Սա է ամերիկահայ առաջնորդներ պատրաստելու ուղղութեամբ տասնամեակներ շարունակ կատարուած ներդրումը գործնականում, եւ հէնց սա է, որ առաջիկայ տարիներին Վաշինգտոնում մեր համայնքի ձայնն աւելի ուժեղ է դարձնելու»։
Բազմասերունդ պատուիրակութիւն
Փորձառու գործիչները Կապիտոլիումի գրասենեակներում աշխատել են առաջին անգամ Վաշինգտոն ժամանած երիտասարդների կողքին։ Պատուիրակութիւնում ընդգրկուած էին Հայ Դատի տարբեր ծրագրերի շրջանաւարտներ։ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան շրջանը եւս համախմբել էր իր անդամներին ամբողջ տարածաշրջանից։
Վայոմինգի բարձրադիր հարթավայրերից մինչեւ Արիզոնայի անապատներ, Խաղաղական հիւսիս-արեւմուտքից մինչեւ Տեխաս՝ այս տարուայ պատուիրակութիւնն ամերիկահայութեան մտահոգութիւնները ներկայացրել է Արեւմուտքի տարբեր նահանգները ներկայացնող սենատորներին ու Ներկայացուցիչների պալատի անդամներին։
Քաղաքական եւ օրէնսդրական առաջնահերթութիւններ
Հայ Դատի գործիչների գլխաւոր օրէնսդրական առաջնահերթութիւններից էր FREEDOM Support Act-ի 907-րդ յօդուածի կիրառումը, որն արգելում է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնութեան տրամադրումը, սակայն 2001 թուականից ի վեր յաջորդական վարչակազմերի կողմից պարբերաբար շրջանցուել է։
Մասնակիցները նաեւ առաջ են մղել «ARMENIA Security Partnership Act» (H.R.6840) օրինագծի ընդունումը, որը նախագահին կ՚արգելի շրջանցել 907-րդ յօդուածը, մինչեւ Հայաստանի անվտանգութիւնն ու ապահովութիւնը երաշխաւորող որոշակի պահանջներ չկատարուեն։
Գործիչները Կոնգրեսում բարձրացրել են նաեւ Բաքւում աւելի քան 1000 օր ապօրինաբար պահուող եւ խոշտանգումների ենթարկուած 19 հայ ռազմագերիների ու պատանդների հարցը՝ կոչ անելով օրէնսդիրներին համահեղինակ դառնալ 2025 թուականի «Azerbaijan Sanctions Review Act» (H.R.5369) երկկուսակցական օրինագծին։ Այն նախատեսում է «Գլոբալ Մագնիտսկու» պատժամիջոցների կիրառման հարցի քննութիւն՝ մարդու իրաւունքների խախտումների, այդ թւում՝ հայ պատանդների ապօրինի կալանաւորման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտօնեաների եւ ուժային կառոյցների ներկայացուցիչների նկատմամբ։
Accountability | 2026
Կապիտոլիումում երկօրեայ աշխատանքն աւարտուել է «Accountability | 2026 – Artsakh: Justice. Freedom. Right of Return» խորագրով ընդունելութեամբ, որին մասնակցել են Կոնգրեսի շուրջ մէկ տասնեակ անդամներ, այդ թւում՝ Հայկական հարցերով Կոնգրեսական յանձնախմբի համանախագահ Դէյւիդ Վալադաոն եւ Բրեդ Շերմանը։ Նրանք աջակցութիւն են յայտնել հայ պատանդների ազատ արձակմանը եւ իրենց հայրենիքից տեղահանուած 150,000 արցախահայերի վերադարձի իրաւունքին։
Հայ Դատի Արևմտեան շրջանն իր խորին երախտագիտութիւնն է յայտնել Վաշինգտոն մեկնած բոլոր գործիչներին եւ այն համայնքներին, որոնք կանգնած են նրանց թիկունքին։











Մասնակիցները՝ իրենց փորձառութեան մասին
Էլիզ Յովհաննիսեան — Վայոմինգ
«ANCA-ի Advocacy Days-ին քրոջս հետ որպէս Վայոմինգի առաջին ներկայացուցիչ մասնակցելն ինձ համար առանձնայատուկ նշանակութիւն ունէր։ Հայ Դատն ինձ հնարաւորութիւն տուեց հանդիպելու Վայոմինգի կոնգրեսական պատուիրակութեան հետ եւ լսելի դարձնելու մեր փոքր նահանգի ամերիկահայերի ձայնը։ Հպարտ եմ, որ կարողացել եմ ներկայացնել իմ հայկական ժառանգութիւնն ու հայրենի Վայոմինգ նահանգը եւ յոյս ունեմ շարունակել աշխատել յանուն աւելի անվտանգ եւ հզօր Հայաստանի»։
Մայքլ Գրանատօ — Կալիֆորնիա
«Կալիֆորնիայից լինելով՝ ես ականատես եմ եղել ամերիկահայ համայնքի, յատկապէս Լոս Անջելեսի, ուժին եւ միասնականութեանը։ Advocacy Days-ն ինձ հնարաւորութիւն տուեց այդ համայնքային ոգին եւ նուիրումը հասցնելու Վաշինգտոն՝ ապահովելով, որ մեր ձայնը լսելի լինի Կապիտոլիումում։ Չափազանց նշանակալի էր ամբողջ երկրից ժամանած գործիչների կողքին պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակումը եւ Կոնգրեսին կոչ անել ապահովել 907-րդ յօդուածի լիարժէք կիրառումը»։
Ֆիլիպ Քանայեան — Հայ Դատի Տեխասի համանախագահ
«Շահերի պաշտպանութիւնը կարեւոր միջոց է մեր համայնքի համար նշանակութիւն ունեցող հարցերով օրէնսդիրների հետ աշխատելու համար։ Այն հնարաւորութիւն է տալիս Կոնգրեսի անդամների եւ նրանց աշխատակազմերի հետ քննարկել FREEDOM Support Act-ի 907-րդ յօդուածի կիրառումը, Արցախ վերադարձի իրաւունքը եւ Ադրբեջանի կառավարութեան կողմից ներկայումս պահուող պատանդների ազատ արձակումը»։
Նիկոլ Միքայէլեան — Տեխաս
«ANCA-ի Advocacy Days-ի միջոցով հնարաւորութիւն ունեցայ շփուելու ամբողջ երկրից ժամանած նպատակասլաց ամերիկահայերի հետ, ինչը յատկապէս իւրայատուկ փորձառութիւն էր Տեխասի փոքր համայնքից եկածիս համար։ Texas A&M-ի Հայ ուսանողական միութեան մի քանի ընկերներիս հետ գրասենեակից գրասենեակ էինք այցելում՝ պահանջելով 907-րդ յօդուածի լիարժէք կիրառումը եւ շեշտելով դրա կարեւորութիւնը Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու գործում»։
Գրեգ Յակոբեան — Վաշինգտոն
«Որպէս Վաշինգտոն նահանգի ամերիկահայ՝ ANCA-ի 2026 թուականի Advocacy Days-ին մասնակցելն ինձ համար կարեւոր է, որովհետեւ այն հնարաւորութիւն է տալիս մեր հաւաքական պատմութիւնն անմիջապէս հասցնելու քաղաքականութիւն ձեւաւորողներին։ Վաշինգտոնում մեր շահերը պաշտպանելը թոյլ է տալիս ցոյց տալ մեր համայնքի քաղաքական ուժն ու ներդրումը եւ ապահովել, որ մեր առաջնահերթութիւններն ու մտահոգութիւնները լսելի լինեն մեր ընտրուած ներկայացուցիչներին»։
Լէօ Աբրահամեան — Օրեգոն
«Սա ոչ միայն առանձնաշնորհեալ հնարաւորութիւն էր Վաշինգտոնը հաստատութենական մակարդակով ճանաչելու, այլեւ Հայ Դատի պաշտպանութեան աշխատանքն ինձ հնարաւորութիւն տուեց մի քանի օրուայ ընթացքում նորովի բացայայտելու իմ ժառանգութիւնը։ Կեանքիս ընթացքում բազմիցս վերաիմաստաւորել եմ, թէ ինձ համար ինչ է նշանակում հայ լինել, եւ այս փորձառութիւնն առայժմ դրա ամենաորոշակի արտայայտութիւնն էր»։
Արեգ Յարութիւնեան — Հիւսիսային Կալիֆորնիա
«Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանն ու Լոս Անջելեսը ներկայացնող գրասենեակների հետ հանդիպումները ցոյց տուեցին, թէ որքան շատ ամերիկահայեր են ապաւինում մեզանից մի քանիսին՝ իրենց ձայնը դաշնային մակարդակ հասցնելու համար։ Ամերիկայի տարբեր շրջանների գործիչներին կոչ կ՚անէի միանալ ANCA-ի Advocacy Days-ին։ Ամերիկահայութեան հարցերի վրայ ազդեցութիւն ունենալու աւելի լաւ միջոց դժուար է պատկերացնել»։
Աննա Քարդաշեան — Ալեասկա
«Advocacy Days-ն ինձ համար վերահաստատեց, որ աշխարհագրութիւնը չի որոշում մեր ձայնի ուժը։ Որքան էլ մեր համայնքները փոքր կամ հեռաւոր լինեն, մեծ արժէք ունի ընտրուած պաշտօնեաների հետ ուղղակիօրէն խօսելը՝ ապահովելու համար, որ ամերիկահայերի մտահոգութիւնները՝ Հայաստանի անվտանգութեան շարունակական աջակցութիւնից մինչեւ ադրբեջանական ագրեսիայի զոհերի համար արդարութեան ապահովումը, լսուեն եւ հաշուի առնուեն քաղաքական որոշումների կայացման գործընթացում»։
Սուրէն Սարգսեան — Կոլորադօ
«Քիչ բան կարելի է համեմատել այն ուժի հետ, երբ հայերը կազմակերպուած, մէկ նպատակով շարժւում են աշխարհի ամենահզօր մայրաքաղաքներից մէկի միջանցքներով եւ գրասենեակներով։ Այդ ուժը շօշափելի էր Կոնգրեսի միջանցքներում՝ մեր ռազմագերիների ազատ արձակման եւ 907-րդ յօդուածի կիրառման պահանջով։ Այդ ուժը Հայրենիքի կանչն է՝ անտեսանելի ձեռքը, որը երբեք չի դադարում աշխատել Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան, ապահովութեան եւ բարգաւաճման համար»։
Ջուլիանա Փանոսեան — Արիզոնա
«Մեծ պատիւ էր Կապիտոլիումում ներկայացնել Արիզոնայի իմ համայնքը։ Շատ գեղեցիկ էր տեսնել, թէ ինչպէս ամբողջ երկրից հայերը համախմբուել էին՝ պաշտպանելու մեր ժողովրդի շահերը եւ ձայն դառնալու ձայնազուրկների համար։ Շնորհակալ եմ, որ կարողացայ Արիզոնայից որպէս գործիչ մաս կազմել այս կարեւոր շարժմանը»։
