ՄԱԿ-ը աշխարհին կոչ է անում՝ դադարէք Աֆրիկան փոքր պատկերելուց

ՄԱԿ-ը աշխարհին կոչ է անում՝ դադարէք Աֆրիկան փոքր պատկերելուց

ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնութեամբ կողմ է քուէարկել՝ խրախուսելու աշխարհի կառավարութիւններին, դպրոցներին եւ տեխնոլոգիական ընկերութիւններին հրաժարուել այն քարտէզներից, որոնց վրայ Աֆրիկան իրականից շատ աւելի փոքր է երեւում։

Ուրբաթ 9/4/2026 — ՄԱԿ-ի անդամ պետութիւնները 164 կողմ եւ մէկ դէմ ձայնով ընդունեցին բանաձեւ, որը խրախուսում է մայրցամաքների իրական չափերն աւելի ճշգրիտ արտացոլող քարտէզագրական պրոյեկցիաների կիրառումը։ Սա աֆրիկեան երկրների գլխաւորած արշաւի արդիւնքն է՝ ընդդէմ 16-րդ դարում ստեղծուած Մերկատորի պրոյեկցիայի, որը մինչ օրս աշխարհում ամենատարածուած քարտէզագրական պրոյեկցիան է։

Միացեալ Նահանգները միակ երկիրն էր, որ դէմ քուէարկեց՝ նախաձեռնութիւնը բնութագրելով որպէս «արմատական գաղափարախօսական նախագծի» մաս։

Վեց երկիր՝ Էստոնիան, Վրաստանը, Լիտուան, Մոլդովան, Սերբիան եւ Ուկրաինան, ձեռնպահ մնացին։

Բանաձեւը չի արգելում Մերկատորի պրոյեկցիան եւ չի պարտադրում այն փոխարինել մէկ այլ տարբերակով։ Փոխարէնը՝ այն խրախուսում է կառավարութիւններին, դպրոցներին, միջազգային կազմակերպութիւններին եւ տեխնոլոգիական ընկերութիւններին, երբ կարեւոր է տարածքների յարաբերական չափը, օգտագործել «Հաւասար Երկիր» (Equal Earth) պրոյեկցիան եւ այսպէս կոչուած հաւասարամակերես այլ քարտէզներ, ինչպէս նաեւ ուսուցանել, թէ ինչ սահմանափակումներ ունի ցանկացած հարթ քարտէզ՝ գնդաձեւ մոլորակը պատկերելիս։

Առերեւոյթ զուտ տեխնիկական այս բանավէճի խորքում, սակայն, պատմութեան եւ ուժային յարաբերութիւնների մասին աւելի լայն հարց է ընկած. արդեօք 16-րդ դարում եւրոպացի նաւաստիների համար ստեղծուած քարտէզը սերունդների ընթացքում աղաւաղե՞լ է ոչ միայն աշխարհագրութիւնը, այլեւ մի ամբողջ՝ հսկայական ու բարդ մայրցամաքի վերաբերեալ պատկերացումները։

«Քարտէզները ձեւաւորում են աշխարհի մասին մեր ընկալումը»,— քուէարկութիւնից առաջ ասաց Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դիւսէյը։ «Դրանք ուղղորդում են կրթութիւնը, սնուցում երեւակայութիւնը եւ ազդում հաւաքական պատկերացումների վրայ»։

Փոքրացուած

Ֆլամանդացի քարտէզագիր Գերարդուս Մերկատորը 1569 թուականին մշակեց իր պրոյեկցիան՝ ծովային նաւագնացութեան գործնական խնդիր լուծելու նպատակով։ Քանի որ նրա քարտէզի վրայ ուղիղ գծերը համապատասխանում են կողմնացոյցով հաստատուն ուղղութիւններին, նաւաստիները կարող էին դրանց օգնութեամբ գծել իրենց երթուղիները։

Սակայն ուղղութիւնների ճշգրտութիւնը պահպանուեց տարածքների չափերի աղաւաղման գնով։ Որքան ցամաքային տարածքները հեռու են հասարակածից, այնքան աւելի մեծացուած են երեւում։

Օրինակ՝ Գրենլանդիան կարող է քարտէզի վրայ Աֆրիկային մօտ չափեր ունեցող տարածք թուալ, մինչդեռ իրականում Աֆրիկան մօտ 14 անգամ աւելի մեծ է։ Հիւսիսային Եւրոպան եւ Հիւսիսային Ամերիկան եւս նոյն կերպ չափազանց մեծ են պատկերւում՝ հասարակածային շրջանների համեմատ։

Չնայած Մերկատորի պրոյեկցիան ի սկզբանէ նախատեսուած էր նաւագնացութեան համար, այն մինչ օրս լայնօրէն կիրառւում է կրթական, լրատուական, թուային եւ պաշտօնական նիւթերում։ Բանաձեւում նշւում է, որ այդ աղաւաղումները նպաստել են Աֆրիկայի «խորհրդանշական նսեմացմանը» եւ ամրապնդել աշխարհի անհաւասարակշիռ ընկալումը։

«Արդար քարտէզ»

Աֆրիկեան խմբի անունից բանակցութիւնները գլխաւորել է Տոգոն՝ շարունակելով Աֆրիկեան միութեան աջակցութիւնը վայելող արշաւը։

Բանաձեւը նման աղաւաղումների շտկումը բնութագրում է որպէս «ճանաչողական արդարութեան եւ յիշողութեան հատուցման» քայլ եւ մատնանշում է 2018 թուականին մշակուած «Հաւասար Երկիր» պրոյեկցիան՝ որպէս տարածքների յարաբերական չափերն աւելի ճշգրիտ ներկայացնող տարբերակ։

Պարոն Դիւսէյն ընդգծեց, որ նախաձեռնութեան նպատակը Մերկատորի պրոյեկցիան դատապարտելը չէ. նա ընդունեց դրա օգտակարութիւնը նաւագնացութեան համար։ Նպատակ չէ նաեւ պարտադրել որեւէ մէկ պրոյեկցիա։

«Արդար քարտէզը չի փոխում աշխարհի աշխարհագրութիւնը. այն փոխում է աշխարհը տեսնելու մեր կերպը»,— ասաց նա։

Վաշինգտոնը առարկում է

Միացեալ Նահանգներն այս նախաձեռնութեան մէջ շատ աւելի քաղաքական բովանդակութիւն տեսան։

«Այս բանաձեւը ծաղրի է ենթարկում այս հաստատութեան աշխատանքն ու նպատակը»,— ասաց ԱՄՆ ներկայացուցիչը՝ պնդելով, որ քարտէզագրական համամասնութիւնները թարմացնելու անվնաս փորձ ներկայացուող նախաձեռնութիւնն իրականում մաս է կազմում «շատ աւելի լայն եւ արմատական գաղափարախօսական նախագծի»։

Ներկայացուցիչը մասնաւորապէս քննադատեց բանաձեւում հատուցումների եւ «ճանաչողական արդարութեան» մասին յղումները՝ նման նախաձեռնութիւններն անուանելով «մեր այստեղի աշխատանքի վրայ կպած խեցիներ եւ այն պատճառը, որի հետեւանքով այս հաստատութիւնը կորցնում է իր վստահելիութիւնը»։

Ֆրանսիան հակառակ ուղղութեամբ շարժուեց։ Քուէարկութիւնից մի քանի ժամ առաջ արտաքին գործերի նախարար Ժան-Նոէլ Բարոն յայտարարեց, որ Փարիզը ծրագրում է աշխարհի իր քարտէզներում հրաժարուել Մերկատորի պրոյեկցիայից՝ այդպիսով իր կառավարութեան դիրքորոշումը համապատասխանեցնելով Աֆրիկեան միութեան առաջ մղած աւելի լայն նախաձեռնութեանը։

Այս փոփոխութեան հետեւանքով Ֆրանսիան ինքը, ինչպէս նաեւ Միացեալ Նահանգներն ու Ռուսաստանը, հասարակածային երկրների համեմատ աւելի փոքր կերեւան։

Սա ցոյց է տալիս տասնամեակներ շարունակուող այս բանավէճի արտասովոր բնոյթը։ Հաւասարամակերես քարտէզները Աֆրիկան չեն մեծացնում. դրանք պարզապէս վերացնում են այն չափազանցութիւնը, որով Մերկատորի պրոյեկցիան պատկերում է բեւեռներին աւելի մօտ գտնուող ցամաքային տարածքները։

Սահմանների շուրջ առարկութիւն

Ուկրաինան յայտարարեց, որ աջակցում է Աֆրիկայի եւ Համաշխարհային հարաւի այլ շրջանների վերաբերեալ պատմական աղաւաղումները շտկելու ջանքերին, սակայն առարկում է այն եղանակին, որով «Հաւասար Երկիր» պրոյեկցիան կիրառող որոշ քարտէզներ պատկերում են Ռուսաստանի կողմից բռնագրաւուած ուկրաինական տարածքները։

Ուկրաինայի ներկայացուցիչը նախազգուշացրեց, որ առանց պատշաճ երաշխիքների այդ պրոյեկցիային աջակցելը կարող է «Պանդորայի արկղ» բացել՝ հնարաւորութիւն տալով քարտէզների միջոցով անորոշութիւն ստեղծել վիճելի տարածքների վերաբերեալ։

Եւրոպական միութիւնն աջակցեց բանաձեւին, սակայն նոյն մտահոգութեանն անդրադարձաւ նաեւ ինքը։

Միութեան անունից ելոյթ ունենալով՝ Իռլանդիան ընդգծեց, որ միջոցառումը վերաբերում է բացառապէս ցամաքային տարածքների յարաբերական չափերին եւ որեւէ կերպ չի առնչւում ինքնիշխանութեանը, տարածքների կարգավիճակին կամ միջազգայնօրէն ճանաչուած սահմաններին։

Միութիւնը նաեւ յայտարարեց, որ բանաձեւին իր աջակցութիւնը չի նշանակում «Հաւասար Երկիր» կայքում ցուցադրուած քարտէզների հաւանութիւն։

Անկատար պատկեր

Բանաձեւն ինքնին ընդունում է մի հիմնարար խնդիր, որը ոչ մի քուէարկութեամբ հնարաւոր չէ լուծել։ Ոչ մի պրոյեկցիա չի կարող Երկրի կոր մակերեւոյթը կատարելապէս վերարտադրել հարթութեան վրայ։ Իւրաքանչիւրը զոհաբերում է ինչ-որ բան՝ մակերեսը, ձեւը, հեռաւորութիւնը կամ ուղղութիւնը, եւ իւրաքանչիւրը յարմար է տարբեր նպատակների համար։

Բանաձեւը պարտադիր ուժ չունի, եւ Մերկատորի պրոյեկցիան չի անհետանալու գրադարանների պահոցներում՝ այլեւս երբեք չերեւալու համար։

Սակայն ուրբաթ օրուայ քուէարկութեամբ միջազգային հանրութիւնը գրեթէ միաձայն աջակցեց այն տեսակէտին, որը աֆրիկեան բազմաթիւ կառավարութիւններ վերջին տարիներին գնալով աւելի հետեւողականօրէն են առաջ մղում. քարտէզների վերաբերեալ մեր ընտրութիւնները կարող են ձեւաւորել այն, թէ սերունդներն ինչպէս են ընկալում աշխարհը։

Share